Պետք է մտածես ոչ միայն հարկերը հավաքելու մասին, այլև, թե քո որոշումներն շղթայական ի՛նչ սոցիալական էֆեկտներ կարող է ունենալ. Բաբկեն Պիպոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը 

– Պարո՛ն Պիպոյան, վերջին օրերին գործադիրի ղեկավարը շատ է խոսում ՀՀ քաղաքացիներին հարկելու մասին, սա, իհարկե քննադատվեց, քննարկվեց, բայց ավելի շատ հումորային դաշտում էին այդ քննադատություններն ու քննարկումները։ Ուզում եմ վերանանք այդ դաշտից ու ավելի հստակորեն ներկայացնեք, թե հարկային վարչարարությունն ինչպե՞ս ու ո՞ր դեպքում է ճիշտ իրականացնել։

– Պետության կողմից հարկային վարչարարություն իրականացնելը նորմալ գործընթաց է, ավելին ասեմ՝ ամեն անգամ, երբ ինչ-որ հարկի մասին է խոսվում, կա այդ հարկի հետ կապված իրական բովանդակային քննարկում և պոպուլիստական քննարկում, որոնք իրարից էականորեն տարբերվում են։ 

Պայմանական՝ երբ մենք քննարկում ենք ինչ-որ ակցիզային հարկ, դա սպառողական հարկ է, պետք է հասկանանք՝ բարձր ակցիզային հարկը գնի, որակի ու ինչ-որ ապրանքի ենթակառուցվածքի ի՛նչ փոփոխություն կարող է բերել, ու այդ հարթության մեջ քննարկենք: Այսինքն՝ հարկերի քննարկման հարցը չի կարելի դիտարկել «վա՜յ, ինչո՞ւ եք հարկում» փիլիսոփայության ու հոգեբանության տրամաբանության մեջ։ 

Հիմա գամ բուն գործընթացին․ սկսեմ հանրային արձագանքներից, թե ինչո՛ւ ենք մենք այդպես արձագանքում, որովհետև, ըստ էության, հարկի գանձման հետ կապված կառավարության քննարկումներն այնքան անլուրջ հարթության մեջ են, որ դրանք հետագայում բովանդակային հարթության մեջ քննարկելը պարզապես դառնում է դժվար։ 

Երբ դու, պայմանական եմ ասում, երգչին հարկելու հարցը դարձնում ես օդանավակայանի ասֆալտի հարթության հարց, բնականաբար, հետագա քննարկումները չեն կարող լինել լրջության մեջ ու բովանդակային քննարկման առիթ հանդիսանալ։ Այլ հարց է, եթե այս հարցը զեկուցեր ֆինանսների նախարարությունը ու այժմյան իներտ քաղաքականությունը չվարեր, ապա կարող էին քննարկել, թե, օրինակ՝ երբ երգչին փող են տալիս, դա պարզապես եկամո՞ւտ է, թե՞ աշխատավարձ, ու աշխատավարձի նման էլ պետք է հարկել:

Անգամ կարող էին քննարկել՝ 20 % հարկել, հետո էլ ասեին, քանի որ մեր երկրում մենք 20 % չենք հարկում, եկեք որ հրավեր ստանում ու գնում եք դրսում երգում, ու ո՛չ այնտեղ, ո՛չ այստեղ ոչ մի բան չի հարկվում, եկեք դրանից էլ այնքան հարկենք՝ որպես ձեռնարկատեր, որովհետև դուք այդ գումարը ստանում եք աշխատավարձի պես, բայց չեք հարկվում աշխատավարձի պես։ Հետո կհանդիպեին այդ ոլորտի ներկայացուցիչների հետ, նրանց կբացատրեին, թե այնտեղ ինչ ծախսեր կան, որոնց մասին պատկերացում չունեն, որ, պայմանական եմ ասում, եթե ուզում եք աշխատավարձ հարկեք՝ պետք է հաշվի առնեք, որ 12 հազար դոլարանոց տեսահոլովակ է նկարվել, մինչև այդ 5 հազար դոլարը երգից եկել է, օրինակ եմ ասում, բայց կմտնեինք բովանդակային քննարկման մեջ, ոչ թե ասֆալտ հարթության մեջ։ 

Այն, որ կառավարությունը պետք է փորձի մաքսիմալ հարկ հավաքել, խնդիր չկա այդտեղ, բայց շատ կարևոր է հասկանալ, թե որտեղի՛ց ենք ուզում ստվերը դուրս բերել, ու ո՛րն է մեր առաջնային ստվերը, որովհետև չկա աշխարհում մի պետություն, որտեղ ոչ մի բանը ստվերում չլինի, բայց կան առաջնահերթություններ, որոնց հետ կապված պետությունը քայլեր է ձեռնարկում, ու շատ կարևոր է, որ հարկման բազան ու մեխանիզմները բխեն սոցիալական արդարության սկզբունքներից։ Մեր կառավարության ֆունդամենտալ պրոբլեմը եղավ այն, որ հենց սկզբից ինքը եկավ, առաջին հարկային փոփոխությունը որ կատարեց, միտված էր ոչ թե կյանքի լավացմանը, այլ իրենց կյանքի լավացմանը։ 

– Ո՞րն էր այդ փոփոխությունը։

– Պատգամավորներ, նախարարներ և այլք ստանում էին բարձր աշխատավարձ, ու նրանք հարկային շեմն արեցին այնպես, որ այդ աստիճանակարգը փոխվեց՝ հարկումը համահարթ չէր, այսինքն՝ բոլորն աշխատավարձից հավասար չէին հարկվում, կար նվազագույն, միջին ու վերևի շեմ։ Նրանք եկան արեցին այնպես, որ 100 հազար դրամ աշխատավարձ ստացողն էլ, 1 միլիոն ստացողն էլ նույն տոկոսով հարկվեն, հենց այստեղ սոցիալական արդարությունը կորավ։ 

Հիմա ես ձեզ կբերեմ մի օրինակ, որ պատկերացնեք, թե ինչ մակարդակի աբսուրդի մասին է խոսքը․ այսօր դե ֆակտո 500 հազար դրամ ստացողն իրեն թույլ է տալիս գնալ եկամտային հարկով տուն վերցնել, եկամտային հարկը մի կողմից վճարում է, մյուս կողմից՝ հետ է ստանում, այսինքն՝ ուղիղ իմաստով ինքը չի վճարում։ 100 հազար դրամ աշխատավարձ ստացողն իրեն չի կարող թույլ տալ եկամտային հարկով բնակարան վերցնել, որովհետև դրա համար մինիմալ եկամուտներ են պետք, ու այս մարդը 100 հազարից վճարում է հարկ, ու դե ֆակտո դա մնում է բյուջեում, ու իր տվածը ասֆալտ դառնում է, մյուսինը՝ ուղիղ չի դառնում, անուղղակի է դառնում՝ կառուցած շենքով է դառնում։ 

Հարկման հետ կապված այս փիլիսոփայությանը պետք է նայել ոչ թե վատ բան անելու հարթության մեջ, այլ նրա՝ որ վատ բան է անում, որ սխալ քաղաքականություն է մշակում հարկահավաքման համար։ Առաջին բանը, որ պետք է անեն, մեղա գալն է, իսկ դրա համար պետք է ընդունել, որ սխալ են արել ու այդ համահարթը հետ փոխեն, ասեմ ավելին՝ ցածր աշխատավարձ ստացողներին հարկեն շատ ավելի քիչ, քան հարկում էին ժամանակին։ 

Մենք գիտենք, չէ՞, որ եթե ընտանիքում մինչև 200 հազար դրամ գումար մտնի, այս մարդիկ հազիվ ծայրը ծայրին հասցնեն, այս մարդկանցից պետք է չնչին հարկել կամ չհարկել, գիտենք, չէ՞, որ, պայմանական եմ ասում, 200 հազարից մինչև 600 հազար ստացողները նորմալ կապրեն այդ փողով, սա արդեն պետք է հարկել ավելի շատ, մի փոքր ավելի, քան այսօր ենք հարկում ընդհանուրի մեջ, ու գիտենք, որ եթե դու 600 հազարից ավելի ես ստանում, դու այդ փողի մի մասն էլ դրսում ես, չէ՞, ծախսում, այդ 600 հազարից ավելին կհարկեմ շատ ավելի շատ, քան 200 հազարը, պայմանական՝ կհարկեմ 10, 23 և 30%։ 

Վաղն էլ, երբ ստվերի դեմ պայքարեմ, կգնամ ոչ թե ստվերի դեմ կպայքարեմ, հասկանամ՝ այն 100 հազար դրամանոց աշխատավարձից, որ 15 % պետք է վճարեր, այդ մարդուն գրանցե՞լ է, թե՞ չի գրանցել, այլ կգնամ կնայեմ՝ 600 հազար դրամ աշխատավարձ է գրանցել, բայց կարո՞ղ է միլիոն է տալիս, որովհետև եթե ես հայտնաբերում եմ մեկ միլիոնով մեկ հոգի՝ 600 հազար դրամով գրանցած, այս 400 հազար դրամի 30%-ը հավասար է, որ 10 մարդ հայտնաբերեի այնտեղի պես, ավելի օպտիմալ վարչարարություն էլ կիրականացնեի: Ստվերում մեկ մարդ հայտնաբերելով՝ ես ավելի շատ բյուջեի մուտք կապահովեի, քան այն դեպքում, երբ գնայի 10 մարդ հայտնաբերեի։ 

Չի կարելի արտագնա աշխատանքի մեկնողին՝ խոպանչուն, բերել համեմատել արտագնա այլ աշխատողի հետ, ինչո՞ւ, որովհետև չարչարանքների մեջ կա էական տարբերություն: Արտագնա աշխատանք կա, որ դու Հայաստանում հեղինակություն ես վաստակում, Հայաստանի հաշվին գնում ես դուրս, դրսից այդ փողը ստանում ես, այնտեղ էլ չես հարկվում, բայց այդ փողը հարկվող է: Բայց եթե մարդը գնում է ամբողջ տարին չարչարվում, չարչարվում է, այն, որ իր տանեցիներին էլ թողել է այստեղ, ու այդ հացն այստեղ են ուտում, որովհետև այդ փողն այստեղին է հերիքում, հենց հարկես՝ տանեցիներին էլ կտանի այնտեղ։ Դու պետք է մտածես ոչ միայն հարկերը հավաքելու մասին, այլև պետք է մտածես, թե քո ամեն որոշում ի՛նչ շղթայական սոցիալական էֆեկտներ կարող է ունենալ։ 

Մեր ժողովրդագրության մասին մտածո՞ւմ ենք, մենք ոչ մի բանի մասին չենք մտածում, փաստ է, բայց ամեն ինչն այնքան են անլրջացրել, որ բոլորը դարձել են հարկային քաղաքականության փորձագետ, ու հարկի հետ կապված այսօր Ֆեյսբուքում կատակ են անում: Լավ են անում, որովհետև բերել հասցրել են պլինտուսի մակարդակից էլ ցածր, արդեն ասֆալտ ենք: Ավելին ասեմ, եթե այս տեմպով շարունակվի, օրինակներն արդեն ասֆալտի վրա չեն լինելու, փոսերի վրա են լինելու։ 

– Պարո՛ն Պիպոյան, խոպանչիների բողոքն արդարացված համարո՞ւմ եք։

– Իհարկե այո՛։

– Ի՞նչ մեխանիզմներով պետք է հարկեն այդ մարդկանց, որ արդարացված լինի։ 

– Այդ մարդկանց հարկելն այս պահին չպետք առաջնային օրակարգում է լիներ, դա ստվեր չէ, բայց հարկային մուտքերի ապահովման համար կան աստիճանական անցումներ։ Հայաստանի կառավարությունը, որ այդքան խոսում է թափանցիկության մասին, կարո՞ղ է որոշում ընդունել, որ կամայական հարկատուն ինքը որոշի, թե այդ հարկը ո՛ր ոլորտ է գնալու, այսինքն՝ ես հարկը որոշեմ, բայց որոշեմ, որ դա գնում է միայն կրթության ոլորտ։ Հայաստանը կարո՞ղ է իրեն թույլ տալ նման նախագիծ բերել, թե՞ հասկանում է, որ Հայաստանի հարկատուներից ոչ մեկն այդ ժամանակ իրենց գործի չի պահի, որ պետական ապարատը պահելու համար ոչ մեկը հարկ չի վճարելու, իրենց վոյաժների համար հարկ վճարող չի լինի։ 

– Պարո՛ն Պիպոյան, կառավարությունը հիմա բյուջեում մուտքեր ապահովելու խնդի՞ր ունի, որ նման քայլի է գնում։

– Խնդիր ունի ցույց տալու բյուջեի մուտքեր, որովհետև երբ դու բյուջեի մուտքեր ունես, արդեն կարողանում ես ինչ ուզում ես պտտել։ Ոնց ուզում ես պտտում ես, ասում ես՝ նայեք, կյանքն ինչքան լավ է, բյուջեի մուտքերը շատացել են, բայց խնդիրը հետևյալն է՝  դու բյուջեի մուտքերն ավելացնում ես ոչ թե կյանքը լավացնելով, այլ՝ վատացնելով։ Բյուջեի մուտքերը մենք ունենք ոչ թե զարգացման հաշվին, այլ՝ այսպիսի հավաքագրումների հաշվին։ Մեր տնտեսական զարգացումը մեր աճերի հետ զուգահեռ չէ։ 

– Արձանագրո՞ւմ եք, որ այստեղ էլ է կառավարությունը սխալ քաղաքականություն վարում։

– Իհարկե, ինչի մասին է խոսքը, ասեմ ավելին՝ սխալ քաղաքականության հիմքը դրվել է վաղուց, հիմա շարունակությունն է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am