Մայիսի 21, 2011թ. Քաղաքացիական ժողով Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի բացման խոսքը

Մայիսի 21, 2011թ. Քաղաքացիական ժողով  Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի բացման խոսքը
Մայիսի 21, 2011թ. Քաղաքացիական ժողով Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի բացման խոսքը

Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը շուտով կդառնան 20 տարեկան, եւ բոլորս միասին` անկախ մեր բնական տարիքից, կհավասարվենք. բոլորս կդառնանք 20 տարեկան: Կարեւոր են, սակայն, ոչ միայն 1991 թվականից մինչ օրս ընկած ժամանակահատվածը, անկախության եւ ինքնիշխանության համար երկարատեւ պայքարի շրջափուլը, այլեւ այն ապագան, որ պիտի կերտենք միասին եւ որը մեզ տանելու է դեպի 2021 թվական, երբ մենք միասին կդառնանք արդեն 30 տարեկան: Ահա այդ նպատակով, այդ թիրախով մենք քաղաքացիական ազգային նոր օրակարգի ճշգրտման հրամայականի առջեւ ենք գտնվում:
Ինձ համար` որպես Հայաստանի հպարտ եւ միաժամանակ համեստ ու իրավատեր քաղաքացու, հրապարակային հացադուլը ուժեղացնող, լիցքավորող, նաեւ ուսանելի փորձառություն էր: Ինչպես մի մեծ փիլիսոփա ասել է. «Ես նախընտրեցի ինքս ինձ հետ լինել ազնիվ, թեկուզ այլոց ծաղրին ենթարկվելու վտանգի գնով, քան լինել կեղծ եւ դրանով հարուցել իմ նկատմամբ իմ իսկ նողկանքը»: Ես երախտապարտ եմ Ձեզ` ձեր զորակցության, օրհնանքների, քննադատությունների եւ ձեր մշտական ներկայության համար:

Առաջին հանրապետության 93-րդ տարեդարձն է առջեւում` Մայիսի 28-ի հերթական տարեդարձը, որը նույնպես վերաիմաստավորման անհրաժեշտություն ունի: Հույս ենք տածում, որ Հայաստանն իսկապես կթեւակոխի այդ համազգային տոնը` առանց քաղաքական բանտարկյալների, ինչը յուրաքանչյուր հայ մարդու, հայաստանցու, քաղաքական ուժի, ղեկավարի ու շարքայինի պահանջն է եղել ի սկզբանե, այլ ոչ թե ինչ-որ մեկի սեփականաշնորհած տարածքը: Այդ հարցն առաջադրել եք դուք, այդ հարցը բարձրաձայնել ենք մենք Երեւանում, Ստրասբուրգում ու հնարավոր բոլոր ատյաններում:

Բանտարկյալների հարցը միակը չէ: Դա լակմուսի թուղթ է, որն արտածում է խնդիրների մի ողջ համալիր` կապված արժանապատվության, արդարության, հացի, աշխատանքի, առողջապահության, ժամանակակից գիտակրթական ու հանրային կյանքի մյուս բոլոր ոլորտներում առկա նյութական եւ հոգեւոր արժեքների, արդյունավետ ու իմաստալից կենսաձեւի անհրաժեշտության եւ կարեւոր այն գիտակցության հետ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր երկրի տերն է եւ կարող է նաեւ մաս կազմել 2021 թվականի Հայաստանի կերտմանը:

Իշխանությունը պետք է վերադարձվի ժողովրդին: Սա ոչ թե տեսական, փիլիսոփայական, այլ կիրառական կատեգորիա է բոլոր հայերի եւ հայաստանցիների համար: Մենք քանիցս ասել ենք, որ իշխանությունն ամբողջությամբ պետք է նորովի եւ արտահերթ եղանակով ձեւավորվի, որպեսզի կարողանանք թե սահմանադրական, թե իրավական կարգերի, թե հացի, թե աշխատանքի, թե Հայաստանում արժանավայել կյանքի հարցեր լուծել միասին, այժմվանից եւ մինչեւ մեր 30-րդ տարեդարձը: Եվ սա պետք է անենք հնարավոր բոլոր եղանակներով` առանց անտեսելու որեւէ օրինական միջոց, առանց նեղացնելու պայքարի որեւէ արահետ: Դա կլինի Ազգային ժողով, կլինեն ընտրություններ կամ չընտրություններ, կլինեն հրապարակ, գիտական որեւէ ամբիոն, հանրակրթական դպրոց կամ այլուր, որտեղ շոշափվում է Հայաստանի, հայ ժողովրդի, հատկապես` երիտասարդության շահի խնդիրը:

Կուսակցապետության վտանգը պետք է կանխվի անհապաղ: Յուրաքանչյուրն ունի իր «դեղատոմսը», պահանջների իր լրակազմը. «Ժառանգությանն» ունեցավ 21-ը, ուրիշները` 15-ը կամ 3-ը` կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ լրակազմի ամեն մի միավոր ժողովրդական պահանջ է, եւ պիտի դուրս գա ընդհանուր տեղապտույտից, չարժեւորված վիճակից: Կարծում եմ` արդեն փարթամորեն ծլարձակող կուսակցապետության վտանգի չեզոքացումը օրվա հրամայականն է:

Վերջին շրջանում ես փորձեցի որոշ հստակեցումներ մտցնել` հանրային բանավեճը խթանելու համար, եւ առաջարկեցի գերակայության կարգով քննության առարկա դարձնել իրավական, սահմանադրական, սոցիալ-տնտեսական, ինչպես նաեւ մարդու պատվի ու արժանապատվության հետ կապված խնդիրներ:

Առաջին` որպեսզի դուրս գանք ներկա փաստացի (de facto) իրավիճակից եւ ապրենք իրավական (de jure) երկրում, որտեղ ժողովուրդն է ընտրությունների միջոցով որոշում իր իշխանությունը, պետք է ունենանք Չորրորդ հանրապետություն` մեր պետական դրոշի վրա ապագա սերնդին խորհրդանշող չորրորդ գույնով, նոր Սահմանադրություն, որը ոչ միայն մակերեսային աղերս ունի հացի խնդրի հետ, այլեւ դրա լուծման գրավականն է դառնալու: Եվ նոր իշխանության կողմից հրավիրվելիք Սահմանադիր ժողովն է, որ պետք է իշխանությունը վերադարձնի ժողովրդին, բանավեճի առարկա դարձնի մեր քաղաքական համակարգի նախընտրանքը: Այս մեկը, որ չգիտես կիսախորհրդարանական է, թե` նախագահական, չի գործում, մի տեսակ ծանծաղոտ է ժողովրդավարական արժեքներն ընկալելու առումով, ուստիեւ իշխանությունը` որպես ընթացակարգ ու բովանդակություն, միշտ շրջանցում է երկրի քաղաքացիներին: Այնպես որ, քննարկելիք հարց է, թե ո՞ր համակարգն է ի զորու Հայաստանին բերել իրավական լուծումներ, լավագույնս արժեւորել քաղաքացու տեղն ու դերը հասարակության կյանքում:

Բացի դրանից, Սահմանադիր ժողովը ոչ միայն կոչված կլինի նախապատրաստելու հաջորդ սահմանադրական հանրաքվեն, այլեւ կներառի իր մեջ հատուկ դատախազի ինստիտուտ, որը հանդես կգա իբրեւ վերից վար օրենքի իշխանությունն իրականացնող կուռ ու անկախ մի համակարգ:

Երկրորդ՝ որպեսզի քաղաքացիների համար հասանելի եւ կիրառելի լինեն սեփական Սահմանադրությունն ու իրավունքը, պետք է քաղաքացիական նախաձեռնությամբ, հավուր պատշաճի, կատարվեն սահմանադրական եւ օրենսդրական փոփոխություններ, օրենքները կատարելության հասնեն` այն հաշվով, որպեսզի քաղաքացիներին թույլ տրվի հանրաքվեի միջոցով ընդունել, փոխել կամ ետ կանչել «բարոյապես մաշված» օրենքը, ինչու չէ, նաեւ ընտրողի պատվիրանն ու քաղաքացու օրինական պահանջը կատարելու հարցում զլացող պատգամավորին, բարձրաստիճան այս կամ այն պաշտոնյային:

Այս նորամուծությունների շնորհիվ Հայաստանը` պահպանելով իր ինքնիշխանությունը, կդառնա համաշխարհային ու համաեվրոպական օրենսդրության մաս, ապաեւ` Սահմանադրության վերակառուցմամբ, կարող է անդամակցել Միջազգային քրեական դատարանին: Եթե ՀՀ դատաիրավական համակարգն ի վիճակի չէ լուծելու մեր ներքին հարցերը, ինչ արած, մենք դա պարտավոր ենք շտկել առկա նախընտրությունների շրջանակը լայնացնելով, որովհետեւ իրավունքի, քաղաքացու արժանապատվության գերակայությունը եւ օրենքի երկիր ստեղծելու հրամայականն այլընտրանք չունեն:

Բազում մարտահրավերներ կան մեր առջեւ ծառացած, եւ դրանցից ամենահանգուցայինը ժողովրդավարությանը, ինքնիշխանությանն ու ազգային շահին սպառնացող վտանգներն են: Ճկուն ու հեռատեսորեն գործելու պարագայում մենք կարող ենք վերագտնել ժողովրդավարության եւ ինքնիշխանության ամրապնդման բանալին, իսկ դրա հենքով` նաեւ մեր ազգային շահը: Այդ համատեքստում առաջին քայլը, իմ կարծիքով, հայ-թուրքական հակաիրավական արձանագրություններից մեր ստորագրությունների ետկանչն է: Այլապես` մենք ուղղակիորեն ընդունում ենք թուրքական նախապայմանները, ինչպեսեւ քեմալաբոլշեւիկյան 1921 թվականի նվաստացուցիչ պայմանագրերը` դրանից բխող խիստ անցանկալի հետեւանքներով: Մեզ համար միանգամայն անընդունելի են նաեւ Մադրիդյան կոչվող առաջարկները: Դրանք մերժելու իրավամեթոդաբանական գործիքներից մեկն էլ հենց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր սահմանադրական սահմաններում ճանաչելու ուղին է: Սա արդեն համազգային բանավեճով հստակեցվելիք օրակարգ է:

Արդարության խնդիրը` թե աշխարհում, թե մեր տան ներսում, փոխկապակցված է. չենք կարող ակնկալել աշխարհից արդարության ճանաչում, եթե մեր տան պատերի մեջ ի զորու չենք ապահովելու այդ նույն արդարությունը:

Այս բոլոր հարցերը` արժանապատվություն, արդարություն, իրավունք, հաց, աշխատանք, տեխնոլոգիաներ, մշակույթ, գիտություն, փոխկապակցված են: Սրանց լուծումները մի մարդու, մի կուսակցության, մի հոսանքի ուժից վեր են: Ավելին` տեղավորվում են ամբողջ մի սերնդի պարտականության շրջագծում: Դա մեր սերունդն է:

Բացելով այսօրվա Քաղաքացիական ժողովը, լիահույս եմ, որ մենք միասին խելք խելքի կտանք եւ մտածենք, թե ինչպիսի ապագա կարող ենք դարբնել մեր երեխաների, թոռների եւ մեր երազած Հայրենիքի համար:

Հիմա կլսենք յուրաքանչյուր թեմայի շուրջ երեքական հակիրճ զեկույցներ, այնուհետեւ ասպարեզը կբացվի հարցուպատասխանի համար: Առանձնացված թեմաներն են` «Մարդկային չափումը. ազատություններ, իրավունքներ եւ հեռանկարներ», «Հանրային կյանքի մարտահրավերները» եւ «Ներքաղաքական ու իրավաքաղաքական ելքեր»:

Շնորհակալություն այսօրվա ազատ բանավեճին Ձեր մասնակցությունը բերելու համար:

 

Րաֆֆի Հովհաննիսյանի եզրափակիչ խոսքը

 

