Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդել է վերացնել իր պաշտպանյալի խափանման միջոցը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Քոչարյանի պաշտպանական թիմը:
Այս պահին Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանքն է, իսկ որպես այլընտրանքային միջոց կիրառված է գրավը։
Պողոսյանը հիշեցրել է, որ գրավը կիրառվում է մեղադրյալի բացասական պահվածքի զսպման նպատակով, որպեսզի նա չթաքնվի քննությունից։
«Դրա անհրաժեշտությունը չկա։ Որոշումն ընդունելիս պետք է հաշվի առնել տարիքը, մասնագիտությունը, մեղադրյալին մեղսագրվող արարքի վտանգավորության մակարդակն ու բնույթը», – նշել է փաստաբանը:
Մյուս պաշտպանները միացել են միջնորդությանը, նշելով, որ Յուրի Խաչատուրովի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա։ Դատախազները չեն համաձայնել և առարկել են միջնորդության դեմ:
Լսելով կողմերին՝ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի փետրվարի 11-ին՝ ժամը 12:00-ին: