Մտահոգ ենք, որ քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրող ոստիկանները կարող են արդարացվել դատարանի կողմից և մնալ անպատիժ. Հայտարարություն

Մտահոգ ենք, որ քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրող ոստիկանները կարող են արդարացվել դատարանի կողմից և մնալ անպատիժ. Հայտարարություն
Մտահոգ ենք, որ քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրող ոստիկանները կարող են արդարացվել դատարանի կողմից և մնալ անպատիժ. Հայտարարություն

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն իր մտահոգությունն է հայտնում քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանին դատարանի կողմից արդարացնելու վերաբերյալ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ։

«2015թ․ մարտի 28-ին, ճանապարհային ոստիկանները կանգնեցրել էին Էդգար Դավթյանին՝ վերջինիս կողմից ճանապարհային երթևեկության կանոնների ենթադրյալ խախտում կատարելու համար։ Էդգար Դավթյանին տուգանելու շուրջ տեղի էր ունեցել վիճաբանության, որը վերածվել էր ոստիկանության ծառայողների հետ քաշքշուկի։

Քաշքշուկի ժամանակ ճանապարհային ոստիկան Արտակ Ղազարյանը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, Էդգար Դավթյանի նկատմամբ կիրառել էր բռություն, ոտքով հարվածներ  հասցրել արդեն գետնին ընկած Էդգար Դավթյանի մարմնի տարբեր մասերին։

Արտակ Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնությամբ)։ Ըստ մեղադրական եզրակացության` Էդգար Դավթյանին պատճառվել է առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։ Նախաքննության ժամանակ Արտակ Ղազարյանը ընդունել էր մեղքը և տվել էր խոտովանական ցուցմունք, ինչպես նաև Էդգար Դավթյանի հետ առերեսման ժամանակ չէր հերքել վերջինիս հարվածներ հասցնելու հանգամանքը։

Որպես վկա, գործով անցնող ոստիկանության 3 այլ ծառայողներ, նախաքննական ցուցմունքներում նույնպես հաստատել էին Արտակ Ղազարյանի կողմից Էդգար Դավթյանի նկատմամբ բռնություններ կիրառելու հանգամանքը։ Բռնություններ կիրառելու փաստը հաստատվել էր նաև գործում առկա տեսագրությամբ։ 

2015թ․ հոկտեմբերի 19-ին կազմվել էր մեղադրական եզրակացություն և գործն ուղարկվել էր դատարան։ Դատարանում, սակայն, Արտակ Ղազարյանը մեղքը չէր ընդունել։ Մի քանի տարի գործը քննելուց հետո, 2019թ․ օգոստոսի 28-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Վահե Խալաթյան) արդարացրել է Արտակ Ղազարյանին՝ նշելով, որ վերջինիս մեղքը և մեղավորությունը իսպառ բացակայում է, ուստի նա ենթակա է արդարացման։ 

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն դատապարտում է խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող ցանկացած վերաբերմունք և գտնում է, որ նման երևույթների նկատմամբ պետք է դրսևորվի զրո հանդուրժողականություն։ Կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրող ոստիկանները կարող են արդարացվել դատարանի կողմից և մնալ անպատիժ»։