Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որով մինչև 15 տարեկան երեխաներին կարգելվի օգտվել սոցիալական ցանցերից։ Արգելքը նախատեսվում է կիրառել փուլերով․ սկզբում այն կտարածվի նոր հաշիվների վրա, իսկ հետո՝ նաև արդեն գոյություն ունեցող հաշիվների։
The Guardian-ի փոխանցմամբ՝ օրինագիծն Ազգային ժողովում ընդունվել է 279 կողմ և 81 դեմ ձայներով։ Եթե այն վերջնական ուժի մեջ մտնի, Ֆրանսիան կդառնա Եվրամիության առաջին երկիրը, որը նման համընդհանուր սահմանափակում է սահմանում երեխաների համար՝ TikTok-ի, Instagram-ի, Snapchat-ի և այլ հարթակների օգտագործման մասով։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախաձեռնությունը ներկայացնում է որպես երեխաների և դեռահասների առցանց պաշտպանության միջոց։ Նախատեսվում է, որ սեպտեմբերի 1-ից մինչև 15 տարեկանները չեն կարողանա նոր հաշիվներ բացել սոցիալական ցանցերում, իսկ 2027 թվականի հունվարից կարգավորումը կտարածվի նաև գործող հաշիվների վրա։
Ֆրանսիայի թվային հարցերով նախարար Անն Լը Հենանֆի խոսքով՝ օգտատերերը պետք է ապացուցեն իրենց տարիքը, իսկ եթե պարզվի, որ հաշիվը պատկանում է մինչև 15 տարեկան երեխայի, այն կփակվի։ Կառավարությունը վստահեցնում է, որ տարիքային ստուգման մեխանիզմները պետք է գործեն անձնական տվյալների պաշտպանության պայմաններում։
Օրինագծով ծնողների կամ երեխաների համար պատիժներ նախատեսված չեն։ Միաժամանակ նախատեսվում են բացառություններ կրթական հարթակների և առցանց հանրագիտարանների համար։
Ֆրանսիայի առողջապահական մարմինները նախկինում զգուշացրել էին, որ TikTok-ը, Snapchat-ը և Instagram-ը կարող են բացասաբար ազդել դեռահասների, հատկապես աղջիկների հոգեկան առողջության վրա։ Սակայն օրինագծի քննադատները մտահոգություն ունեն տարիքային ստուգման, տվյալների գաղտնիության և արգելքը շրջանցելու հնարավորությունների վերաբերյալ։



















