Գազի հնարավոր թանկացումը շղթայական խնդիրներ կառաջացնի տնտեսությունում և կծանրացնի բնակչության սոցիալական վիճակը. Առաքելյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը 

– Պարո՛ն Առաքելյան, ԿԲ նախագահը հայտարարել է, որ գազի հնարավոր թանկացման վերաբերյալ Կենտրոնական բանկն ունի հաշվարկներ, սակայն չի կարող կանխարգելիչ միջամտություն իրականացնել, քանի դեռ գնաճի վրա դրա ազդեցությունը չի դրսևորվել: Ինչպե՞ս կգնահատեք այս հայտարարությունը, ու ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե գազի գինը բարձրանա:

– Այո՛, թեև Կենտրոնական բանկը օրենքով գնաճի զսպման պատասխանատուն է, սակայն այն գործիքակազմը, որով Կենտրոնական բանկը գնաճը զսպում է, նույն գազի թանկացման դեպքում հնարավորություն չունի զսպելու:

Այսինքն՝ ԿԲ-ն հնարավորություն ունի արտարժույթի փոխարժեքի վրա որոշակի ազդեցությամբ մեղմել ներմուծվող ապրանքների գնի բարձրացումը, օրինակ՝ եթե դոլարի փոխարժեքը բարձրանում է, ու դոլարով ապրանքներ ներմուծելիս մենք սկսում ենք գինը բարձրացնել, այդ դեպքում ԿԲ-ն փորձում է զսպել դոլարի թանկացումը, որպեսզի տեղի չունենա ներմուծվող ապրանքների թանկացում, այսինքն՝ ԿԲ-ի գործիքներն ավելի շատ ֆինանսական են, այլ ոչ տնտեսական: Այսինքն՝ այդ տեսանկյունից գազի գնի հնարավոր բարձրացումը Կենտրոնական բանկի տիրույթից դուրս է, իհարկե գազի թանկացումն անդրադառնալու է նաև տնտեսության այլ հատվածների վրա: 

Որոշակի միջամտություն հնարավոր է անել, բայց ասել, որ հնարավոր է զսպել գազի թանկացումը՝ տնտեսության բացասական ազդեցությամբ, իհարկե ոչ: Շղթայական լուրջ խնդիր ենք ունենալու այդ պարագայում, խնդիրը վերաբերում է ոչ միայն սպառողներին, որոնք ուղղակի գազ են օգտագործում ու դրա դիմաց վճարելու են՝ որպես բավականին մեծ կոմունալ ծախս, որովհետև այսօր մեր բնակչության բավականին զգալի հատված գազիֆիկացված բնակարաններում է ապրում, ու գազի ծախսը բավականին մեծ ծախս է համարվում Հայաստանի քաղաքացիների համար, իսկ տնտեսությունը ամբողջությամբ կախվածության մեջ է գազից: 

Մենք ունենք գազով և՛ էլեկտրաէներգիայի արտադրություն, ու գրեթե ամբողջ տնտեսություն՝ սկսած փոքր արտադրությունից, վերջացրած խոշոր ձեռնարկություններով, որոնք գազ են սպառում: Հետևաբար գազի հնարավոր թանկացումը բավականին բացասական կլինի, ընդ որում՝ դրա հնարավոր ռիսկերը շղթայական ավելի մեծ են լինում նաև վարքագծի պատճառով, այսինքն՝ ավելի շատ խուճապ է լինում, մարդիկ սկսում են իրենց ծախսերը հետաձգել, բիզնեսներն սկսում են իրենց տնտեսական գործունեությունը հետաձգել, որն ավելի խնդիրներ է առաջացնում: 

Այդ տեսանկյունից լուրջ խնդիրների կարող ենք բախվել, որովհետև Հայաստանի տնտեսությունը գազից՝ որպես լուրջ էներգակրից, բավականին մեծ կախվածություն ունի, ու Կառավարությունն այդ հարցի լուծումը պետք է ավելի շատ կանխարգելման տեսանկյունից դիտարկի, քան հետագա մեղմման: Հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում գազի գնի գործոնը բավականին կարևոր է, ու սրա լուծումն ավելի շուտ քաղաքական է, քան՝ տնտեսական կամ ֆինանսական:

– Իսկ ո՞ր կառույցն է, որ անմիջականորեն պետք է զբաղվի ձեր ասած կանխարգելման ուղղությամբ:

– Քանի որ այս խնդիրը արտաքին քաղաքական է, ու այս ամենի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, որի արտաքին խայտառակ քաղաքականության պատճառով այս պահին նման վտանգ կա, հետևաբար առաջինը հենց ինքը պետք է կանխարգելիչ քայլերն անի: Պետք է արձանագրել, որ մինչ այս պահը Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը Հայաստանում դեռևս իր դրական ազդեցությունը չի թողնում, ու խոսքը միայն հայ-ռուսական հարաբերությունների մասին չէ, նույնը այդ ԵՄ-ի ուղղությամբ ակտիվ աշխատանքները չեն տալիս այն արդյունքը, որ մեր կյանքում ինչ-որ դրական բան փոխվի: 

– Պարո՛ն Առաքելյան, բայց էկոնոմիկայի նախարարն ասում է, որ գազի թանկացումը Հայաստանի համար բարդ խնդիրներ չի ստեղծի, նույն ԵՄ շուկայի մասով հավաստիացնում են, թե բազմաթիվ ապրանքներ Հայաստանից արտահանվում են եվրոպական շուկաներ: Արժանահավատ չե՞ք համարում նախարարի այս պնդումները:

– Էկոնոմիկայի նախարարի ու իր գործընկերների համար, իհարկե, աշխարհի վերջը չի լինի, որովհետև իրենք 2-3 միլիոն դրամ աշխատավարձ են ստանում, նաև պարգևավճարներ, բայց հասարակության մեծ մասի համար գազի սակագնի հնարավոր բարձրացումը ավելի է խորացնելու տարրական ծախսերի խնդիրը: 

Ինչ վերաբերում է արտահանմանը, այո՛, դեպի ԵՄ արտահանման մասով որոշակի ակտիվություն կա, բայց դա չի փակում այն խնդիրները, որ մենք ունենք հայ-ռուսական հարաբերություններում: Հիմա, եթե 50 տոկոսով ԵՄ-ում արտահանումն ավելացել է, բայց այդ ավելացած 50 տոկոսն արդյոք փակո՞ւմ է դեպի Ռուսաստան արտահանման ծավալների նվազումը, իհարկե ո՛չ: Այդ թվերի մանիպուլյացիան, որ դեպի ԵՄ արտահանման ծավալներն ավելացել են, պետք է դիտարկել դեպի Ռուսաստան արտահանման ծավալների նվազման հետ, ընդ որում՝ խոսքը պետք է նույն ապրանքի մասին լինի, այլ ոչ թե ընդհանուր արտահանման: 

Տնտեսության կարևորագույն ցուցիչներից մեկը ներառականությունն է, այսինքն՝ որ արտահանումը դեպի ԵՄ ավելացել է, քանի՞ հոգի են մասնակից դարձել այդ ավելացմանը: Այսինքն՝ դեպի Ռուսաստան ապրանք արտահանող պայմանական ասած հազար ընկերությունից քանի՞սն են հիմա կարողանում դեպի Եվրոպա իրենց ապրանքն արտահանել: Հակառակ պարագայում Ազգային վիճակագրության ծառայության թվերը մեր կյանքում ոչ մի բան չեն փոխում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am