ԿԳ՞Բ, ռուսական ձեռագի՞ր. վերլուծաբաններն համոզիչ չեն համարում Հայրիկյանի առաջ քաշած կասկածները` մահափորձի շուրջ

ԿԳ՞Բ, ռուսական ձեռագի՞ր. վերլուծաբաններն համոզիչ չեն համարում Հայրիկյանի առաջ քաշած կասկածները` մահափորձի շուրջ
ԿԳ՞Բ, ռուսական ձեռագի՞ր. վերլուծաբաններն համոզիչ չեն համարում Հայրիկյանի առաջ քաշած կասկածները` մահափորձի շուրջ

«Ռուսական իմպերիալիստական ուժերի»` Հայրիկյանի դեմ մահափորձում խառնված լինելու մասին վերջինիս կասկածներին արձագանքել է Գյումրում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Վասիլի Կորչմարը՝ Հայրիկյանի խոսքերը որակելով որպես հերյուրանք:
«Դա բացարձակ հերյուրանք է, մենք Հայաստանի ներքին գործերին ընդհանրապես չենք միջամտում: Առաջին հերթին` ԿԳԲ-ն վաղուց արդեն գոյություն չունի, և երկրորդ՝ Հայաստանում կան համապատասխան մարմիններ, որոնք պարտավոր են զբաղվել ներքին անվտանգության ապահովման խնդրով, հետևաբար, նրանք են պատասխանատու կատարվածի համար: Այդ ամենը զրպարտություն է, նպատակ է հետապնդում ինչ-որ միավորներ հավաքել հասարակության շրջանում ընտրությունների նախաշեմին»,- galatv.am-ին ասել է Կորչմարը:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ի կեսգիշերին Երևանի կենտրոնում՝ Տպագրիչների փողոցում, մահափորձ էր կատարվել նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ: Նա ուսի շրջանում ստացել էր հրազենային վնասվածք, բարեբախտաբար, այժմ կյանքին վտանգ չի սպառնում: Ինչպես ավելի ուշ հայտարարել էր Պարույր Հայրիկյանը, իր վրա կրակողը հայկական դիմագծեր չի ունեցել:

ԱԻՄ-ի նախագահը տեղի ունեցածում ռուսական հատուկ ծառայությունների ձեռագիրն է տեսել: Նա հայտարարել է, որ իրեն սպանելու նպատակ են ունեցել:

«Ես ռուսական իմպերիալիստական ուժերին եմ կասկածում և համոզված եմ, որ ինձ սպանելու նպատակ են ունեցել, ինչն ուղղված է ողջ հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ»,- մասնավորապես ասել էր Հայրիկյանը: Նա նաև ասել էր, որ մահափորձի պատճառ կարող էին լինել իր այն հայտարարությունները, որ Հայաստանն այլընտրանք չունի, պետք է գնա դեպի Եվրոպա, քանի որ «իմպերիստական կայսերապաշտ Ռուսաստանից միայն վնասներ ենք տեսել»:

Այնուամենայնիվ, Հայաստանում որոշ վերլուծաբաններ այնքան էլ համոզիչ չեն համարում Հայրիկյանի առաջ քաշած վարկածը:

«Դա անհավանական է, եթե հատկապես հիմք ընդունենք այն հիմնավորումը, որը ներկայացնում է Պարույր Հայրիկյանը: Ըստ նրա հիմնավորման՝ իբր թե մահափորձի պատճառն այն է, որ ինքը կողմ է արտահայտվել եվրոպական ինտեգրմանը, այլ ոչ թե եվրասիական ինտեգրմանը: Դա կարելի է համարել ոչ համոզիչ, եթե հատկապես նա գործադիր իշխանությունում ներկայացված չէ և ռեալ դերակատարում չունի այդ գործընթացում»,- «Մեդիալաբին» ասում է ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ, քաղաքագետ Գարիկ Քեռյանը:

Միաժամանակ քաղաքագետը չի բացառում, որ Պարույր Հայրիկյանը հնարավոր է ԽՍՀՄ նախկին ԿԳԲ-ի հետ հաշիվներ ունի.

«Եթե գիտի բաներ, որ մենք չգիտենք, դա կարելի է հիմք ընդունել: Բայց ինտեգրման գործընթացների վերաբերյալ այն քաղաքական գործչի հայտարարությունը, որը էականորեն երբեք չի կարող ազդել Հայաստանի արտաքին քաղաքականության վրա, որովհետև ինքը չի որոշում այդ արտաքին քաղաքականությունը, ես լուրջ չեմ համարում»:

Քեռյանի խոսքով՝ նախագահի թեկնածուի դեմ մահափորձը կարող էր ձեռնտու լինել միայն այն ուժերին, ովքեր ցանկանում են հետաձգել նախագահի ընտրությունները:

«Ես 100 տոկոսով վստահ եմ, որ այս մահափորձը ձեռնտու էր միայն նրանց, ովքեր կուզենային պարզապես հետաձգել ընտրությունները: Չնայած այդ հետաձգումը, իմ կարծիքով, քաղաքական դաշտում որևէ փոփոխություն չի առաջացնի: Խոսքը երկու շաբաթով հետաձգելու մասին է, ինչը որևէ քաղաքական ուժի համար առաջընթաց կամ հետընթաց չի կարող ապահովել»,- ասաց քաղաքագետը:

Հարցին՝ արտաքի՞ն, թե՞ ներքին ուժերը կարող էին շահագրգռված լինել ընտրությունների հետաձգման հարցում, Գարիկ Քեռյանը պատասխանեց.

«Կարող է լինել և´ ներքին, և´ արտաքին ուժ: Ինչպես երևում է, այդ մահափորձը չի կատարվել այնպես, որ տվյալ անձնավորությանը մահ պատճառվեր: Պարզ երևում է, որ դա հրազենային ոչ մահացու վնասվածք հասցնելու միտում է եղել, ոչ թե սպանության»:

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այս հարցում բացառում է ռուսական գործոնը:

«Եթե ուշադիր եք, Պարույր Հայրիկյանն իրարամերժ հայտարարություններ է անում: Ինքն ասել է, որ ռուսական հատուկ ծառայությունների ձեռքի գործն է, բայց նկատի չունի ժամանակակից ժողովրդավարական Ռուսաստանը: Ես ավելի շատ դա գնահատում եմ այսպես՝ պարզապես շոկի մեջ գտնվող, վիրահատություն տարած մարդու հայտարարություն»,- «Մեդիալաբին» ասում է Սերգեյ Մինասյանը: Նա նշեց, որ մահափորձի գործում որևէ արտաքին ուժի ներգրավվածություն քիչ հավանական է համարում կամ գրեթե բացառում է:

«Որպես քաղաքագետ` ես չեմ կարողանում պատկերացնել, որ արտաքին ուժին Հայրիկյանի պես քաղաքական գործչի դեմ մահափորձը կարող էր ձեռնտու լինել կամ ինչո՞ւ պետք է ձեռնտու լինել»,- նշեց նա: Շրջանառվող այն վարկածները, թե մահափորձը արտաքին ուժերի կողմից ուղղված է մեր երկրում իրավիճակի ապակայունացմանը, Սերգեյ Մինասյանն անիրատեսական է համարում:

«Ես չգիտեմ՝ ո՞ր գերտերությունը կցանկանար մեր վարկանիշի վրա ազդել: Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, Միացյալ Նահանգներն ու Եվրամիության երկրներն էլ փորձում են մեզ օգնել ժողովրդավարացման գործընթացներում: Ես չեմ կարծում, որ մահափորձը այդ ուժերի ձեռքի գործն է»,- ընդգծեց նա:

Սերգեյ Մինասյանը միաժամանակ նշում է, որ այս փուլում չի կարող հստակ ասել, թե ներքին ո´ր ուժերին էր դա ձեռնտու:

Հիշեցնենք, որ ԱԻՄ-ի նախագահ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը մեծ արձագանք է գտել նաև Հայաստանի սահմաններից դուրս: Տեղի ունեցածին անդրադարձել են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հեղինակավոր պարբերականները:

Ինչպես փետրվարի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ինքը Պարույր Հայրիկյանի հետ կատարվածը թեև որպես մահափորձ չէր ձևակերպի, սակայն միևնույն ժամանակ հավելել է, որ «խորապես համոզված» է, որ Հայաստանի իրավապահները, որոնք մշտապես առանձնացել են իրենց պրոֆեսիոնալիզմով, արագ կպարզեն, թե ի´նչ է տեղի ունեցել, և կգտնեն մեղավորին:

Տեղի ունեցածի վերաբերյալ փետրվարի 2-ին, պատասխանելով «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության թղթակցի հարցին, ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորյա Նուլանդը կոչ է արել Հայաստանի իշխանություններին ապահովել Հայաստանում ընտրությունների ազատ և արդար անցկացումը:

«Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին կարգավորել այս խնդիրը Սահմանադրության համաձայն՝ այն եղանակով, որ ապահովի ընտրությունների առաջընթացն ազատ և արդար եղանակով և պաշտպանի բոլոր թեկնածուների իրավունքները»,- նշել է Վիկտորյա Նուլանդը:

© Medialab.am