«Ինչ անում են, ճիշտ է». Արամ Աբրահամյան

Հրապարակային քաղաքականություն Հայաստանում գոյություն չունի, ՀՀԿ-ում, ԲՀԿ-ում, ՀԱԿ-ում որոշումներն ընդունվում են միանձնյա, դրանց ընդունման ընթացքն ու մեխանիզմը թափանցիկ չեն: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն այդ վիճակը ձեւակերպել է շատ դիպուկ՝ «ինչ որ անում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ճիշտ է անում»: Եվ նույնը, ըստ էության, ասում են նաեւ Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի կողմնակիցները: Նման իրավիճակը բերում է առնվազն երեք հետեւանքների՝ ա/ վերոհիշյալ անձինք, անկախ իրենց անձնական հատկանիշներից, գործնականում զրկվում են ճիշտ որոշումներ կայացնելու հնարավորությունից, բ/ նրանց շրջապատող մարդիկ պարտադրված են արդարացնել եւ գովերգել իրենց առաջնորդների ամեն մի քայլ, գ/ այդ քայլերը կարող են բացատրել միայն դրանց «հեղինակները», որովհետեւ մնացածներն իսկապես չգիտեն դրանց դրդապատճառները եւ բացի ձոներ հնչեցնելուց՝ ոչինչ չեն կարող անել:

Օրինակ՝ մեկնաբանությունների եւ վերլուծությունների հեղեղում չհնչեց շատ պարզունակ հարցերի պաշտոնական կամ կիսապաշտոնական պատասխան՝ իսկ ինչո՞ւ, այնուամենայնիվ, ԲՀԿ ղեկավարը չմտավ ընտրապայքարի մեջ, արդյոք այն որոշումը, որը կայացրել էր «իր մեջ»՝ այդ պայքարից հրաժարվե՞լն է, եւ արդյոք հենց դա՞ էին հուշում ԲՀԿ-ականների հանդիպումները Հայաստանի տարբեր շրջաններում: Տիգրան Ուրիխանյանը եւ մնացած հայտնի կուսակցականները այդ հարցերի լիարժեք պատասխանը չգիտեն եւ այդ պատճառով ստիպված են սահմանափակվել ընդհանուր ձեւակերպումներով՝ ամեն ինչ արվում է ի շահ ժողովրդի, նրա բարօրության եւ այլն:

Կարդալ ավելին