«Ազատության» հրապարակում ավարտվեց «ժառանգություն» կուսակցության հիմնադիր-նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած բազմամարդ հանրահավաքը:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի ընդունում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները` համարելով ընտրությունները կեղծված, իսկ իրեն` ընտրված նախագահ:
ԿԸՀ հանձնաժողովի ամփոփած նախնական տվյալների համաձայն, Հայաստանի բոլոր` 1988 ընտրատեղամասերից ստացված տվյալների համաձայն, գործող նախագահ ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանն վերընտրվել է` ստանալով քվեների 58,64 տոկոսը: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը քվեների 36,75 տոկոսով երկրորդն է:
Այժմ հրապարակում երաժշտություն է հնչում, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ գիշերելու են Ազատության հրապարակում, եւ սպասելու են վաղը «որքան պետք է» նախագահ Սերժ Սարգսյանին:
«Իրեն հանդիպենք եւ իշխանության փոխանցման արարողությունն անենք հենց այստեղ` Ազատության հրապարակում»,-հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Եթե կան բանակցելու խնդիրներ, թյուր ըմբռնումներ, փոխադարձ պահանջներ, մենք դա կանենք հենց այստեղ, հրապարակավ ձեր աչքի առաջ»,-ասել է նա:
«Այսօր ոչ մեկը չի ենթարկվում որեւէ սադրանքի, ոչ մի կռիվ, ոչ մի անարգանք: Ազատ խոսք, թող բանավեճ լինի, հանդարտություն, խաղաղություն»,-ներկաներին ասեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Մենք պիտի մնանք այստեղ, մինչեւ հաղթանակ Հայաստանի»,-հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Բարի գիշեր մաղթելով, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ գիշերելու է Ազատության հրապարակում:
© Medialab.am