Հավատքով կատարված յուրաքանչյուր աղոթք անպտուղ չի մնում. Արցախի Թեմը միասնական աղոթքի կոչ է անում

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի Թեմը հայտարարություն է տարածել՝ արցախահայությանը դիմելով միասնական աղոթքի կոչով:

Հայտարարությունը հրապարակվել է թեմի «Ֆեյսբուք»-ի էջում:

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի Թեմը դիմում է արցախահայությանը միասնական աղոթքի կոչով՝ Ամենազոր Աստծու զորակցությունը խնդրելով արցախահայության անվտանգ, խաղաղ ու բարօր կյանքի համար:

Միասնական աղոթքը տեղի կունենա սբ. Զատկին նախորդող «Ավագ» շաբաթվա բոլոր օրերին, երեկոյան ժամը 19:00-ին (ապրիլի 11-16-ը՝ ներառյալ):

Խնդրում ենք ողջ արցախահայությանը, բոլոր Աստվածավախ ու հայրենասեր գիտակից մարդկանց «Միասնական Աղոթքի» ժամին թողնել կողմնակի զբաղմունքներն ու գործերը և մասնակցել այս սրբազան Ուխտին:

Մեր կարգախոսն է՝ «Հավատքով կատարված յուրաքանչյուր աղոթք անպտուղ չի մնում»:

«Թո’ղ Աստված պահի ու պահպանի Հայաստան և Արցախ աշխարհը…»,- »,- նշված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի Թեմի տարածած հայտարարության մեջ: