Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 18-ի երեկոյան հեռուստաուղերձով դիմել է երկրի քաղաքացիներին՝ անդրադառնալով նախորդ օրը Ֆրանսիայի տարբեր քաղաքներում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին, հրկիզումներին ու թալանին։
Ինչպես հաղորդում է Le Figaro-ն, Մակրոնը դատապարտել է բռնությունները և հայտարարել, որ դրանց պատասխանատուները պետք է փոխհատուցեն պատճառված վնասները։
«Այս երեկո դիմում եմ ձեզ ծայրահեղ լուրջ իրավիճակում։ Երեկ՝ շաբաթ՝ հոկտեմբերի 17-ին, ծայրահեղ ձախակողմյան փոքր խմբավորումներից դուրս եկած խռովարարները, որոնց միացել էին բազմաթիվ իրավախախտներ, թալանել են խանութներ, ավերվել են հանրային շենքեր։ Ինչո՞ւ հրկիզել Լիմոժի քաղաքապետարանը։ Ինչպե՞ս կարող էին նրանք հասնել դրան։ Ոչինչ դա չի բացատրում, ոչինչ դա չի արդարացնում։ Մենք բոլորս զայրույթ և ամոթ ենք զգում»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնը աջակցություն է հայտնել իրավապահներին և անկարգությունների հետևանքով տուժած առևտրականներին՝ ընդգծելով, որ տեղի ունեցածը չի մնա անպատիժ։
«Երեկ իրավապահները, չնայած իրենց պրոֆեսիոնալիզմին, ենթարկվել են աննախադեպ բռնության։ Ես կառավարությանը հանձնարարել եմ դրանից անհրաժեշտ բոլոր հետևությունները կատարել հետախուզական տեղեկատվության հավաքագրման և վերլուծության առումով։ Ամեն ինչ լիովին թափանցիկ կլինի։ Հետաքննությունները կիրականացվեն առավելագույն խստությամբ»,- ասել է նա։
«Մեր դատավորներն արդարադատություն են իրականացնում ձեր անունից և գիտեն, թե ինչ եք դուք ակնկալում։ Նրանք, ովքեր ավերածություններ են իրականացրել, պետք է վճարեն։ Նրանք, ովքեր փորձել են տապալել Հանրապետությունը, պետք է պատասխան տան դրա համար»,- ընդգծել է Մակրոնը։
Միաժամանակ Ֆրանսիայի նախագահն անդրադարձել է բողոքի ցույցերի հիմքում ընկած սոցիալական խնդիրներին, մասնավորապես՝ էներգակիրների գներին և երիտասարդների դժգոհություններին։
«Ես միջազգային մակարդակում մի շարք միջոցներ եմ ձեռնարկել մեր էներգամատակարարումներն ապահովելու համար։ Այդ ջանքերը պետք է արտացոլվեն գների վրա։ Գիտեմ, որ ֆրանսիացիները կոնկրետ արդյունքներ են սպասում»,- ասել է նա։
Խոսելով երիտասարդների մտահոգություններից՝ Մակրոնը հայտարարել է.
«Մեր երիտասարդությունը խոր անհանգստություն է զգում իր ապագայի և հասարակության մեջ իր տեղը գտնելու հնարավորության վերաբերյալ։ Ես հասկանում եմ մեր ավագ դպրոցի աշակերտներին և ուսանողներին, և նրանք իմ հանրային գործունեության կենտրոնում են։ Նրանց ձայնը պետք է լսելի լինի։ Մեր պատասխանատվությունը երկակի է՝ լսել զայրույթը և միաժամանակ վճռականորեն ապահովել հանրապետական կարգի պահպանումը»։
Հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայում կյանքի թանկացման, կրթական համակարգի խնդիրների և հանրային ծառայությունների վատթարացման դեմ կազմակերպված զանգվածային ցույցերը մի շարք քաղաքներում վերածվել էին բռնի բախումների։ Ցուցարարների մի մասը հրկիզել էր մեքենաներ և պետական շենքեր, թալանել խանութներ։
Առավել ծանր միջադեպերից մեկը գրանցվել էր Լիմոժ քաղաքում, որտեղ հրկիզվել էր 19-րդ դարում կառուցված քաղաքապետարանի պատմական շենքը։ Հրդեհի հետևանքով փլուզվել էր տանիքի մի մասը, շենքը մեծապես ավերվել էր։
Ըստ Reuters-ի՝ հոկտեմբերի 18-ի տվյալներով՝ անկարգությունների հետևանքով ձերբակալվել է ավելի քան 2000 մարդ, վիրավորվել են հարյուրավոր ոստիկաններ, արձանագրվել է մեկ զոհ։
Ֆրանսիայի իշխանությունները բռնությունների կազմակերպման մեջ մեղադրում են ծայրահեղ ձախակողմյան խմբավորումներին և հանցավոր տարրերին։ Միաժամանակ ընդդիմության ներկայացուցիչները քննադատում են կառավարության գործողությունները՝ պնդելով, որ իշխանությունները չեն կարողացել կանխել բռնությունների տարածումը։
















