Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով կրկին կալանավորել Արմեն Չարչյանին․ Factor.am

Գլխավոր դատախազությունն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կրկին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ դատարան։

Դատախազությունը պահանջում է բեկանել Առաջին ատյանի դատարանի որոշումը, իսկ Չարչյանի նկատմամբ նախկինում ընտրված խափանման միջոց կալանքը համարել հիմնավորված։

Բողոքի քննությունը մակագրվել է դատավոր Սևակ Համբարձումյանին։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրին դատավորի աշխատակազմից։

Հուլիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, որոշում կայացրեց փոխել խափանման միջոց կալանքը՝ սահմանելով գրավ 15 մլն ՀՀ դրամի չափով։

Հիշեցնենք՝ Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-ի 4-րդ մասի 2-րդ կետով (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը): Ըստ քրեական գործի՝ Չարչյանը, հանդիսանալով «Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն, օգտագործելով նույն բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենց ծառայողական կախվածության հանգամանքը, վերջիններիս հարկադրել է մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին և քվեարկել ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, այլ՝«Հայաստան» դաշինքի օգտին: Վերջինս դաշինքի անդամ է և այս պահին հանդիսանում է ԱԺ պատգամավոր։