«Մահվան ելքերն այդքան շատ չէին լինի, եթե ունենայինք բարձր պատվաստումային ընդգրկվածություն». համաճարակաբան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Մերի Տեր-Ստեփանյանը

Տիկի՛ն Տեր-Ստեփանյան, կորոնավիրուսով վարակվածների թվի աճին զուգահեռ մեզ մոտ նաև աճում է այդ հիվանդության հետևանքով մահացողների թիվը: Մահվան դեպքերի նման աճն ինչո՞վ եք բացատրում:

– Սա բնական է, որովհետև դեպքերը շատ են, իսկ ծանր դեպքերի մասնաբաժինն էլ ավելի հաճախ է բերում անցանկալի ելքի: Սա նաև ինչ-որ տեղ բուժծառայության հասանելիության խնդիր է դառնում, երբեմն ուշացած դիմելիության խնդիր է դառնում:

Ի վերջո, չպատվաստվելու հետևանք է, որովհետև եթե մենք ունենայինք բարձր պատվաստումային ընդգրկվածություն, անգամ այս քանակի դեպքերի պարագայում մահվան ելքերն այդքան շատ չէին լինի: Համալիր պատճառների ու գործոնների հետևանք է մահացության նման ցուցանիշը:

Այս պահին քովիդ բաժանմունքներում ինչպիսի՞ վիճակ է, ազատ տեղեր կա՞ն:

– Տրիաժ կենտրոնի աշխատանքով կարող եմ դատել, որ աշխատում են բավականին ծանրաբեռնված, այսինքն՝ դիմելիությունը և տեղավորելու հայտերը բավականին շատ են, ու երբեմն հայտը տալուց հետո պացիենտը մոտ 24 ժամ պետք է սպասի, մինչև կարողանան տեղավորել, որովհետև առողջապահական համակարգը իրոք ծանրաբեռնված է:

Տիկի՛ն ՏերՍտեփանյան, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող, միջին ծանրություն ունեցող պացիենտների բուժման ընթացքը նո՞ւյնն է, թե՞ տարբեր են կիրառվող դեղամիջոցները:

– Ճիշտն ասած, բուժական ոլորտն իմը չէ, ես կանխարգելիչ բժշկության մասնագետ եմ, բայց կարող եմ ասել, որ քովիդն այս պահին սպեցիֆիկ բուժում, այսպես ասած՝ պատճառագիտական բուժում, որը կազդի վիրուսի վրա, որպես այդպիսին չունի:

Բուժումն իրականացվում է ախտանշանային՝ մեղմացնելով հիվանդի ախտանշանները ու նվազեցնելով թթվածնային կախվածությունը, պարբերաբար համահունչ տալով թթվածին, որպեսզի հիպօքսիա չունենա: Այսօր քովիդը բուժել շատ դժվար է, մենք ուղղակի մոբիլիզացնում ենք օրգանիզմի ռեսուրսները, որպեսզի օրգանիզը կարողանա դուրս գալ այդ վիճակից:

Պատվաստման գործընթացում առաջընթաց նկատո՞ւմ եք:

– Առաջընթաց կար, ավելի ինտենսիվ էին պատվաստվում հոկտեմբեր ամսվա ընթացքում, նոյեմբերին, իմ անձնական դիտարկմամբ՝ մի փոքր նվազել է այդ պատվաստումային ակտիվությունը, որը ունեինք երկու-երեք շաբաթ առաջ:

Այսինքն՝ աշխատողները, ովքեր ենթարկվեցին այդ հոկտեմբերի 1-ից գործող կարգավորմանը, բավականին մեծ թվով պատվաստվեցին:

Իսկ այն խոցելի խմբերը, որոնց մենք ակնկալում ենք, որ պետք է պատվաստվեին, դեռ նրանց շրջանում ընդգրկվածությունը ցածր է, այսինքն 65 և բարձր տարիքային շեմի մարդիկ ավելի կարիք ունեն թե՛ իրազեկվելու, թե՛ ինչ-որ սահմանափակումների կիրառման, որպեսզի ավելի ակտիվ գնան պատվաստման:

– Եթե տիրապետում եք վիճակագրության, իսկ եթե ոչ, ապա ձեր դիտարկմամբ՝ համավարակի հետևանքով մահացողների զգալի մասը տարեցնե՞ր են:

– Վիճակագրությանը չեմ տիրապետում, բայց իմ անձնական դիտարկմամբ՝ մահերն այսօր ավելի երիտասարդ տարիքում էլ են գրանցվում ու երբեմն առանց ուղեկցող հիվանդությունների, ինչն է՛լ ավելի մտահոգիչ է, ու այստեղ մենք լուրջ աշխատանք ունենք պատվաստումային ընդգրկվածությունն ավելացնելու: Այն, ինչ կարող էինք անել ամիսներ առաջ, մենք հիմա գոնե պետք է ավելի ինտենսիվ իրականացնենք:

– Իսկ ինչո՞ւ չարվեց դա ամիսներ առաջ, տիկի՛ն Տեր-Ստեփանյան, որպեսզի ո՛չ համակարգն այսքան ծանրաբեռնված լիներ, ո՛չ մահացողների այսքան թիվ ունենայինք:

– Գիտեք ինչ, կար պատվաստումի հասանելիություն, կար իրազեկում, չկային սահմանափակումներ, ու թողնված էր մարդկանց գիտակցությանը: Ապատեղեկատվությունը տարածվեց, մարդիկ սկսեցին տարակուսել, շատերը մտածում էին, որ ճիշտ կլինի չպատվաստվել, այս ամենը շարունակվեց, ու մենք չունեցանք այն ցանկալի պատվաստումային ընդգրկվածությունը, որն ակնկալում էինք:

– Համակարծիք չե՞ք հնչող տեսակետներին, որ հենց այդ ապատեղեկատվության դեմ կոնկրետ գերատեսչությունը չկարողացավ թիրախային ու ճիշտ քաղաքականությամբ պայքարել:

– Կարծում եմ՝ ուղղակի պետք էր փակել ապատեղեկատվությունը, որովհետև դա այդ պահին ոչ թե ինչ-որ մեկի կարծիքի արտահայտումն էր, որը կարող էր ուղղակի ընդունվել կամ չընդունվել հասարակության կողմից, այլ այդ ապատեղեկատվությունն այսօր արժեր այն մահերը, որոնք ունենք, ու այդ ապատեղեկատվություն տարածողը պետք է պատասխանի ինքն իրեն՝ արդյոք ճի՞շտ էր իմ կողմից այդ ապատեղեկատվությունը տարածել:

Սա կյանքի ու մահվան հարց է, այնպես չէ, որ կարծիք արտահայտես ու մի կողմ քաշվես:

– Տիկի՛ն Տեր-Ստեփանյան, նշեցիք, որ նախորդ ամսվա համեմատ պատվաստումային գործընթացում նվազման միտում կա, ի՞նչ սպասել այդ պարագայում, երբ համավարակը կարծես նահանջելու միտում չի դրսևորում:

– Ինչքան մենք դանդաղ ենք պատվաստվում, այնքան վիրուսի շրջանառության համար ստեղծում ենք բարենպաստ պայմաններ: Այսինքն՝ անընդհատ ունենում ենք վիրուսի համար թիրախ, որին այն ախտահարում է, որը դառնում է վարակի աղբյուր ու լրացուցիչ տարածում է վարակը: Իսկ բարձր պատվաստումային ընդգրկվածություն ունենալով՝ տարածքը լինում է անընկալ, ունենում ենք կոլեկտիվ իմունիտետ ասվածը, ու վիրուսը տվյալ տարածքում, տվյալ պոպուլյացիայի շրջանում շրջանառելու մեծ հնարավորություն չի ունենում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am