«Արդար՝ այո՛, թափանցիկ՝ այո՛, բայց արդյունքում արդյոք մենք կունենա՞նք լավագույն խորհրդարան՝ դա է խնդիրը». քաղաքագետ

«Արդար՝ այո՛, թափանցիկ՝ այո՛, բայց արդյունքում արդյոք մենք կունենա՞նք լավագույն խորհրդարան՝ դա է խնդիրը». քաղաքագետ
«Արդար՝ այո՛, թափանցիկ՝ այո՛, բայց արդյունքում արդյոք մենք կունենա՞նք լավագույն խորհրդարան՝ դա է խնդիրը». քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

– Պարո՛ն Սաֆարյան, արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը հրապարակեցին իրենց ցուցակները: Դատելով ընտրություններին մասնակցող ուժերի թվից ու ցուցակներից՝ ի՞նչ Ազգային ժողով կձևավորվի առաջիկայում:

– Նոր Ազգային ժողովի լեգիտիմությունն անշուշտ կասկածի տակ չի լինի, ինչպես նախորդ Ազգային ժողովինը, որովհետև ակնհայտորեն այն ձևավորվելու է օրենքով սահմանված ընթացակարգերի շրջանակում: Իշխանության քաղաքական կամքի մասով կասկածներ չկան, ընտրակաշառք չի լինի, վարչական լծակներ ու չարաշահումներ՝ նույնպես: Բայց ուրիշ խնդիր կա, որը, կարծում եմ, շատերին է մտահոգում: Ի վերջո, ցանկացած գործընթաց գնահատվում է երկու տեսանկյունից՝ մասնակցություն և մրցակցություն: Թվում է, թե ֆորմալ առումով ընտրակարգը բոլորին թույլ է տալիս մասնակցել ընտրություններին, բայց դա միայն թվում է:

Ընտրակարգը շատ խիստ, բարդ ու խճճված պատկեր է առաջացնում ոչ միայն հին ու փոքր կուսակցությունների, այլ նաև նորերի համար: Իսկ մենք վերջին շրջանում ունենք նոր ձևավորվող դաշինքներ, կուսակցություններ, և այդ ընտրակարգն ինքը բավական ռեսուրսատար ընտրություններ է ենթադրում:

Ընդ որում, և՛ կազմակերպչական, և՛ ֆինանսական առումներով բեռն անմիջապես ընկնում է կուսակցությունների վրա: Եթե մենք ուզում ենք լավ ընտրություններ անցկացվեն և մրցունակ գաղափարներ լինեն, այդ դեպքում պետք է շեմն իջեցնեինք: Խոսքը նաև ընտրագրավի շեմի մասին է, գումարած նաև այն, որ այս ընտրությունները փող շատ են սիրում:

Փողը պետք է ոչ թե ընտրակաշառք բաժանելու, այլ լուրջ քարոզարշավ կազմակերպելու համար: Ի վերջո, բավական մեծ քաոս է լինում, յուրաքանչյուր ընտրատարածքում մոտավորապես 90-100 թեկնածու է լինում: Սա անպատկերացնելի բան է, դու ընտրողին հասանելի դառնալու համար իսկապես պետք է ամեն խողովակ օգտագործես, իսկ յուրաքանչյուր խողովակ և՛ մարդկային, և՛ նյութական, և՛ ֆինանսական ռեսուրս է ապահանջում:

– Ո՞ր կուսակցությունները կարող են հաղթելու շանսեր ունենալ այս պայմաններում:

– Այս ընտրություններում հաղթելու շանսեր ունեն այն կուսակցությունները, որոնք ունեն մարդկային և ֆինանսական մեծ ռեսուրս: Քաղաքական կապիտալը նույնպես կարևոր է, այնպես, ինչպես «Իմ քայլը» դաշինքի դեպքում: Հետևաբար, այս կտրվածքով ոչ բոլոր կուսակցություններն ունեն այդ հնարավորությունները ոչ միայն ընտրագրավի, այլ նաև շատ հարցերում: Նախկին ընտրությունների դեպքում էլ այս ամենին գումարվում էր այլ բեռ՝ երբ ընտրությունները կեղծվում էին:

Դեռ մի բան էլ պետք է հսկայական ռեսուրսներ ունենայիր՝ ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար: Հիմա այդ ռեսուրսը պետք չէ, բայց էլի չափազանց մեծ ռեսուրսներ են պետք: Ամեն տարածքում պետք է նվազագույնը հինգ թեկնածու ունենալ, բոլորի քարոզարշավը պետք է ապահովել, մարդկանց հասանելի դառնալ և այլն: Հետևաբար, հետևյալ իրավիճակն է. այո՛, ընտրագրավի մասով կարելի է խոսել բարձր գների մասին: Բայց մյուս առումներով էլ է բավական մեծ բեռ լինում:

Եվ այս դեպքում հարց է ծագում. համեմատաբար փոքր խմբերը ունե՞ն շանս հավասար մասնակցելու և մրցակցելու համար: Ցավոք՝ ո՛չ: Եվ եթե զուտ ֆիզիկական մասնակցության առումով որևէ խոչընդոտ չկա, ապա  քաղաքական նպատակահարմարության տեսանկյունից, հիմնավորման տեսանկյունից կա, բնականաբար, դու չես ունենա լավագույն քաղաքական միջավայրը: Դու կունենաս ընդամենը ռեսուրս ունեցող ուժերի մրցակցություն, բայց չես ունենա բոլոր լավ գաղափարների մրցակցություն:

– Այսինքն՝ այնուամենայնիվ, պետք է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները հաստատվեին, հետո՞ ընտրություններ անցկացվեին:

– Եթե մենք ուզում ենք ավելի լավ որակ ունեցող խորհրդարան ունենալ, միանշանակ նոր Ընտրական օրենսգիրք պետք է ընդունվի:

– Եթե անդրադառնանք «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի բովանդակությանը, ինչպիսի՞ն է այն:

– Կարող եմ ասել՝ այդ ցուցակը ո՛չ դրական, ո՛չ բացասական առումով որևէ մեծ բում չառաջացրեց: Վատ էր, որ դրական առումով չառաջացրեց, բայց լավ էր, որ գոնե բացասական իրավիճակ չառաջացրեց, հատկապես որ, նախքան ցուցակի հրապարակումը տարբեր տեսակի ապատեղեկատվություն էր շրջանառվում, թե այս կամ այն ՀՀԿ-ականը կամ օլիգարխն ընդգրկվել է այդ ցուցակում:

Հիմնականում այդ ցուցակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այն դեմքերն են, որոնք շատ հայտնի են եղել: Միակ ինտրիգն ու հետաքրքրությունը թերևս անկուսակցական դեմքերի շուրջ է: Հետևաբար, ինքը բումային ցուցակ չէ:

– Հասարակության տրամադրությունների վրա կարո՞ղ է այս ցուցակը ազդեցություն ունենալ, հաշվի առնելով այն, որ ինչպես ինքներդ ասացիք, դրական որևէ անակնկալ չկար ցուցակում:

– Ո՛չ, գոնե առնվազն մի բան կա՝ բացասական առումով այս ցուցակը չի հիասթափեցնում: Կարող են տարբեր հիասթափություններ լինել, բայց խոշոր հիասթափություն դա չի պատճառի: Եվ այս առումով հանրության այն հատվածը, որը, միևնույն է, հույս էր կապում, որ այդ թիմը պետք է շարունակի հեղափոխության գործընթացը, բնականաբար, միջին առումով բավարարված կլինի:

– Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին ասում է, որ խորհրդարանական այս ընտրությունները կարող են լինել երրորդ հանրապետության ամենաարդար ու թափանցիկ ընտրությունները: Հնարավո՞ր է դա ապահովել:

– Արդար՝ այո՛, թափանցիկ՝ այո՛: Ես սկզբում էլ ասացի, թե կասկած չունեմ, որ իշխանությունը քաղաքական կամք ունի՝ ընտրություններն իսկապես արդար անցկացնելու: Դրա արդյունքում արդյոք մենք կունենա՞նք լավագույն խորհրդարան՝ դա է խնդիրը:

Այդ խնդիրների մի մասը մեզ հայտնի պատճառներով չկարողացավ լուծել կառավարությունը՝ Ընտրական նոր օրենսգրքի ընդունում, «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխություն: Այսինքն՝ գոնե անհրաժեշտ նվազագույն պայմանների ստեղծումն այս առումով չապահովվեց: Բայց այն, որ դրանք կլինեն արդար ընտրություններ, կասկածի տակ առնող որևէ փաստ չկա:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am