Հայաստանում կարող են տեղի ունենալ ցույցեր, երթեր, հանրահավաքներ՝ պայմանով, որ մասնակիցները պարտադիր կլինեն դիմակով և 1․5 մ հեռավորությունը պահպանելով․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությունը կշարունակվի ևս մեկ ամիս, սակայն որոշակի մեղմացումներով։

Այսօր կառավարության արտահերթ նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ մասնավորապես վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստան մուտքի արգելքը, միաժամանակ նախատեսվում է, որ ՀՀ մուտք գործելիս եթե անձի նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում, ապա վերջինը 14 օրով ինքնամեկուսացվում է։ Ըստ նախարարի, 14 օրվա ընթացքում անձը կարող է հանձնել թեստ և բացասական ելքի դեպքում մեկուսացման ռեժիմը փոխվում է։

վերացվում է ՀՀ ամբողջ տարածքում հավաքների ու գործադուլների արգելքը, որը փոխարինվում է թույլտվությամբ՝ սակայն որոշակի կանոնների պահպանումով։ Մասնավորապես, ըստ Բադասյանի, անհրաժեշտ է Պարետի սահմանած կարգով և պահանջների համապատասխան դիմակի կրումը և սոցիալական հեռավորության պահպանումը՝ առնվազն 1,5 մ։

Մեղմացվում են նաև ընտանեան արարողության և ժամանցային բնույթի միջոցառումների անցկացման սահմանափակումները՝ թե բաց, թե փակ տարածքներում, բայց 40 մասնակիցներով։

«Վերջին շրջանում ամենաշատ դժգոհությունները կապված են հավաքների սահմանափակումների հետ, և այս որոշմամբ մենք գործնականում հավաքների սահմանափակումները հանում ենք՝ բացառությամբ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ։ Այսինքն՝ ՀՀ-ում կարող են տեղի ունենալ ցույցեր, երթեր, հանրահավաքներ՝ պայմանով, որ մասնակիցները կլինեն դիմակով և 1,5 մ հեռավորությունը պահպանելով», -նիստում հայտարարեց վարչապետը։

Նա ընդգծեց, որ եթե թուլացումների արդյունքում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թվի աճ տեղի ունենա, ապա կառավարությունը ստիպված է լինելու դարձյալ անցնել սահմանափակումների։