Կրկին գոհունակությունս եմ հայտնում բոլորիդ, մեր բանախոսներին` հետաքրքիր, ուսանելի եւ օրախնդիր զեկույցների համար: Դրանք մեծապես կօգնեն ճիշտ որոշելու ապագայի անելիքներն ու քայլերը եւ դասեր քաղելու ինչպես հայաստանյան, այնպես էլ համաշխարհային իրողություններից:

Որո՞նք են այդ դասերը: Յուրահատուկ մտքերը միշտ յուրահատուկ գրավչություն ունեն: Համամարդկային շատ մտքեր` հաճախ ընդհանրական գաղափարներ արտացոլելով հանդերձ, արտահայտում են կոնկրետ` այդ թվում մեր իրավիճակների այլընտրանքային դեղատոմսեր: 19-րդ դարում Ամերիկայի Միացյալ Նահանգներում կար մի սեւամորթ պետական գործիչ, ով պայքարում էր ստրկության դեմ: Նրա անունը Ֆրեդերիկ Դուգլաս է: Նրա մտքի գոհարներից մի քանիսը շատ համահունչ է ներկա մեր հավաքի եւ թեմատիկ, եւ բովանդակային ոգուն: Եվ այսպես` Ֆրեդերիկ Դուգլաս.

«Չկա պայքար` չկա նաեւ առաջընթաց: Նրանք, ովքեր բացեիբաց հայտարարում են, թե ազատության կողմնակից են, բայց արժեզրկում են ագիտշարժումը` այն մարդիկ են, ովքեր ուզում են ունենալ բերք` առանց հող մշակելու: Ուզում են անձրեւ` առանց շանթ ու որոտի: Ուզում են օվկիանոս` առանց բյուրավոր ալիքների ահեղ շառաչյունի: Այս պայքարը կարող է լինել բարոյական, կարող է լինել ֆիզիկական կամ միաժամանակ ե՛ւ բարոյական, ե՛ւ ֆիզիկական, բայց այն պետք է պայքար լինի»:

Որովհետեւ` «Բռնակալների վերջնասահմանը նրանց կողմից ճնշվածների տոկունությամբ է ճշտորոշվում»:

Որովհետեւ` «Հնարավոր չէ աղքատի թշվառությամբ հարուստի համար երջանկություն գնել»:

Իսկ վերջում` «Ես կմիանամ ցանկացած մեկին` ճիշտ գործելու համար, եւ ոչ մեկին` սխալ գործելու համար»:

Ուրեմն, սիրելի համաքաղաքացիներ, իմ կոչն ու հորդորն են. միանանք` ճիշտ գործելու համար: Խաղաղ, հետեւողական կերպով ու հաղթականորեն ոչ միայն դիմակայել, այլեւ վաստակել փոխելու եւ նորը, առաջադիմականը հիմնելու աստվածատուր իրավունքը:

Շարունակությունը միասին ենք որոշելու, եւ սա հռետորաբանություն չէ, սա մեր սերնդի պարտականության եւ պատասխանատվության ծիրն է:

Գալիք շաբաթ օրը Մայիսի 28-ն է՝ մեր Առաջին հանրապետության 93-րդ տարեդարձը, հայոց ոգեղեն արժեքներին ու հիշատակներին այցելելու եւ Արամ Մանուկյանի շիրիմի, Սարդարապատի հուշահամալիրի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի, Եռաբլուրի մեծ խորհուրդը վերաիմաստավորելու, ու վերաուսանելու օրը:

Իսկ հաջորդ շաբաթ` հունիսի 4-ին, ժամը 15-ին ես կլինեմ Ազատության հրապարակում` Ձեզ եւ այլ ցանկացողների հետ շարունակելու այս բազմախոսությունը, հաղթանակի ելքը գտնելու համատեղ փնտրտուքը:

Քանի որ շարունակությունը հրապարակն է, փողոցը, հնարավոր բոլոր եղանակներն ու գործընթացները` ես պատրաստ եմ մի մասնիկը դառնալ այն աննկուն պայքարի, որից մեր սերունդը պարտավոր է պարզերես դուրս գալ: Ուրեմն` ի գործ, դեպի մեծ ու արդար հաղթանակ: