Հակառակորդն անցնող օրվա ընթացքում ունեցել է կենդանի ուժի 440-450 կորուստ

Հոկտեմբերի 3-ին, ժամը 21:00-ի դրությամբ` հայկական կողմն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ոչնչացրել է Ադրբեջանի 440-450 զինծառայողի և ոչ զինծառայողի` ահաբեկչի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հակառակորդը 21:00-ի ամփոփված տվյալների համաձայն` այսօր ունեցել է 440-450 սպանված` զինծառայող և ոչ զինծառայող` ահաբեկիչներ, ավելի քան 800-900 վիրավոր: Հակառակորդն ունեցել է նաև մարտի մեջ մտած 45 միավոր զրահատեխնիկայի և մարտի մեջ չմտած 8-9 տասնյակ զրահատեխնիկայի, 3 ինքնաթիռի, 1 ուղղաթիռի և 10 ԱԹՍ-ի և 3 «Սմերչ»-ի կորուստ»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ հակառակորդի կենդանի կորուստն ընդհանուր առմամբ կազմում է 2300: Հակառակորդը արդեն կորցրել է 113 միավոր ԱԹՍ, 375-385 միավոր զրահատեխնիկա:

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ օրվա ընթացքում համառ մարտեր են ընթացել Արցախի հյուսիսում և հարավում: Հակառակորդը փորձել է ռազմաճակատի գիծը ճեղքել, ծանր մարտերից հետո հնարավոր է եղել կասեցնել այդ մտահղացումը: Անդադար մարտի տևողությունը եղել է 6-7 ժամ: