«Այս իրավիճակում, ցավալի է, որ հենց Արցախի նախագահն է ներքաղաքական ինտրիգներ հյուսում»․ Մետաքսե Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը

– Տիկի՛ն Հակոբյան, երկու ամսից ավելի է՝ Արցախը շարունակում է շրջափակված մնալ, ի՞նչ իրավիճակ ու տրամադրություններ են այդտեղ։

– Արցախում իրավիճակն օր օրի ավելի վատ է դառնում։ Մի կողմ եմ թողնելու կենցաղ, սնունդ և այլն, հիմա առաջնահերթ է առողջապահության ոլորտը, որովհետև մենք այսօր մեծ խնդիրներ ունենք հենց այդ ոլորտում, բժշկական ծառայությունները դադարեցված են, ու այն միջամտությունները, որոնք մարդկանց թույլ էին տալիս իրենց հիվանդություններից ազատվել, հիմա մարդիկ զրկված են այդ հնարավորությունից, իսկ Կարմիր խաչի օգնությամբ տեղափոխվող հիվանդները չեն կարող հարցի լուծում դառնալ, որովհետև արդեն իսկ հարյուրավոր մարդիկ շատ ծանր վիճակում են գտնվում։

Երկրորդ կարևորագույն խնդիրը, որի հետ կարծես թե բոլորը համակերպվել են, այն է, որ երեխաներն ուղղակի կրթություն չեն ստանում։ Այսօր դպրոց են հաճախում միայն ավարտական դասարանների աշակերտները, իսկ մյուս երեխաները տներում նստած են, զրկված նաև համացանցի հնարավորությունից, քանի որ հովհարային անջատումների պատճառով չեն կարողանում հեռավար դասապրոցես անցկացնել։

Ստացվում է, որ մենք կունենանք մի սերունդ, որը կրթություն չի ունենա, իսկ դա որևէ մեկին չի հետաքրքրում։

Երրորդ լրջագույն խնդիրն է մարդկանց տեղաշարժը, որը սահմանափակված է՝ կապված գազամատակարարման դադարեցման ու վառելիքի բացակայության հետ։ Կենցաղի այս խնդիրները մարդիկ փորձում են մի կերպ հաղթահարել:

Տրամադրությունների մասին, թերևս, ճիշտ կլինի լռեմ, իհարկե պայքարի տրամադրությունը որևէ կերպ չի նահանջել, բայց, միևնույն է՝ մարդկանց շրջանում անհանգստությունը շատ մեծ է։ Մարդիկ անհանգիստ են, թե ի վերջո ի՞նչ է լինելու, այս զրկանքներով տարված պայքարի արդյունքը լինելո՞ւ է այնպիսին, որ չվտանգի Արցախն ու Հայաստանը, թե՞, ինչպես 44-օրյայի ժամանակ, թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի իշխանությունները գործելու են ժողովրդից թաքուն ու մեջքից հարվածեն։ Սրա հետ կապված է, որ մարդիկ լարված են ու մտահոգ։

– Դուք, գոնե շփումների մասով, իշխանություններին մոտ կանգնած մարդ եք, ձեզ համար արդյոք պա՞րզ է, թե հանուն ինչի՛ են այս զրկանքները, որոնց միջով անցնում է արցախահայությունը։

– Մեզ համար տեսանելի են և՛ ելքերը, և՛ ոչ մեր պատկերացրած վերջնարդյունքը. ինչո՞ւ, որովհետև Արցախում ներքաղաքական շատ լարված մթնոլորտ է, ու այդ իրավիճակը, ցավոք սրտի, ստեղծում է հենց երկրի նախագահը։ Մի կողմից՝ միասնական լինելու իր այդ կեղծ հայտարարությունները, այն դեպքում, երբ ընդդիմությունը առաջինն է հանդես եկել այդ առաջարկով ու մինչ օրս պահում է այդ միասնականությունը, բայց, չգիտես ինչու, այդ միասնականությունը խախտում է հենց երկրի նախագահը։ Ես ինչո՞ւ չեմ ասում իշխանությունը, որովհետև, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում որոշումներ կայացնողը մեկ անձ է։

Առողջ քաղաքական ուժերը բազմաթիվ առաջարկներ են անում, բազմաթիվ ելքի ճանապարհներ են ցույց տալիս, որոնք իրատեսական են, որոնք քննարկվում են հենց նախագահին կից, բայց, չգիտես ինչու, դրանց հակառակ որոշումներ ընդունում է հենց նախագահը։ Արցախի նախագահը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ինքն ունակ չէ երկիր ղեկավարելու, առավելևս՝ Արցախի իրավիճակում գտնվող երկիր։

Փաստ՝ վերջին օրերին կատարվող այդ քաղաքական ինտրիգները: Դրանք հենց ինտրիգներ կկոչեմ, որովհետև այլ բառ չկա, որով կարելի է բնորոշել Հարությունյանի ստեղծած իրավիճակը, մասնավորապես, կադրային շարունակվող այս անընդհատ փոփոխությունները, որի հետևանքով չգիտենք՝ որ կառույցում ով է պատասխանատու, օրինակ՝ Անվտանգության խորհրդի արդեն երեք քարտուղար է նշանակել այս կարճ ժամանակահատվածում։ Ես արդեն հաշիվը կորցրել եմ, թե քանի անգամ է նա կառավարության կազմ փոխել, այն դեպքում, երբ բազմիցս առաջարկել ենք ունենալ երկրի կառավարման ռազմավարություն, գոնե կարճաժամկետ, առ այսօր այդ առաջարկը օդում է մնում։

– Միտումնավո՞ր է նման իրավիճակ ստեղծում, տիկի՛ն Հակոբյան։

– Այո՛, սա պատահական չի արվում, սա տեխնոլոգիա է, ու նաև կեղծ թեզեր է շրջանառում, որ եթե ուշադիր լինեք՝ կնկատեք, որ շատ նման են Նիկոլ Փաշինյանի կողմից կիրառվող թեզերին։ 2018-ին, երբ Նիկոկ Փաշինյանը հայտարարեց, որ «կա՛մ ինքը կդառնա վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա», նույն կերպ հիմա իրեն պահում է Արայիկ Հարությունյանը։

Վերջերս շատ ակտիվ հանդիպումներ է ունենում․ բոլորի հետ հանդիպում է, բայց այդպես էլ հարկ չի համարել հանդիպել խորհրդարանում, հասկանալով, որ սա այն հարթակը չէ, որտեղ կկարողանա մանիպուլացնել կամ ինտրիգներ հյուսել, բայց ակտիվ հանդիպում է ինչ-որ շրջանակների հետ, որտեղ ասում է, որ իրեն դրսից են ասում, որ կա՛մ ինքը պետք է լինի, կա՛մ որևէ այլ անձ չի կարող Արցախի ղեկավար լինել։

Հաջորդ կեղծ թեզը, որ ինքը շրջանառում է, այն է, թե պետք է զոհենք պետնախարարին, որպեսզի կարողանանք բաց միջանցք ունենալ։ Սրանք իհարկե իրականությանը չեն համապատասխանում, բայց այս թեզերով կարողանում է մանիպուլացնել հասարակությանը ու ջրեր պղտորել, ու անհասկանալի է դեռևս, թե ինչ անձնական խնդիրներ է լուծում նա, ընթացքում դա էլ ակնհայտ կդառնա։

– Ռուբեն Վարդանյանի հետ Արայիկ Հարությունյանը խնդիրնե՞ր ունի։

– Չեմ կարող ասել՝ անձնակա՞ն են այդ խնդիրները, թե՞ դրսից են պարտադրված, բայց արդեն ակնհայտ է, որ կան այդ խնդիրները, որովհետև որոշ ժամանակ առաջ պետնախարարի գրառումը, թե ինքը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել, պատահական չէր, այսինքն՝ ակնհայտ էր, որ կան ճնշումներ նրա հրաժարականի մասով։

– Տիկի՛ն Հակոբյան, իսկ դուք տեղյակ եք՝ Արայիկ Հարությունյանն ու Ռուբեն Վարդանյանը իսկապե՞ս մեկնել էին Մոսկվա։ Երբ Հարությունյանն ասում է, թե իրեն «դրսից են ասում»՝ նկատի ունի Ռուսաստա՞նը։

– Պաշտոնական որևէ հաստատում կամ հերքում չտվեցին։ Բայց այս շրջանում, կրկնում եմ՝ Արայիկ Հարությունյանը ակտիվ հանդիպումներ է անցկացնում, ու քանի որ Արցախն այնքան էլ մեծ չէ, տեղեկանում ենք, թե այդ հանդիպումների ժամանակ նա ինչ է խոսում։ Երբ ինքը անընդհատ ասում է՝ դրսից, այո՛, հստակեցնում է, որ Ռուսաստանից են ասում, մնում է ենթադրել, որ, այո՛, նա եղել է Մոսկվայում։

Բայց սա առաջին դեպքը չէ, որ Արայիկ Հարությունյանը դիմում է նման քայլի, թե իբր դրսում, մասնավորապես՝ Ռուսաստանում միայն իրեն են տեսնում Արցախի ղեկավարի դերում։ Սա հնարավոր էլ չէ ճշտել, որվհետև ինքը չի մասնավորեցնում, թե Ռուսաստանն ո՞վ է։ Հակված ենք չհավատալու Արայիկ Հարությունյանին՝ հաշվի առնելով նրա այս տարիների գործելաոճը։

– Այս քաղաքական՝ ձեր ասած ինտրիգների հետևանքները որո՞նք են լինելու այս վիճակում հայտնված Արցախի համար։

– Ներքաղաքական ինտրիգները երբեք չեն կարող լավ բանի բերել, այն էլ՝ այս վիճակում գտնվող երկրին։ Արցախին իրականում այսօր օդ ու ջրի պես պետք է քաղաքական միասնություն, ինչը հաջողվում է դեռ պահել շնորհիվ նրա, որ ընդդիմությունը չի տրվում Արայիկ Հարությունյանի մանիպուլյացիաներին։

Արայիկ Հարությունյանի միանձնյա որոշումներն ուղղակի անկայուն իրավիճակ են ստեղծում Արցախում, ու միակ բանը, որ չի թողնում իրավիճակը վերածվի քաոսի, ընդդիմության զգոնությունն է, որ չի տրվում զգացմունքներին։ Սա նախևառաջ ժամանակի կորուստ է՝ ի վնաս Արցախի։

Սրանից մեկ բան կարելի է ենթադրել, որ կա՛մ Արայիկ Հարությունյանը իսկապես չի գիտակցում իրավիճակի լրջությունը, կա՛մ համագործակցում է Նիկոլ Փաշինյանի հետ։ Իսկ վերջինիս քաղաքականությունը, հատկապես վերջին օրերի, վառ ապացույցն է նրա, որ Հայաստանի իշխանությունները գնում են Արցախի հանձնման ճանապարհով ու խաղաղության պայմանագրի՝ Արևմուտքի առաջարկած տարբերակով, որքան էլ նրանք սա հերքեն, այնուամենայնիվ, նրանց գործելաոճը սա է փաստում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am