Հայաստան, Իրան, Հնդկաստան հանդիպումը քաղաքական մեսիջ է պարունակում, ու Բաքվում հաստատ ցավոտ են ընդունելու. Իրանագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Ժաննա Վարդանյանը

– Տիկի՛ն Վարդանյան, ապրիլի 20-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև եռակողմ ձևաչափով առաջին քաղաքական խորհրդակցությունները։ Իրանական կողմում ի՞նչ արձագանքներ կան այս խորհրդակցությունների վերաբերյալ։

– Նկատենք, որ նմանօրինակ եռակողմ խորհրդակցություններ նախկինում չեն եղել, ու առաջին անգամ է, որ հայ-իրանական-հնդկական եռակողմ հանդիպում է անցկացվում։ Իրանական կողմում առայժմ այնքան էլ շատ չեն արձագանքները, անգամ այդ հանդիպման մասին շատ քիչ տեղեկատվություն է հրապարակվել։ 

Իրանական կողմի մասնակիցը իր Թվիթերում գրել էր, թե ինչի մասին են եղել հիմնական քննարկումները՝ նշելով, որ դրանց առանցքում են եղել Հյուսիս-հարավ միջանցքը և Չաբհարի նավահանգստի միջոցով Հայաստանին, Հնդկաստանին կապելու հարցերը։ Նույն ինֆորմացիան կար նաև հայկական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։ 

– Իսկ հայտնի՞ է, թե խորհրդակցությունն ում նախաձեռնությամբ է անցկացվել։

– Ո՛չ, ճիշտն ասած, նմանատիպ ինֆորմացիայի չեմ հանդիպել, բայց քանի որ առաջին հանդիպումը Հայաստանում է տեղի ունեցել, գուցե հենց հայկական կողմն է նախաձեռնել։

– Աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին այս խորհրդակցությունն ի՞նչ կարող է տալ, ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցածը։

– Իհարկե սա շատ ողջունելի է ու կարևոր է մի քանի հարթություններում․ սա նախևառաջ քաղաքական կարևոր ուղերձ է հայ-իրանական-հնդկական հնարավոր համագործակցության առնչությամբ տարբեր հարթակներում՝ ոչ միայն Հյուսիս-հարավում։ Կարծում եմ, որ այս հարցը շատ ցավոտ են ընդունելու հենց Բաքվում։ 

Տարանցիկ համագործակցության տեսանկյունից այդ հանդիպումը ևս մեկ անգամ փաստեց, որ թե՛ Իրանը, թե՛ Հնդկաստանը շահագրգռված են, որ Հյուսիս-հարավ միջանցքի երթուղիներից մեկն անցնի Հայաստանով։ Գիտենք, որ Հյուսիս-հարավն այս պահին Իրանից ճյուղավորվում է երեք երթուղով․ Թուրքմենստանի տարածքով՝ երկաթուղով, մյուսը՝ Կասպից ծովով, մյուսը՝ Ադրբեջանի տարածքով։ 

Ներկայի տվյալները ցույց են տալիս, որ ամենաշատ օգտագործվող ճյուղը Ադրբեջանի տարածքով անցնողն է, ու այստեղ խոսքը վերաբերում է ոչ միայն երկաթուղուն, այլև ավտոմոբիլային փոխադրումներին, որով ևս Ադրբեջանն առաջատար է։ 

Մենք պետք է կարողանանք մեր ենթակառուցվածքներն ամբողջացնել, մասնավորապես, Հյուսիս-հարավ ավտոմայրուղին կառուցել ու դրանով արդեն մրցակից դառնալ մյուս երթուղիներին։ Հայկական երթուղին առաջին հերթին կարևորվում է հենց քաղաքական իմաստով, այսինքն՝ սա դիտարկվում է որպես այլընտրանք ադրբեջանական երթուղուն ու առհասարակ՝ թուրքականին, հաշվի առնելով նաև Իրան-Ադրբեջան հարաբերություններում լարվածությունը։ Այսինքն՝ որպես այլընտրանք, հայկական երթուղին առաջին հերթին քաղաքական նշանակություն ունի, ու թե՛ Իրանը, թե՛ Հնդկաստանը շահագրգռված են դրանում, մեզ մնում է շատ արագ կառուցել Հյուսիս-հարավը, և, ինչու ոչ, այդ հարցում օգտվել Իրանի ու Հնդկաստանի աջակցությունից, ներդրումներից։ 

Կոնկրետ Իրանի դեպքում ներդրումների մասին խոսելը դժվար է, բայց, օրինակ՝ իրանական ընկերությունները կարող են մասնակցել կառուցմանը, ու այդ մասին հայտարարվել է, խոսակցություններ կային, որ Քաջարանի թունելն իրանական ընկերություններն են կառուցելու, գուցե Հնդկաստանից էլ հնարավոր լինի ներդրումներ բերել, եթե աշխատանք տարվի այդ ուղղությամբ։

– Տիկի՛ն Վարդանյան, այսինքն՝ ադրբեջանական կողմը միանշանակ այս փաստին բացասակա՞ն է արձագանքելու։

– Անշուշտ նրանք շատ վատ ու ցավով են ընդունելու այս փաստը թե՛ հենց այդ տարանցիկ՝ Հյուսիս-հարավի համագործակցության տեսանկյունից, թե՛ քաղաքական առումով, որ, օրինակ՝ անցկացվել է Հայաստան, Իրան, Հնդկաստան եռակողմ հանդիպում։ Սա նախևառաջ նաև քաղաքական մեսիջ է պարունակում, ու հաստատ Բաքվում ցավոտ են ընդունելու։ 

Նրանց կողմից սա կընկալվի, որ Իրանն ու Հնդկաստանը դաշնակցում են Հայաստանի հետ, իսկ հայտնի է, որ Ադրբեջանը վարում է Հայաստանը մեկուսացնելու քաղաքականություն, որ Հայաստանով առհասարակ տարանցիկ երթուղիներ չանցնեն, ու հենց ինքն է ցանկանում դառնալ տարածաշրջանային կարևոր կենտրոն, ինչը չեն ցանկանում մի շարք խաղացողներ՝ հանձին Իրանի։ 

– Իսկ այդ քաղաքական մեսիջը միա՞յն, թե՞ հիմնականում Ադրբեջանին է ուղղված։

– Հիմնականում՝ Ադրբեջանին, կարծում եմ՝ հենց Ադրբեջանն է հասցեատերը։ 

– Հյուսիս-հարավի կառուցման այդ շահագրգռությունը կարո՞ղ ենք դիտարկել որպես՝ գուցե հակակշիռ ասենք, թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից շահարկվող «Զանգեզուրի միջանցքի»։

– Իհարկե, Ադրբեջանը հենց «Զանգեզուրի միջանցք» կոչվածով ձգտում է ստեղծել այսպես կոչված Արևմուտք-արևելք միջանցքը, ու դրա հիմնական շահառուն և տերը ցանկանում է ինքը լինել: Բնականաբար, Իրանը դեմ է այդ միջանցքին, բազմիցս է խոսել այդ մասին ու գործողություններով ցույց տվել։ 

Ինչու եմ ասում, որ Հյուսիս-հարավը քաղաքական նշանակություն ունի, որովհետև հենց նույն Իրանում, օրինակ՝ Հյուսիս-հարավն ու այդ երթուղին Հայաստանով անցկացնելը ընկալում են նաև Սյունիքի անվտանգության երաշխիք, այսինքն՝ Իրանում հավատացած են, որ եթե Հայաստանով միջազգային տարանցիկ երթուղի անցնի, ապա Հայաստանի ու, մասնավորապես, Սյունիքի նշանակությունն ավելի է բարձրանում, դրանում շահագրգիռ են միջազգային շատ երկրներ, հետևաբար Ադրբեջանի համար ավելի բարդ է լինելու Սյունիքի նկատմամբ ագրեսիան։ Սա այն համոզմունքն է, որն ունեն Իրանում։ 

Իրանական կողմն ամեն կերպ շեշտադրում, առաջ է տանում Հյուսիս-հարավի թեման հենց նրա համար, որ ապահովի Սյունիքի անվտանգությունը։ Երբ նշում եմ Հյուսիս-հարավ, կոնկրետ նկատի ունեմ հայկական երթուղին, որովհետև գործողը չի անցնում Հայաստանի տարածքով։ 

Եթե ժամանակին ու շատ արագ կառուցվի Հայաստանով անցնող երթուղին, ապա, այո՛, այն կարող է հակակշիռ լինել «Զանգեզուրի միջանցք» կոչվածին, բայց հարցն այն է, թե մենք ե՞րբ դա ավարտին կհասցնենք, որովհետև դրա կառուցումն այնքան էլ հեշտ չէ՝ հաշվի առնելով Սյունիքի տեղանքը, այսինքն՝ մենք ժամանակ չունենք ամեն դեպքում ու պետք է շատ արագ այդ ճանապարհը կառուցենք։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am