«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը
– Տիկի՛ն Կարապետյանց, Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում անդրադարձել է դատական համակարգին, նշել, որ հավատում է անկախ դատական համակարգին, բայց, որքան հասկանում է, Հայաստանում կան դատավորներ, որոնք չեն հավատում անկախ դատական համակարգին, բայց սա իրենց չի հուսահատեցնելու, իրենք գնալու են առաջ: Ընդամենը մեկ ու կես ամիս առաջ՝ մարտի մեկին, էլ Փաշինյանը հայտարարում էր թավիշին վերջ դնելու մասին: Ընտրությունների նախաշեմին հերթական խոստումնե՞րն էին տրվում ԱԺ ամբիոնից:
– Այն, ինչ պետք է արվեր երեք տարվա կտրվածքով ու չարվեց, հիմա ընտրություններից առաջ կամ ընտրություններից հետո ինքն ի՛նչ է անելու, ինձ այլևս հետաքրքիր չէ, որովհետև երբ դու ունես բացարձակ լեգիտիմություն և հեղափոխությամբ տրված հնարավորություն, որը, իմ խորին համոզմամբ, լինելու է լավագույն տարբերակով տասը տարուց ոչ շուտ, հիմա այլևս որևէ խոստում ինձ համար հիմնավոր չէ:
– Փաշինյանն ասում է, թե չեն ուզում ուրիշի խամաճիկային դատական համակարգը փոխարինել իրենց խամաճիկային դատարանով: «Եթե 2018-ին ցանկանայինք հսկողության տակ վերցնել դատական համակարգը, մեզնից ջանք չէր պահանջվի, մենք կդառնայինք այնպիսին, ինչի դեմ պայքարում էինք»,- հավելել է Փաշինյանը: Նման վտանգ կա՞ր արդյոք:
– Անկեղծ ասած, չեմ հասկանում՝ գործող իշխանությունն ընկալմա՞ն խնդիր ունի, թե՞ մանիպուլյացիաներ է անում, որովհետև որևէ մեկը չի խոսել խամաճիկային դատարանի մասին, և որևէ մեկս չենք ուզում խամաճիկային դատարան, այդ թվում նաև` դատական համակարգում դատավորների մեջ եղած առողջ ուժերն իրենք էլ չեն ուզում այդպիսի կարգավիճակ:
Հետևաբար, այն միտքը, որ կա՛մ խամաճիկային պետք է լիներ, կա՛մ ոչ մի բան թող չլիներ, հիմարության գագաթնակետն է, և ես հոգնել եմ նման պատճառաբանություններ լսելուց:
Այդ նույն բանն է, որ մենք պահանջում ենք անցումային արդարադատություն, մեզ ասում են, որ վենդետա չի լինելու: Բայց վենդետայի մասին ո՞վ է խոսել, բացի իրենից: Իհարկե, մենք թույլ չէինք էլ տա, որ իրենք վենդետա իրականացնեն: Բայց այս ամենն արդեն այնքան անլուրջ և անտրամաբանական է:
Եվ այսպիսի շանս պետությանը տրվում է հարյուր տարին մեկ անգամ: Այնպես որ, թող այլևս չխաղան մարդկանց զգացմունքների և նյարդերի հետ:
– Կարծում եք՝ ընտրություններից առաջ են փորձում նման հայտարարություննե՞ր անել:
– Կարծում եմ՝ այո՛: Եվ այն կորցրած ձայները, մարդիկ, որոնք հուսահատված են և դեռ նվազագույն հավատ ունեն, որ այս իշխանությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը կկարողանան ինչ-որ բան փոխել, որովհետև շատ ազնիվ մարդ է` իրենց կարծիքով, այդ ձայները ստանալու հնարավորություն կա: Բայց եթե դու բաց ես թողել 30 տարին մեկ տրվող հնարավորությունը, դու այլևս խոստումներ տալու բարոյական իրավունք չունես:
– Ի՞նչ եք կարծում, հանրության արձագանքն ինչպիսի՞ն կլինի, կհավատա՞ն:
– Ցավոք սրտի, կա մարդկանց մի խումբ, որ դեռ ենթադրում է, որ ՀՀ քաղաքացին ունի երկու ընտրություն. կա՛մ այն ստոր, գող, ավազակ, մարդասպան հանցավոր ռեժիմը, կա՛մ այս իշխանությունը, որը պատուհասներ է բերում իրար հետևից, և շանսեր է, որ տապալում է իրար հետևից:
Եվ այս ընտրության միջև նա փորձելու է ընտրել չարյաց փոքրագույնը: Բայց ես կարծում եմ, որ եթե ՀՀ քաղաքացին մի փոքր փորձի մտածել, կտեսնի, որ կան ուժեր, որոնց կարելի է սատարել:
-Տիկին Կարապետյանց, ինչպե՞ս եք գնահատու երեկ Նիկոլ Փաշինայնի ելույթից հետո՝ Հայաստանում ապագա կա, Արցախում ապագա կա, հայ ժողովուրդն ունի ապագա, և մենք միասին կերտելու ենք ազատ, երջանիկ և հզոր այդ ապագան իմքայլական պատգամավորները հոտնկայս ծափահարեցին։
-Ես եթերային համարժեք բառեր չեմ գտնում այդ գործողությանը գնահատական տալու, որովհետև ակնհայտ է, որ խոսքը գաղափարին չէր վերաբերում։ Չեմ էլ ուզում քննարկել, ձգտում եմ չնայել, դա այլևս արդիական չէ, նրանք մեկ օր շուտ պետք է հասկանան և հեռանան։
– Փաշինյանը նաև ասում է, որ ներդրումներ չեն լինի, քանի դեռ այս դատական համակարգն է:
– Զարմանում եմ, որ երեք տարի հետո նոր է գլխի ընկել, որ եթե այս դատական համակարգը ունեցանք, անգամ ներդրումներ չենք ունենա: Եթե հիշեք, այս երեք տարվա ընթացքում լրիվ ուրիշ հեքիաթներ էին պատմում, լրիվ ուրիշ մանիպուլյացիայի մեջ էին։
Ես և իմ գործընկերները ասում էինք, որ եթե չկա դատական համակարգ, արագ աշխատող, օբյեկտիվ և թափանցիկ դատական համակարգ, և գործում է այն դատական համակարգը, որի սեփականատերը կամ ներդրողը տասը տարի շարունակ պայքարում է իր սեփականության համար, որևէ ողջամիտ ներդրող Հայաստան չի գալու, որովհետև նա պետք է վստահ լինի, որ կա համակարգ, որը բացի խոստումներից և երդումներից, նաև պետական ինստիտուտի մակարդակով պաշտպանելու է իրեն որպես ներդրողի: Եվ, այո՛, ներդրողներ չեն գալու:
Դատական համակարգի բարեփոխումը բոլոր մակարդակներում ճիշտ աշխատանքի երաշխիքն է՝ սկսած ոստիկան-քննիչ-դատախազ-դատավորից, վերջացրած ժեկի պետից մինչև նախագահ, բոլորը մի քանի անգամ մտածելու են՝ արժի՞ հանցանք անել, թե՞ ոչ, որովհետև ունենալու ենք դատական համակարգ, որը կանխելու է այդ բոլոր հանցագործությունները, վերականգնելու է սեփականատերերի իրավունքները:
Մենք այդքանը չկարողացանք բացատրել այդ անմեղսունակ քաղաքական ուժին, որտեղ կային մարդիկ, որոնք մասնագիտությամբ իրավաբան էին, քաղհասարակությունից էին, որոնք գիտեին՝ որտե՛ղ է խնդիրը, բայց գնացին իրենց քաղաքական հետաքրքրությունների հետևից և խիզախություն չունեցան անել այն, ինչ դատապարտել էին տասնյակ տարիներ:
Այնպես որ, այս քաղաքական ուժը նվազագույն բարոյականություն ունենալու դեպքում չէր շարունակի պայքարը, կընդուներ սխալը, կհեռանար, ներողություն կխնդրեր և մարդա մի բանով կզբաղվեր, կաղամբ և լոլիկ կցաներ և ավելի շատ օգուտ կբերեր մեր երկրին, քան խորհրդարանում նստելով և բոլորիս նյարդերը քայքայելով:
Մանե Հարությունյան
MediaLab.am