«Ամեն օր սպասում ենք, որ հեսա կգա, հեսա տուն կմտնի, չենք հավատում»․ ամուսնու զոհվելուց հետո Իրինան ասում է՝ դատարկություն է

Ամուսնու զոհվելուց հետո Իրինա Կարապետյանը չի կարողանում համակերպել նոր իրողությանը, ասում է՝ միակ բանը, որ զգում է, դատարկությունն է:

«Գործի եմ գնում, գալիս, երեխեքը դպրոց են գնում, ինքը չկա։ Ամեն օր սպասում ենք, որ հեսա կգա, հեսա տուն կմտնի… Չենք հավատում»,- ասում է Իրինան։

Իրինայի ամուսինը՝ 33-ամյա Վարդան Գևորգյանը, զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ։ Պատերազմի ժամանակ մեքենայով թեժ կետեր անհրաժեշտ բեռներ է հասցրել։

Հերթական անգամ տեղափոխում կատարելիս զոհվել է հակառակորդի հարվածից։

«Օրը երեք անգամ զանգում էր, նոյեմբերի 4-ին խոսացի, զարմանալի էր՝ ամսի 5-ին չզանգեց, տենց չկար, որ ինքը ամեն օր չզանգեր… Մի քանի անգամ փորձեցի, բայց անհասանելի էր։

Հետո իմացա, որ ամսի 5-ին՝ ժամը 9-ի հատվածում, զոհվել ա… գործողությունը վերջացել ա, ինքը Մարտունի քաղաք գալուց զոհվել ա։ Մեկն ասում ա՝ ԱԹՍ-ն ա խփել, մեկն ասում ա՝ ռմբակոծել են, խփել են հենց ավտոյին, երեք հոգի են եղել, բոլորն էլ զոհվել են»,- ցավով պատմում է կինը:

Իրինան նշում է, որ երբ ամուսնու հետ խոսում էր, հորդորում էր զգույշ մնալ, ամուսինը պատասխանում էր՝ չեմ վախենում․ «Ասում էի՝ ո՞նց ես, ասում էր՝ դե, որ խոսում եմ, ուրեմն լավ եմ։ Մեքենա ունեինք, զոհվելուց առաջ ուղարկել էր, ասում էր՝ թող մնա ձեր մոտ, ես չգիտեմ՝ իմ հետ ինչ կլինի, ոնց կլինի, թող մնա ձեր մոտ, որ հանկարծ հետս մի բան լինի, գոնե իմանաք՝ ավտոն-բանը ձեր մոտ են»։

Կինն ասում է՝ ամուսնու զոհվելու լուրն անսպասելի է եղել, չէր կարող պատկերացնել, որ կարող է նման բան լինել։ Հարազատները հենց նույն օրն են իմացել, բայց իրեն հաջորդ օրն առավոտյան են հայտնել։ 

«Գիշերը իրա ախպորն են զանգել, ասել են, որ զոհվել ա, արի տես՝ կճանաչե՞ս… Գնացել տեսել ա, որ ինքն ա… Զանգել ա բարեկամներին, բայց ինձ առավոտն են ասել։

Սկզբից ասին՝ վիրավոր ա, ասեցի՝ բա որտե՞ղ ա, ասեցին՝ չէ, ծանր ա, ասեցի՝ հա, բայց որտեղ ա գտնվում, ասեցին՝ բայց շատ ծանր ա, հետո թե՝ զոհվել ա… վաբշե չէի սպասում»,- պատմում է կինը։

Իրինան ասում է, որ մինչև պատերազմը խաղաղ ու հանգիստ ապրում էին, աշխատում, ոչնչի կարիք չունեին:

«Շատ լավ էր, լավ ապրում էինք, հիփոթեքով տուն էինք վերցրել, ես «Ղարաբաղտելեկոմում» եմ աշխատում, ինքն էլ շատ աշխատասեր էր, շինարարությունում էր աշխատում, բանվորություն անում, վարորդ էր։ Նորմալ ապրում էինք, ամեն ինչով տունն ապահովում էր: Հիմա դատարկություն է…»- ցավով ասում է կինը։

Կարոտով հիշում է, որ մինչև պատերազմը հաճախ էր ամուսնու հետ Ստեփանակերտում զբոսնում․ «Գալիս էր տուն, երեխեքը բակում խաղում էին, ես ու ինքը գնում էինք, ման էինք գալիս քաղաքում, իսկ հիմա տունը մենակ․․․»,- հուզմունքի պատճառով խոսքն ընդհատում է Իրինան։

Պատմում է, որ ամուսինը շատ բարի անձնավորություն էր, միշտ ժպիտը դեմքին ու տվյալ օրով էր ապրում:

«Շատ բարի մարդ էր, վերջին բանն էլ կհաներ, կտաներ։ Բոլորին ամեն ինչով օգնում էր, աշխատասեր էր»,- պատմում է կինը։

Ասում է՝ ամուսնու զոհվելուց հետո ոչ միայն ծանր են զգացողությունները, այլև շատ ու շատ խնդիրներ են առաջացել։ Ողջ հոգսն իր ուսերին է մնացել, երեխաները բարդ տարիքում են, ու դժվար է դարձել հաղորդակցումը․ «Երեխեքին հիմա համ մամա, համ պապա եմ, երեխեքի մոտ էլ բարդ տարիք ա, տղաս էլ մի քիչ չի լսում, շատ ենք զգում իրա պակասությունը»։

Ասում է, որ ամբողջ օրն անցնում է անհանգիստ ապրումներով ոչ միայն Արցախում գտնվելու համար, այլև Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետևանքով:

«Հիմա վիճակն էնքան անորոշ ա, Հայաստանում էլ լսում ենք՝ Սյունիք, սպասում ենք ամեն օր, այսինքն՝ ամեն ժամ ինչ-որ մի բան լինի, շատ անհանգիստ վիճակում ենք։ Գործի տեղը նստած՝ վախենում ենք։ Հիմա շատը Հայաստանի համար ենք ավելի շատ մտահոգվում։

Լավ բան չեմ սպասում, ճիշտն ասած: Էս պահին մեր երազանքն ա, ցանկությունն ա, որ խաղաղություն լինի, մեր երեխեքը կռիվ չտենան, մեզնից ոչ մեկը կռիվ չտեսնի, հիմա մեզ համար ամենակարևորը էդ ա»,- ընդգծում է Իրինան։

Արփինե Արզումանյան

MediaLab.am