Հայաստանում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում

Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելությունը ընդլայնում է իր ներկայությունը Սյունիքի մարզում։

Առաքելությունը իր հերթական գրասենյակը բացեց Սյունիքի մարզում․ Գորիսում արդեն գործող գրասենյակին ավելանում է Կապանի նորաբաց հաբը։  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Կապանում ԵՄ առաքելության հաբի բացման արարողությանը մասնակցեցին ԵՄ անդամ երկրների՝ Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը իր խոսքում ընդգծեց, որ մտադիր են Հայաստանում 6 օպերատիվ հաբ ունենալ և արդեն մոտ են այդ պլանի իրականացմանը։ Նա նշեց, որ մինչև այս պահը երեք հաբ ունեին՝ Մարտունիում, Ջերմուկում և Գորիսում, իսկ հիմա դրանց ավելանում է Կապանի հաբը։ Առաջիկայում նոր հաբեր կբացվեն նաև Իջևանում և Եղեգնաձորում։

«Կապանի հաբը տեղակայված է Սյունիքի մարզում, որը շատ կարևոր է մեր առաքելության համար՝ հաշվի առնելով  մարզի ռազմավարական դիրքը։ Սա թույլ կտա Առաքելությանն ընդլայնել իր ներկայությունը Սյունիքի մարզում, ավելի պարբերական դարձնել դիտարկումները և մարզի  անվտանգային իրավիճակի մասին  զեկույցները։  Այս հաբը կկրճատի տարածությունն ու  ժամանակը՝ մեր դիտարկման կետեր հասնելու համար։ Մինչ այս պահը մենք այս մարզը ծածկում էին Գորիսում գտնվող մեր դիտորդական թիմով»,- ասաց Ռիտերը։

Նա հույս հայտնեց, որ Կապանի հաբի բացումը դրական  կանդրադառնա խաղաղության գործընթացի վրա, որի ուղղությամբ ջանքեր է գործադրում Եվրոպական Միությունը։ Ռիտերը հույս հայտնեց նաև, որ Կապանի հաբը կբարձրացնի  անվտանգության զգացումը Սյունիքի մարզի բնակչության մոտ։

Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարի տեղակալ Յան Բեշինգերը նշեց, որ անցած տարի հոկտեմբերին, երբ Հայաստանում էր՝ որպես տեխնիկական աջակցության առաքելության անդամ, չէր կարող պատկերացնել, որ ԵՄ առաքելությունը Հայաստանում երկարաժամկետ կլինի։ Նա նշեց՝ որ գիտեն, որ իրավիճակը հեշտ չէ, սակայն հույս հայտնեց, որ Կապանում հաբի բացումը կուժեղացնի սահմանային գոտիները դիտարկելու՝ Առաքելության կարողությունները և կբերի ավելի շատ խաղաղություն, ապահովություն և կայունություն տարածաշրջանում։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը կարևորեց Կապանում ԵՄ առաքելության հաբի բացումը։ «Շնորհակալություն եմ հայտնում Եվրոպական Միության դիտորդական առաքելությանն այն բանի համար, որ այս գրասենյակը բացվել է Կապանում, որտեղ բազմաթիվ գյուղական բնակավայրեր գտնվում են սահմանին շատ մոտ։ Դիտորդական առաքելության ներկայությունը զսպող ազդեցություն կունենա սահմանի երկայնքով։ Ես մեծ հույս ունեմ, որ դիտորդական առաքելությունը իր աշխատանքը կկատարի այնպես, ինչպես ակնկալում է այստեղ բնակվող ժողովուրդը, իսկ արդյունքները սպասեցնել չեն տա»,- նշեց Ղուկասյանը։