«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

Սույն թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի Հանրապետության կողմից հարձակումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ, որի ժամանակ կիրառվել են հրետանի, օդուժ, զրահատեխնիկա, դիտարկվում է որպես Ադրբեջանի Հանրապետության կողմից միջազգային պարտավորությունների խախտում, տարածաշրջանի ապակայունացման եւ խորը ճգնաժամի մեջ ներքաշելու փորձ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ հարձակում գործելու Ադրբեջանի Հանրապետության ավտորիտար ռեժիմի անպատասխանատու որոշումը կարող է հանգեցնել հարձակում գործող կողմի համար անկանխատեսելի կործանարար
հետեւանքների:

Ադրբեջանի Հանրապետության ավտորիտար ռեժիմի ներկայացուցիչներն են կրում ողջ պատասխանատվությունը 1994 թվականի զինադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների համար:

«Ժառանգություն» կուսակցությունը`

• Խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական գործողություններ վերսկսելու գործողությունը:

• Կոչ է անում միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել` զսպելու Ադրբեջանի Հանրապետության ագրեսիվ ցանկությունը տարածաշրջանում անկայունություն հարուցելու:

• Կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ օժանդակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին տարածաշրջանում խաղաղությունը եւ կայունությունը ապահովելու գործում:

• Կոչ է անում ողջ հայությանը համախմբել իր ուժերը եւ միասնական գործողություններով, ըստ անհրաժեշտության, պաշտպան կանգնել իր հայրենիքին:

2 ապրիլի 2016

Երեւան

«Ժառանգություն» կուսակցություն