Սարգիս Խանդանյանը ելույթ ունեցավ Եվրանեսթ ԽՎ սոցիալական հարցերի, աշխատանքի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերով հանձնաժողովի նիստում

Ապրիլի 19-ին տեղի ունեցավ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 9-րդ հերթական նստաշրջանը: Սոցիալական հարցերի, աշխատանքի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերով հանձնաժողովի նիստին մասնակցեցին կառույցում ԱԺ պատվիրակության անդամներ Սարգիս Խանդանյանը եւ Նարեկ Մկրտչյանը:

Քննարկվեցին ԵՄ-ում եւ Արեւելյան գործընկերության երկրներում կորոնավիրուսի ազդեցությանն ու հաղթահարման ուղիներին վերաբերող հարցեր:

Սարգիս Խանդանյանն իր ելույթում մասնավորապես նշեց.

«Հարգելի գործընկերներ,

կորոնավիրուսի համավարակը զգալի ազդեցություն է թողել Հայաստանի տնտեսության եւ սոցիալական բարեկեցության վրա: Կորոնավիրուսի տարածումը լրջագույն մարտահրավեր դարձավ Հայաստանի առողջապահական համակարգի համար՝ մղելով վերափոխել առողջապահական ենթակառուցվածքների եւ ռեսուրսների կառավարման տրամաբանությունը: Նախորդ գարնան կարճատեւ լոքդաունը լուրջ հետեւանքներ ունեցավ մեր երկրի տնտեսության եւ բիզնեսների համար:

Դժբախտաբար, համավարակը 2020 թվականին Հայաստանի առջեւ ծառացած միակ մարտահրավերը չէր: 2020թ. մարտին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդես եկավ աշխարհի բոլոր անկյուններում հրադադարի ռեժիմների պահպանման հրատապ կոչով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի վրա կենտրոնանալու նպատակով: Հայաստանը ողջունեց այս կոչը, ինչպես եւ քաղաքակիրթ ողջ աշխարհը, քանի որ մենք հավատում ենք, որ միմիայն համատեղ ուժերով մենք կարող ենք հաղթահարել հումանիտար ճգնաժամերը:

Այնուամենայնիվ, սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի եւ վերջինիս կողմից հովանավորվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ լայնածավալ պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, որը հանգեցրեց բազմաթիվ անդառնալի մարդկային եւ նյութական կորուստների: Ադրբեջանի ռազմական օկուպացիայի ներքո անցավ Արցախի տարածքի զգալի մասը, տասնյակ հազարավոր քաղաքացիներ դարձան փախստական:

Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը հսկայական ազդեցություն ունեցավ տարածաշրջանում համավարակի իրավիճակի վրա: Կորոնավիրուսը տարածվեց ոչ միայն առաջնագծում զինծառայողների շրջանում, այլեւ այն արագորեն տարածվեց նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում:

Հայաստանի եւ Արցախի առողջապահական համակարգերը դժվարություններ էին կրում ոչ միայն մեծ թվով վիրավոր զինծառայողների եւ քաղաքացիների, ինչպես նաեւ կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ, այլեւ այն պատճառով, որ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորում էին բժշկական ենթակառուցվածքները՝ ավերելով դրանք: Ադրբեջանի կատարած պատերազմական նմանօրինակ հանցագործություններն իրենց դաժանության գագաթնակետին հասան, երբ հոկտեմբերի 28-ին հրթիռակոծվեց Ստեփանակերտի մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնը:

44 օր տեւած պատերազմը 2020 թվականին Ադրբեջանի իրականացրած միակ ռազմական ագրեսիան չէր:

2020թ. հուլիսին Ադրբեջանը խախտեց հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան ուղղությամբ: Այս էսկալացիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը դիտավորությամբ թիրախավորում էին քաղաքացիական ենթակառուցվածքները եւ խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ հրթիռակոծելով բժշկական դիմակներ պատրաստող արտադրամասը, որը օրական պատրաստում էր 300 հազար դիմակ:

Հարգելի նախագահողներ,

ես կարծում եմ, որ այս հանձնաժողովը, մասնավորապես, եւ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովն ընդհանրապես, պետք է մանրամասնորեն ուսումնասիրեն եւ անդրադառնան վերոնշյալ փաստերին եւ խստորեն դատապարտեն Ադրբեջանի ագրեսիան եւ ապակառուցողական դերը տարածաշրջանում: Ես հուսով եմ, որ Եվրախորհրդարանի մեր գործընկերներն առավել ակտիվորեն կներգրավվեն Արեւելյան գործընկերության տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման գործում»: 

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ կայքից։