«Այս ամենն ինձ հիշեցնում է Քոչարյանի վաբանկ գնալու մասին, նրան շատ դաժան հիասթափություն է սպասում». Ռուբեն Մեհրաբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը

– Պարո՛ն Մեհրաբյան, Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ վերադառնում է մեծ քաղաքականություն։ Ի՞նչ զարգացումներ կարող են լինել, ինչո՞ւ է այս փուլում նման հայտարարություն արվում։

– Դժվար է ասել՝ Քոչարյանը կշարունակի մասնակցությունը քաղաքականությանը հետագայում, բայց առաջին հերթին պետք է ուշադրություն հրավիրել հետևյալ հանգամանքի վրա։ 

Ամբաստանյալ Քոչարյանն իր նկատմամբ այս դատական գործընթացը կառուցում է այն հանգամանքի վրա, որ իբր ինքը քաղաքական գործիչ է, իբր զբաղվում է քաղաքականությամբ, իբր դրա համար ինքը պատժվում է։ 

Պատկերն ամբողջացնելու համար նա հիմա խոսում է ինչ-որ բաներ, որպեսզի այս կռվանները ամբողջանան։ Դա անում է հետագայի համար։

Ռոբերտ Քոչարյանը քաղաքական գործիչ չէ, նա քաղաքական չէ որևէ կերպ։ Եվ այն, ինչ ասում է, ընդամենը պատկերն ամբողջացնելու համար է ասում։

Նա ասում է. «Մարդիկ ճաշակել են պոպուլիզմի պտուղները, ճաշակել են գունավոր հեղափոխությունների և անփորձ մարդկանց աշխատանքի արդյունքները։ Եվ հիմա միանգամայն այլ կերպարների, այլ թիմերի կարիք կա»։

– Դա հենց իր հավակնությունների դրսևորումն է։

– Եթե անդրադառնանք հասարակությանը, մարդիկ կընդունե՞ն Քոչարյանին։

– Քոչարյանն այս ամենն ասելով՝ վերջինն է մտածում մարդկանց տեսակետի մասին։ Քոչարյանը, բացարձակապես չլինելով քաղաքական կերպար, երբ խոսում է ընտրություններին մասնակցելու և այլնի մասին, հույսը դնում է ինչ-ինչ ոչ ընտրական մեխանիզմների ու լծակների վրա։ Եվ նույնիսկ երկրից դուրս գտնվող ինչ-ինչ գործոնների հետ է հույս կապում։ 

Բայց այս ամենն ինձ հիշեցնում է Քոչարյանի վաբանկ գնալու մասին։ Եթե Քոչարյանն այս աստիճան իրականության զգացումը կորցրած մարդ է և եթե նա ասում է այն, ինչ իրականում իր մտքին կա, նրան շատ դաժան հիասթափություն է սպասում։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am