Առաջին անգամ Հայաստանը հայտնվել է այն երկրների ցանկում, որոնք օգտագործում են լրտեսական ծրագրեր․ Սամվել Մարտիրոսյան

Առաջին անգամ Հայաստանը որպես պետություն անմիջականորեն հայտնվել է այն երկների ցանկում, որոնք օգտագործում են լրտեսական ծրագրեր՝ ներքին դաշտում մարդկանց հեռախոսները վարակելու և լրտեսելու համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ թիրախում քաղաքական գործիչներ են և մեդիայի հետ առնչվող մարդիկ։

«Հայտնաբերվել է Մետայի – Ֆեյսբուքի և Սիթիզենլաբի կողմից։ Օգտագործվել է մակեդոնական Cytrox ֆիրմայի արտադրության լրտեսական սոֆտը՝ Անդրոյիդ և այֆոնների համար։ Մանրամասն ուսումնասիրությունները կարող եք գտնել այստեղ։ Ավելի մանրամասն, թե ում են վարակել, ես տեղյակ չեմ։ Վարակումը գնացել է կեղծ հղումներով, որոնք նմանակել են իրական կայքեր, օրինակ՝ youtu-be[.]net։ Վարակումը տարածվել է SMS-ների և մեսենջերներից ուղարկած հաղորդագրությունների միջոցով»,- գրել է Մարտիրոսյանը։