Վաղվան սպասելիս. վերլուծաբանները վստահ չեն, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ի վիճակի կլինի կտրուկ քայլերի գնալ

Վաղվան սպասելիս. վերլուծաբանները վստահ չեն, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ի վիճակի կլինի կտրուկ քայլերի գնալ
Վաղվան սպասելիս. վերլուծաբանները վստահ չեն, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ի վիճակի կլինի կտրուկ քայլերի գնալ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախօրեին Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքը չի ընդունում և պատրաստվում է բողոքարկել այն:
Ազատության հրապարակում նա այսօր հայտարարեց, որ վաղը համազգային հանրահավաք է հրավիրում՝ ժողովրդին վերադարձնելու իշխանությունը:
Րաֆֆի Հովհաննիսյանը հույս ունի, որ վաղը՝ մինչ ժամը 17:00-ն, Սերժ Սարգսյանը կհանդիպի իրեն և «կփոխանցի Հայաստանի ժողովրդի հաղթանակը ժողովրդին»:

Մինչ ընտրություններում երկորրդ տեղն զբաղեցրած թեկնածուն նման հույսեր են փայփայում, վերլուծաբանները Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկն իրատեսական չեն համարում:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանն «իշխանությունը չի վերադարձնի ժողովրդին»:

«Իհարկե, Սերժ Սարգսյանն իր պարտությունը չի ճանաչի: Այդ մարդիկ պատրաստ են գնալ մինչև վերջ, եթե իրենք վստահ լինեն, որ չեն պատժվելու: Եթե իրենք վստահ չլինեն, ապա այդ դեպքում, ես կարծում եմ, որ մինչև վերջ նրանք երբեք չեն գան: Դա կախված է նաև նրանից, թե ինչպես իրենց կպահեն այն ուժերը, որոնք Ազատության հրապարակում կհավաքվեն»,- «Մեդիալաբին» ասում է Ստեփան Դանիելյանը:

Նա նշում է, որ 2008 թվականի մարտի մեկի սցենարը չի կրկնվի, քանի որ դրա համար կան մի քանի պատճառներ: Պատճառներից մեկն, ըստ վերլուծաբանի, արտաքին քաղաքականության հետ է կապված:

«Չի կրկնվի, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը ճիշտ մարտավարություն ընտրի: Ինձ թվում է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը չպետք է իր գործողությունների համար միայն իր վրա պատասխանատվություն վերցնի, ինչպես դա եղավ 2008 թվականին, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը միանձնյա որոշումներ էր ընդունում: Այսինքն՝ այդ որոշումները ժողովրդավար չէին և մեկ հոգի էր վարում քաղաքականությունը: Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է կարողնա շատ կարճ ժամանակահատվածում լայն կոալիցիա ձևավորի, ոչ միայն կուսակցություններից բաղկացած, այլ առաջին հերթին հանրային կառույցներից , հանրային որոշումների ընդունման մեխանիզմ ձևավորի, այն ինչ ՀԱԿ-ը չկարողացավ անել»,- ասում է Ստեփան Դանիելյանը:

Ըստ նրա՝ երբ իշխանությունն իր առջև տեսնի ոչ թե կոնկրետ քաղաքական ուժի, այլ հասարակության լայն զանգվածի, ապա գործելաոճն այլ կլինի:

Հաջորդ կարևոր հանգմանքն, ըստ քաղաքագետի, այն է, որ որոշումները պետք է ընդունվեն բաց և հրապարակային:

Այսինքն՝ գործարքներ վարագույրի հետևում չպետք է լինեն:

«Մենք չպետք է թույլ տանք, որ որևէ մեկը, այդ թվում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը գնա և Սերժ Սարգսյանի հետ որոշումներ ընդունի, նրանց հանդիպումը պետք է լինի հրապարակային: Այդպիսով, ոչ թե 2008 թվականի սցենարը կկրկնվի, այլ դա կլինի 2013 թվականին սցենարը»,- ընդգծեց նա:

Հարցին, թե սպասելի՞ էր ընտրությունների այս ելքը և այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այդքան մեծ ժողովրդականություն կվայելի, մեր զրուցակիցը նշեց, որ իրականում Րաֆֆի Հովհաննիսյանը շատ ձայներ չի հավաքել:

Այդ ձայները, ըստ նրա, տրված են ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանին, այլ ընդդեմ իշխանության են:

Քանի որ ընդդիմության հիմնական թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն էր, ձայն տվեցին նրան:

«Եթե մեկ այլ քաղաքական գործիչ ընդունվեր հիմնական թեկնածու, ձայնը կտային իրեն: Րաֆֆի Հովհաննիսյանը չունի իրավունք այդ ձայների հետ վարվել այնպես, ինչպես ինքը կցանկանա, ինչպես դա արեցին ժամանակին Արթուր Բաղդասարյանը, Գեղամյանը և մյուսները: Այդ ձայնը տվել են իրեն՝ որպես ընդդիմադիր թեկնածու, ոչ որպես Րաֆֆի Հովհաննիսյան»,- ասաց Ստեփան Դանիելյանը:

Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը եւս այն կարծիքին է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կարողացավ այդքան ձայն հավաքել միայն այն իրավիճակի շնորհիվ, որ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվեց:

«Եթե Բարգավաճ Հայաստանը, Կոնգրեսը և Դաշնակցությունը մասնակցեին ընտրություններին, արդյունքը կարող էր այլ լինել: Այսինքն՝ դժվար թե Րաֆֆի Հովհաննիսյանն աննախադեպ ձայներ հավաքեր, եթե իր համար նպաստավոր իրավիճակ չստեղծվեր, եթե ընտրություններից չհրաժարվեին Ծառուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, դաշնակները և այլն: Վերջիվերջո չմոռանանք, որ ոչ վաղ անցյալում Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունը հավաքեց հինգ տոկոս և հազիվ անցավ խորհրդարան»,- «Մեդիալաբին» ասաց Սերգեյ Մինասյանը:

Նա նշում է, որ դժվար թե Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգություն» կուսակցությունը հանդիսանա այն ուժը, որը կարող է հեղափոխական ինչ-որ քայերի դիմի:

Ըստ քաղաքագետի՝ դժվար թե «Ժառանգության» ներսում լինեն մարդիկ, ովքեր, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանի շատ կողմակիցներ, ունենան հեղափոխական գաղափարներ:

«Ես չեմ կարծում, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ի վիճակի կլինի ինչ-որ կտրուկ քայլերի գնալ»,- ասաց Սերգեյ Մինասյանը:

Հիշեցնենք, որ ԿԸՀ նախնական արձանագրության համաձայն՝ Սերժ Սարգսյանն ընտրություններում հավաքել է 861 378 ձայն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 539 674 ձայն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած թվերը Րաֆֆի Հովհաննիսյանը կեղծիք է հանարում: Իրենց հերթին ԵԱՀԿ ԺՀՄԻԳ և ԵԱՀԿ ԵԽ դիտորդներն այսօր ընտրություններին նորմալ գնահատական տվեցին՝ ընդգծելով միաժամանակ, որ որոշ ընտրատեղամասերում տարբեր խախտումներ են արձանագրել, իշխանությունը գործի է դրել վարչական ռեսուրսը: Այս խախոտւմները, սակայն, ըստ դիտորդների, չեն ազդել ընդհանուր ընտրական գործընթացի վրա: Դիտորդները նաև ընտրությունները ոչ մրցակցային են որակել՝ ընդգծելով, որ հիմնական ընդդիմադիր ուժերը չեն մասնակցել դրանց:

© Medialab.am