Ազատության հրապարակ. Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը

Ազատության հրապարակ. Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը
Ազատության հրապարակ. Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը

Հարգելի հայրենակիցներ,
Այսօր իմ համաքաղաքացիներից մեկն ինձ նամակ է գրել` ասելով, որ իմ ընտրած քաղաքացիական ահազանգի անվանումը սխալ է, պետք է լիներ «Ծոմ առ արդարություն»: Բոլոր դեպքերում զորակցական այս լուռ հավաքն այնքան էլ լուռ չէր, քանի որ մեր պատգամավորները շատ դիպուկ եւ համապարփակ ելույթներ ունեցան: Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել մեր բոլոր այն համաքաղաքացիներին, հայրենակիցներին, մտավորականներին, քաղաքական գործիչներին եւ շարքային հայերին ու հայաստանցիներին, ովքեր սրտաբուխ, առանց կոչի, առանց հրավերի, առանց քարոզչության կամ այսպես ասած` PR-ի, զորակցել են ինձ եւ իմ ընտանիքին մեզ համար փորձության այս օրերի ընթացքում:

Ոչ մեկի համար սա հեշտ որոշում եւ ընթացք չէ: Կարող եմ ասել, որ ինձնից շատ առավել մտատանջվում, տառապում են թե՛ իմ ընտանիքի անդամները` Լոս Անջելեսից մինչեւ Երեւան, իմ գործընկերները, կուսակիցները, բարեկամները եւ թե՛ բյուրավոր հայաստանցիներ, շարքային քաղաքացիներ, ովքեր այս 7 օրերի ընթացքին այցելել են ինձ` Ազատության այս քաղաքացիական հավաքատեղին` զորակցելու, աջակցելու, տարհամոզելու ինձ, ինչպես պաստառն է ներկայացնում` խնդրելով, որ ես ավարտեմ ծոմը եւ հացադուլը:

Ես չեմ ուզում որեւէ մեկին անհանգստություն, տանջանք եւ ցավ պատճառել: Ես գիտեմ, որ մտահոգություններն անկեղծ են, որ պայքարի այլ եղանակներ կան, բայց ինչպես «Ժառանգության» խորհուրդը մարտի 13-ին որոշեց, մենք մեր ամբողջական պայքարը շարունակելու ենք ի կատար բոլոր հնարավոր եղանակներով` Ազգային ժողովի ամբիոնից մինչեւ հրապարակ: Այդ որոշումից երկու օր անց ես եւ մենք միասին արդեն հրապարակում էինք: Եվ չկա որեւէ ստեղծագործական թռիչք կամ ավելորդ դիվանագիտություն, սա իսկապես ժողովրդի, Հայաստանի հասարակության շնորհքն է, իր սահմանադրական իրավունքի իրացման վճռականությունը: Իմ մեծագույն պատիվն է, որ ես մասնակիցն ու վկան դարձա, թե ինչպես մեր ժողովուրդը մեր օրերին վերատիրացավ իրեն պատկանող այս հրապարակին:

Ձեզ շնորհակալություն հայտնելուն զուգահեռ` ուզում եմ անդրադառնալ բոլոր նրանց` քաղաքացիներին, քաղաքական ուժերին, հեռուստաընկերություններին, մտավորականներին, ովքեր ինձ այցելելով` խնդրել են, որ ես արդեն ավարտեմ ազատության համար իմ քաղաքացիական այս ծոմը: Ես հասկանում եմ` այդ առաջարկները, այդ խնդրանքները, այդ արցունքները խիստ հիմնավորված են. Աստված մեկ անգամ է մեզ կյանք տալիս, եւ դա մենք արժանվույն պետք է գնահատենք, միաժամանակ` այդ աննախադեպ օրհասական իրավիճակը, որի մեջ մենք ապրում ենք եւ որը սպառնում է Հայաստանին: Ապագան եւ ազատությունը, անվտանգությունը եւ մրցունակությունն այս աշխարհում պարզապես ստիպում են, որ մեկ-մեկ մենք դիմենք այնպիսի քայլերի, որոնք կարող են համարվել ոչ ստանդարտ:

Այս դեպքում դուք լավ գիտեք, թե որոնք են հայ ժողովրդի, մեր բոլորիս, ինչպես նաեւ «Ժառանգության» քաղաքական պահանջները, որոնց ես միանում եմ լիովին եւ առանց վերապահության:

Եթե որեւէ պաշտոնյա տարակուսում է, կասկած ունի, թե ինչու ենք մենք այստեղ հավաքված, թող վերընթերցի այդ պահանջները: Դրանից հետո, եթե մեկնաբանության խնդիր ունենան, թող համենան այստեղ, եւ ես սիրով կբացատրեմ իրենց այս ծոմի, մեր հավաքի եւ Ազատության հրապարակի պահանջի բովանդակությունը:

Պայքարը շարունակվելու է, որովհետեւ իմ ակնկալիքը, մեր պահանջը ոչ միայն գործող իշխանությունից է, թեեւ կսպասենք մինչեւ վերջին պահը` ակնկալելով իրենց շինիչ եւ արմատական լուծումներն այսօրվա բոլոր խնդիրներին: Առավել կարեւորը մեր ժողովրդի եւ հասարակության այն հավատքն է, որ ինքն է քաղաքական, քաղաքացիական, իրական տերը իր իրավունքների, իր ազատությունների, իր հրապարակների ու քաղաքական իր օրակարգի: Նույնպես եւ` մեր երեխաների ապագայի:

Ժամանակները հասունացրել են այս պահը, եւ արդեն անցել են այն ժամանակները, երբ որեւէ գործիչ կամ կուսակցություն, իշխանություն կամ ընդդիմություն պետք է ժողովրդին հրամայեն` ինչ-որ բան անել: Առաջիկա շաբաթները, ամիսները պահանջում են, որ հայոց հասարակությունը, դրա հետ մեկտեղ` Հայաստանի ընդդիմությունն ամբողջությամբ վերցրած գտնեն հարատեւ, նպատակասլաց պայքարի համակարգված եղանակներ, ընդհանուր եզրեր, որովհետեւ սա է ժողովրդի պահանջը, սա է ժողովրդի իմաստությունը, եւ արդեն բավ է` թերթերի էջերից անուղղակի եղանակներով, ասեկոսեների, բամբասանքների, զրպարտանքների ոգով մեկը մյուսի նկատմամբ փորձի միավորներ վաստակել` դրանով արհամարհելով ժողովրդի պահանջը եւ քաղաքական պահի լրջությունը:

Շարունակելու ենք մեր պայքարը, որովհետեւ «Ազատության ծոմի» այս 7 օրերի ընթացքում մենք տեսել ենք միասին, եւ ես էլ այստեղ նստած ավելի սահմանափակ իմ դիտանկյունից, հասարակական գիտակցության մի շատ կարեւոր փոփոխություն` հասարակության իրավատիրության, կամքի, ոգու նոր ծիլեր, երիտասարդության ակտիվացման, մասնակցության հրամայական, երկրին պատկանելու եւ տիրանալու նոր մղումներ: Սա բավարար չէ իհարկե, բայց այն, ինչ մենք տեսել ենք այսօր այս հրապարակում, Հայաստանի ողջ տարածքով եւ անգամ համացանցում` ցույց է տալիս, որ այս փոքրիկ, համեստ սերմերը ծլարձակում են, որպեսզի ծաղկեն, հունձք տան հաջորդ սերնդի համար:

Պայքարը կշարունակվի այս հրապարակում այնքան օրեր ու շաբաթներ, որքան Աստված ինձ ուժ եւ կարողություն կտա եւ ինձնից շատ ավելի կարեւոր` հրապարակից դուրս բոլոր ամբիոններում, ասպարեզներում, ատյաններում եւ այլ հարթակներում` գյուղում եւ քաղաքում: Որովհետեւ այսօր դրված են մեր սեղանի, մեր ասպարեզի, մեր նժարի վրա Հայաստանի եւ հայ քաղաքացու արժանապատվությունը, ազատությունը, վաղվա օրը եւ, ընդհանուր առմամբ, Հայաստանի անվտանգությունն ու ազգային շահը: Մեր ազգային շահը, ինչպես նաեւ քաղաքացու իրավունքը արդեն վտանգի տակ են: Հարցը հարուցված է, եւ այդ հարուցված հարցի պատասխանը մենք տալու ենք միասին Ազատության` մեզ պատկանող այս հրապարակից մինչեւ Հայաստանի ամենահեռավոր սահմանները:

Ես կրկին իմ երախտագիտությունն եմ հայտնում Ձեր տեւական զորակցության համար: Ես Ձեզ մի փոքր եւս պիտի տանջեմ` չգիտեմ որքան, եւ խնդրում եմ չհուսահատվել, ապավինել միմյանց, չտխրել, որովհետեւ սա է մեր անցնելիք ճանապարհը: Այն մեկն է եւ տանելու է դեպի ժողովրդաիշխանություն եւ հայ ազգի հաղթանակ:

Շնորհակալություն: