«Պետությունը պարզապես ռեկետի եղանակով ստացավ կոմբինատի 15%-ը, որն իմ տեղեկություններով՝ փաստաթղթային լուծում էլ չունի». Վահե Հակոբյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) նախկին բաժնետեր ու տնօրենների խորհրդի նախկին անդամ Վահե Հակոբյանը

– Պարո՛ն Հակոբյան, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարություննյանն ասել է, որ քննարկում են Տիգրան Ավինյանի թեկնածությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը: Ձեր գնահատականն եմ խնդրում:

– Նախ սկսենք նրանից, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ունի կառավարման խորհուրդ, տնօրենների խորհուրդ չունի: Եթե մեկնաբանություն եք ուզում՝ կառաջարկեմ սպասեք, կառավարությունը նախ հասկանա այդ կոմբինատի կառուցվածքն ինչպիսին է, հետո նոր որոշի այս կամ այն անձնավորությանն այս կամ այն պաշտոնին առաջարկել:

– Այնուամենայնիվ, ինչպե՞ս եք գնահատում Տիգրան Ավինյանի թեկնածությունը:

– Ոչ մի կերպ:

– Ինչո՞ւ, պարո՛ն Հակոբյան:

– Տիգրան Ավինյանը, ոնց ասեմ, դուք հիմա ինձ հարց եք տալիս, որն ինձ համար՝ ա) միևնույն է, բ) եթե պետությունը ինչ-ինչ ճանապարհներով կարողացել է պոկել այդ 15%-ը, ինքը պետք է իր ներկայացուցիչն ունենա, իսկ այդ ներկայացուցիչը, բացի կառավարման խորհրդից, այլ տեղ չի կարող լինել: Այս մասով նշանակման տրամաբանություն կա, բայց դա կառավարության ու Նիկոլ Փաշինյանի անձնական տրամաբանությունն է:

Եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ՝ պետությունը որևէ կերպ չպետք է նմանատիպ հիմնարկներում մասնակցություն ունենա, որովհետև դա բերում է որոշ պրոբլեմների ու նեգատիվների, որոնց մասին այս պահին չեմ կարող ասել:

– Եթե, ըստ ձեզ, պետության մասնակցությունը խնդիրներ է առաջացնում նման գործարաններում, ինչո՞ւ իշխող ուժը նման քայլի գնաց:

– Դա իշխող ուժը չի որոշել, Նիկոլն է որոշել, ենթադրում եմ՝ իր ամբիցիաները բավարարելու համար, որովհետև ինքը Կապանում հայտարարեց, որ կոմբինատն ազգայնացնելու է, ինչն ուտոպիական գաղափար էր, քանի որ իրականում նա չէր կարող դա անել, դրա համար էլ գնաց այլ ճանապարհով: Նա բաժնետերերին դրեց պրեսինգի տակ, ու մեծամասնությունը ստիպված գնաց այդ քայլին:

– Այսինքն՝ սա չի՞ նշանակում, որ գործարանը մասամբ պետականացվել է:

– Իհարկե չի նշանակում, պարզապես պետությունը ռեկետի եղանակով ստացել կամ դեռ չի ստացել բաժնեմասը, որովհետև ինձ հասած տեղեկատվության համաձայն՝ այդ 15%-ը միմիայն հայտարարված է բանավոր եղանակով, որևէ փաստաթղթային լուծում այդ հարցը չունի:

– Պարո՛ն Հակոբյան, իսկ այս գործընթացներն ի՞նչ ազդեցություն կունենան գործարանի աշխատանքների վրա:

– Քանի որ այդ հիմնարկն ունի իր «ավանդույթները», հիմա ցանկացած միջամտություն կարող է բերել անդառնալի հետևանքների: Համոզված եմ՝ այս կառավարությունը վաղը-մյուս օրը սկսելու է միջամտել կոմբինատի արտադրողական գործընթացներին, ինչը հղի է որոշակի խնդիրներով:

Դե, հիմա Գռզոն կմտնի, կասի՝ էս եմ ուզում մատակարարել, էն մյուսը կուզի բանան բերի կոմբինատի համար, ու այդպես կկոտրեն այն սիստեմը, որի վրա կոմբինատը գոյատևում է արդեն քանի տարի: Սիստեմ ասելով՝ նկատի ունեմ թափանցիկ սիստեմը, դա ուզում եմ հատուկ ընդգծել: 3,5 տարի է՝ փորձում են բաժնետերերի վրա ինչ-որ խնդիրներ գտնել, բայց ոչինչ չի հաջողվում: Այսօր ունենք ապօրինաբար կալանավորված մի քանի անձ, որոնք կոմբինատի հետ անմիջապես առնչվում են:

– Անդրադառնալով Տիգրան Ավինյանի թեկնածությանը՝ համակարծի՞ք եք վարչապետի աշխատակազմի ղեկավարի այն մտքին, որ Ավինյանը «քաղաքական թիմի անդամ է, և պետք է լինեն այնպիսի մարդիկ, որոնք լավագույնս կներկայացնեն Հայաստանի շահը տվյալ կազմակերպությունում»:

– Իհարկե համակարծիք չեմ: Նրանք փորձում են ցույց տալ, թե դա պետական ներկայություն է, բայց իրենց կարկառուն ներկայացուցչին են դնում խորհրդի անդամ, որը, այո՛, ներկայացնելու է կոմբինատը:

Սա միջազգային բիզնես հանրության մոտ շատ-շատ բացասական է ընկալվելու, և այս խմորը, հավատացեք՝ դեռ շա՜տ երկար է ջուր քաշելու: Կոմբինատի շուրջ ընթացող այս գործընթացն այդքան հեշտ լուծում չի ստանալու, այնտեղ էլի բաժնետերեր կան, և գիտենք, որ բաժնետերերից մեկն արդեն բողոքարկել է գործարքը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am