Փաշինյանը մտել է մի խաղի մեջ, որտեղ կորցնելու բան չունի, խաղադրույքը Հայաստանի վրա է. Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը 

– Պարո՛ն Սուրենյանց, Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ ի թիվս այլ հարցերի խոսել է նաև Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, ասել. «Մենք հիմա փնտրտուքի մեջ ենք այն մարդկանց, ովքեր համարում են, որ դա Հայաստանի տարածք է, ես ման եմ գալիս այդ մարդկանց, ովքեր կգան և կասեն, որ դրանք հանրապետության տարածք են»։ Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում իշխանության կողմից հնչող նման հայտարարությունները։ 

– Այդպիսի մարդիկ բազմաթիվ են, բայց ընդդիմության ուղերձը չլսելու տալը, ընդ որում՝ միտումնավոր, չի խոսում իշխանության հեղինակության կամ բարոյականության մասին։ 

Ընդդիմության խոսույթի առանցքն այլ է․ ընդդիմությունն ասում է, որ դուք գնում եք ոչ թե բալանսավորված դելիմիտացիայի ու դեմարկացիայի, երբ միասնական քարտեզի տրամաբանությամբ վերարտադրվում են Հայկական ԽՍՀ-ի ու Ադրբեջանական ԽՍՀ-ի սահմանները, այլ դուք գնում եք միակողմանի զիջումների։ 

Այդ բարձր տոնով ճամարտակելու փոխարեն Ալեն Սիմոնյանը թող ասի, եթե դա նրանց է պատկանում, վերադարձնում են, այդ դեպքում ինչո՞ւ չեն վերադարձվում Ներքին Հանդի հարակից տարածքները, Սև լիճը կամ Ջերմուկի մերձակա տարածքները, ու այսպես կարող եմ թվարկել ես։ Այս հարցին պետք է նա պատասխանի, ոչ թե դեմագոգիայով զբաղվի։ 

Եթե դեռ սահմանազատում ու սահմանագծում չեն արվել, ի՞նչ գիտի՝ դա հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական տարածք է։ Նրա ճեպազրույցի գլխավոր «բացահայտումն» այն էր, որ ասում է, թե Տավուշից դելիմիտացիա ու դեմարկացիա սկսելն առաջին հերթին Հայաստանին է պետք:

Լավ, կարելի՞ է այդքան կեղծել փաստերը։ Դա միակ սահմանագոտին է, որտեղ մեր պաշտպանական ամրությունները չեն ենթարկվել 2020 թվականի պատերազմի հետևանքներին, հետևաբար ամենաամուրն են, ու տրամաբանական է, որ միակողմանի զիջումների գնալու դեպքում ընդամենը թուլացնում ես քո պաշտպանողականությունը՝ թիրախավորելով գազամուղը, հայ-վրացական միջպետական ճանապարհը, անտառներով Լոռին դարձնելով սահմանակից, Ոսկեպարը վերցնելով օղակի մեջ։ 

– Հայաստանի իշխանության նմանօրինակ դիրքորոշումը…

– Իշխանության դիրքորոշում գոյություն չունի, ադրբեջանական նարատիվներ են, որոնք լեգիտիմացնում են Ադրբեջանի՝ հնարավոր պատերազմի դիմելու օրակարգը։ Ես հայկական դիրքորոշում չեմ տեսնում, մենք շատ լուրջ կարող էինք քննարկել այդ տարածքների վերադարձի հարցը, եթե իսկապես դրանք պատկանում են Ադրբեջանական ԽՍՀ-ին, եթե Ադրբեջանն իր հերթին վերադարձներ բոլոր այն տարածքները, որոնք պատկանել են Հայկական ԽՍՀ-ին։ Այստեղ վիճելու, տարակուսելու կամ երկու կարծիք նույնիսկ գոյություն չունի։

– Պարո՛ն Սուրենյանց, ինչո՞ւ է իշխանությունը նման քաղաքականություն վարում։

– Շատ բարդ ու բազմաշերտ հարց եք տալիս։ Տրամաբանական չէ, չէ՞, երբ երկրիդ ղեկավարը ամենապարտվողական դիրքորոշումն է որդեգրում, այն պարագայում, երբ ապրիլի 5-ին եռակողմ գագաթնաժողով է լինելու, որը, իրենց խոսքով, պետք է Հայաստանի դիմադրողականությունը բարձրացնի։ Եթե նման գագաթնաժողով է, որը մեր դիմադրողականությունը պետք է բարձրացնի, դրանից առաջ այս պարտվողական դիրքորոշումն ինչի՞ համար է։ Հետևաբար, ես ենթադրում եմ, որ այդ գագաթնաժողովը, եվրաինտեգրում կոչվող բլիթը ու մնացած բոլոր բաները պայմանով են, եթե Հայաստանը մի քիչ էլ իջեցնի նշաձողը հայ-ադրբեջանական հարաբերություններում։ 

– Այդ իջեցնելը մինչև որտե՞ղ է։

– Իմ ասածը չի նշանակում, որ ես հակադրվում եմ Արևմուտքին։ Արևմուտքը ո՛չ հայ ժողովրդի, ո՛չ էլ Հայաստանի թշնամին չէ, բայց ուզում է այնպիսի կարգավորում ու պոստկոնֆլիկտային լուծում, որտեղ թուլացած կլինի Ռուսաստանի ու Իրանի Իսլամական Հանրապետության ազդեցությունը տարածաշրջանում։ 

Համաշխարհային դիմակայության այս պայմաններում նման դիրքորոշումը պարզ է, չէ՞։ Սրան հասնելու համար Արևմուտքը երկու տարբերակ ուներ․ կա՛մ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա ու նրան հակեր բալանսավորված կարգավորման գնալ Հայաստանի հետ, կա՛մ կարևորել Ադրբեջանի դերակատարումը բոլոր առումներով, հասկանալի պատճառներով, հիմա չթվարկենք, ու հակել Հայաստանին գնալ նշաձողի իջեցման՝ իրենց խնդիրը լուծելու համար։ Հիմա իրենք ակնհայտորեն ընտրել են երկրորդ ճանապարհը՝ հակել Հայաստանին՝ մի քիչ էլ իջեցնել նշաձողը։ 

Հանուն նրա, որ Ռուսաստանի ու Իրանի ազդեցությունը տարածաշրջանում թուլանա, Արևմուտքում թքած ունեն՝ այդ կարգավորման հետևանքով քանի՛ քառակուսի կիլոմետր կունենա Հայաստանը, ինչպես թքած ունեցան, երբ նշաձողի իջեցման հետևանքով կործանվեց Արցախը։ Սա շատ պարզ է, այդ մարդկանց չպետք է մեղադրել, նրանց շահերը պետք է հասկանալ ու փրկիչներ չփնտրել ո՛չ Արևմուտքւմ, ո՛չ Հյուսիսում։ 

– Իշխանության շահը ո՞րն է։

– Եկեք իշխանություն չասեմ․ Նիկոլ Փաշինյանը մտել է մի խաղի մեջ, որտեղ ինքը կորցնելու բան չունի, խաղադրույքը Հայաստանի վրա է։ Արևմուտքի այս կոմբինացիայի մեջ եթե ինքը կարողանում է պահել իշխանությունը՝ ավելի լավ, չի՞ կարողանում՝ առնվազն Արևմուտքում հարգված հյուրի կարգավիճակով ապաստան կստանա։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am