Հակառակ ծայրից ենք եկել, սկզբից պետք է լինի համակեցությունը, դիվանագիտական հարաբերություններ երկու երկրների միջև. Աշոտ Բլեյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը

– Պարո՛ն Բլեյան, Հայաստանի ներքին կյանքում տեղի ունեցողի վերաբերյալ եմ ձեր մեկնաբանությունը խնդրում։ Ադրբեջանը Տավուշի մարզից տարածքներ է պահանջում, ընդդիմադիրներն ասում են, որ իշխանությունը մեր հողերը հանձնում է թշնամուն, իշխանությունն էլ ասում է՝ այն, ինչ մերը չէ, չենք կարող պահել:

-Մեկ հարվածով սահմանների հարցը կարգավորելն այնքան էլ հեշտ գործ չէ, վտանգավոր գործ է, ու այդ վտանգը վերաբերում է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին։ Իմ գնահատմամբ՝ այստեղ գլխավորը համակեցության խնդիրն է, դրա համար էլ այդ խաղաղության պայմանագիր կոչվածն այնքան էլ լուրջ չեմ համարում մեր դեպքում։ 

Սահմանագծման աշխատանքը երկար ժամանակ պահանջող գործընթաց է։ Հողային կոչված վեճը չի բերի նոր պատերազմի, եթե հիմքում մենք դնում ենք միասին ապրելու պարտադրանքը, ու սա ենթադրում է, որ բոլոր պետությունները, որոնք շահագրգռված են, որ այս երկու ժողովուրդները չպատերազմեն, պետք է նպաստեն այդ համակեցությանը, ոչ թե հակառակը։ 

Ինձ թվում է՝ հակառակ ծայրից ենք եկել, վստահ եմ, որ սկզբից պետք է լինի համակեցությունը, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն երկու երկրների միջև։ Սա մոտեցում է, որ ես պաշտպանել եմ միշտ, դրա համար էլ ես չեմ օգտագործել «խաղաղություն» կամ այս տեսակ այլ բաներ, օգտագործել եմ «համակեցություն», այսինքն՝ միասին ապրելու պարտադրանք: Պարզվեց, որ Արցախը չէր, որ դրան խանգարում էր, հակառակը՝ Արցախն այդ համակեցության հաստատման համար շատ կարևոր, կներեք բառի համար՝ պոլիգոն էր ու մնում է այդպիսին, առանց Արցախի՝ դժվար եմ պատկերացնում այդ համակեցությունը։ 

Այսինքն՝ ուզում եմ ասել, որ Տավուշի 4 գյուղի հարց չէ դա, ընդհանուր մոտեցումն է սխալ, հակառակ դեպքում զոռբայի բան է դառնում՝ այն էլ այս կասկածանքի համընդհանուր մթնոլորտում, ո՞նց կարելի է գնալ նման քայլի: Ես ասում եմ՝ եկեք օրակարգ բերենք, օրակարգ դարձնենք համատեղ ապրելու պարտադրանքը։ 

Ակնհայտ է, չէ՞, որ հիմա կան Ադրբեջանի հսկողության տակ գտնվող հայկական հարյուրավոր քառակուսի կիլոմետր հողեր, որոնք չեն վերադարձվում, ես չեմ ասում, թող սկզբից դրանք տան, հետո էս անեն: Չէ՛, ես ասում եմ՝ այդ հարցը կարելի է թողնել երկրորդ պլան, առաջին պլան բերել դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, երկրորդ՝ շատ կարևոր հարցը՝ հումանիտար խնդիրների լուծումը, որի գլխավոր թիրախը պետք է լինի Բաքվում բանտարկված մարդկանց վերադարձը։ 

Դուք բարոյական կամ թույլատրելի՞ եք համարում, որ Արցախի քաղաքական-ռազմական հայտնի խումբը մեր աչքի առաջ նման բախտի է արժանացել։ Ո՞նց եք գնում բանակցության, նստում նրա առաջ, չէ՞ որ դա չէր կարելի թույլ տալ: Սա հումանիտար այն հարցն է, որը վերածվում է բարոյականի, կարմիր գիծ է քաշվում, որը չէր կարելի թույլ տալ անցնել, ու այստեղ այդ մարդկանց անձը չէ կարևոր։ 

Խաղաղության հոմանիշը համատեղ ապրելու պարտադրանքն է, ու տարածաշրջանի այդ երեք հզորները՝ Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը, նաև Արևմուտքը, պետք է լինեին այս պարտադրանքի ապահովողները, մնացածը՝ չեմ հասկացել, հիմա էլ չեմ հասկանում։ 

– Իշխանությունը մի կողմից հստակ արձանագրում է, որ Ադրբեջանն ամեն բան անում է, որ տապալի խաղաղության հասնելը, մյուս կողմից էլ նշում է, որ իրենք, չնայած դրան, հավատարիմ են մնալու խաղաղության հասնելու իրենց ծրագրին։

– Ես հենց դա եմ ասում, չեմ ուզում անդրադառնալ դրան, որովհետև այնքան կարմիր գծեր հայտարարվեցին, որոնք հետո ցնդեցին։ Բանաձև պետք է լինի, որ մարդկանց ներգրավի այդ գործում, որովհետև դա հայաստանցիներին վերաբերող հարց է, մարդը պետք է իր անելիքը տեսնի։ Մենք դիտո՞րդ ենք, ի՞նչ է, մենք ֆեյսբուքյան հետևորդնե՞ր ենք, ի՞նչ ենք։ Իրականում մեզ վերաբերող հարցերը լուծվում են մեր անգործությամբ կամ մեր անտարբերությամբ։ Դա շատ վտանգավոր է, որովհետև մենք այդպես ռեալ ներգրավված չենք գործի մեջ, որը, թվում է, թե առանց մեզ անել հնարավոր չէ, չէ՞ որ ամենամեծ ռեսուրսը իր հողում ապրող ինքնիշխան մարդը պետք է լիներ, բայց այդպես չէ։ 

Բա ո՞նց անենք, որ մարդը մասնակցի դրան, հիմա տավուշցին ի՞նչ անի, պատասխանատվությունն ո՞վ կվերցնի իր վրա։ Ես ասում եմ՝ սկզբից համակեցության հաստատում, այսինքն՝ բնականոն միջպետական հարաբերություն երկու անկախ պետությունների միջև, բայց դա չի նշանակում, թե հարցերը լուծված են: 

Ո՛չ, հարցերը, որոնք պետք է լուծվեն, արձանագրվում են, հետո հերթականությամբ փորձում լուծել, եթե այդպես չեն արվում, ուրեմն ինչ-որ մեկը, պարզ է թե ով, թելադրում է։ Բայց չի կարելի այդ ստրկացված, վիրավորված վիճակում պահել, դա ինչի՛ կբերի, այստեղից էլ հենց հասարակության այդ անգործությունն է դրսևորվում, դիտորդի այս կարգավիճակը, երբ ամենամեծ կորուստներից հետո էլ ոչ մի հեռանկար չի տեսնում։ 

– Ինչի՞ է դա բերելու, պարո՛ն Բլեյան։

– Գիտեք՝ ինչի՛ է բերելու, գուցե արդեն բերել է․ իր հողից կտրվելու, իր երեխայի ապագա կյանքը Հայաստանից դուրս տեսնելու։ Նույն արցախցիները եկան, ենթադրվում էր՝ ժամանակավոր, հետո պետք է հետ գնային իրենց տուն, որովհետև այդ դռները չէին էլ փակել, չէ՞, դա էր ենթադրում: Բայց հիմա կպարզվի, որ ինքն այստեղից հայացքն արդեն պետք է ուղղի ռուսաստաններ, որտեղ կան ինչ-որ բարեկամական կապեր։ 

Նույնն էլ վերաբերում է Հայաստանում ապրող մարդկանց, հայացքները դուրսն են։ Գյուղում ապրող մարդիկ, ընդ որում՝ ոչ միայն սահմանային գյուղերի, հայացքն ուղղել են ոչ միայն գյուղից, այլ նաև՝ երկրից դուրս։ Դրանից ավելի վտանգավոր ի՞նչ կարող է լինել, այսինքն՝ այն մարդը, որ պետք է շենացներ այս հողը, գնում է, անգործության է մատնված։ 

Մեր աչքի առաջ ծառերի այդ վայրենի հատումը. գոնե հարյուր հազար մարդ չգտնվեց, որ գնա ձեռքը բռնի՝ անկախ ամեն ինչից, բռնի ձեռքն ու ասի՝ բացատրեք, իրար հասկանանք։ Դուք ասում եք՝ ինչի՞ կբերի, ամենավատ բանին՝ օտարում քո երկրից, ավելի վատ էլ ի՞նչ կարող է լինել, այն էլ հիմա, երբ երկիրդ՝ այդքան վերքերով, հենց մարդկանց կողմից բուժվելու կարիքն ունի։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am