Վարչապետից լավ վարչապետը. Ինչո՞ւ է բարիացել Հովիկ Աբրահամյանը

Վարչապետից լավ վարչապետը. Ինչո՞ւ է բարիացել Հովիկ Աբրահամյանը
Վարչապետից լավ վարչապետը. Ինչո՞ւ է բարիացել Հովիկ Աբրահամյանը

Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործելաոճն ընդամենը PR ակցիա է, որով նա փորձում է ընդգծել իր աշխատաոճի տարբերությունը նախկին վարչապետի աշխատաոճի նկատմամբ: Այս կարծիքին է ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը, ով «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադարձավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ վերջին շրջանում ծավալած գործունությանը եւ տարբերի իրավիճակներում անսպասելի արձագանքներին:

Թեև Հովիկ Աբրահամյանը երկար տարիներ է, ինչ բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցնում, սակայն նա իր պահվածքով սկսեց աչքի ընկնել բոլորովին վերջերս՝ վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո:

Հովիկ Աբրահամյանը հայտարարում է փոքր բիզնեսին աջակցելու մասին, ասում, որ դեմ է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգին, դրա հետ կապված օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալիս, անկանկալ այցեր է կատարում գիշերօթիկ դպրոց, իսկ իր անունը տառասխալով լրատվական թողարկմանը «Հավիկ» տիտրով ներկայացնողներին կոչ անում վերականգնել աշխատանքի:

«Եթե նա ցանկանում է լավ գործով ընդգծել իր տարբերությունը նախկին վարչապետի նկատմամբ, առաջին հերթին պետք է ոչ թե նման PR ակցիաներով զբաղվեր, այլ՝ իրական գործով: Մասնավորպես, առաջին քայլով պետք է ազատականացնի Հայաստանի տնտեսական դաշտը, մասնավորապես, ներմուծումների բնագավառում: Մենք գիտենք, որ Հայաստանում ներմուծման բնագվառում պարենային և ոչ պարենային մի քանի տասնյակ անուն ապրանքատեսակների գծով մենաշնորհներ կան: Առաջին հերթին վարչապետն այս գործով պետք է զբաղվի»,- «Մեդիալաբին»   ասում է Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով, քանի որ կառավարությունը Հայաստանում տեխնիկական բնույթ կրող մարմին է, և իրականում տնտեսական քաղաքականությունը որոշում է մեկ մարդ՝ Սերժ Սարգսյանը, ապա կարելի է եզրակացնել, որ վարչապետը նախորդ կառավարությունից տարբերվելու համար չի կարող իրականացնել տնտեսության ազատականացման ծրագիրը: Քանի որ Հովիկ Աբրահամյանն իրական գործով չի տարբերվելու, քանի որ իրական գործ չի կարող անել, հետևաբար, ըստ Արմեն Բադալյանի, այդ պատճառով ընտրել է PR ակցիաների աշխատաոճը:

«Լավ բան է գնալ ու մարդկանց հետ հանդիպել, խոսել, բայց մարդկանց գործ է պետք, իսկ գործ այս պահին դեռևս չկա»,- ասում է մասնագետը:

Նրա խոսքով՝ Հայաստանի բոլոր վարչապետերն  էլ խոստացել են փոքր ու միջին բիզնեսի համար լավ միջավայր ստեղծել: Նա հիշեցնում է, որ նախկին վարչապետն էլ խոսում էր «դունիգ բիզնեսի» մասին, շրջանառության մեջ էր դրել կարգախոսներ, որոնցից էին Դիլիջանը` ֆինանսական կենտրոն, Ջերմուկը` տուրիզմի կենտրոն դարձնելը և այլն: Սակայն, նրա խոսքով, այդ խոսքերն իրականություն չդարձան, որովհետև Հայաստանում տնտեսական քաղաքականությունը կառավարությունը չի որոշում, այլ՝ Բաղրամյան 26-ը:

Քանի որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը բացասական վարկանիշ ուներ և բացասական վարկանիշով էլ հեռացավ, Արմեն Բադալյանի խոսքով, ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը փորձում է ամեն ինչ անել՝ ինչ-որ մի բանով տարբերվելու համար: Իսկ տարբերվելու համար, նրա խոսքով, երկու ճանապարհ կա՝ կամ իրական գործով պետք է զբաղվի, որն իր վերահսկողության տակ չի գտնվում, կամ PR-ով: Նա ընտրել է PR ակցիաները:

«Նա փորձում է ցույց տալ, որ իր աշախատաոճն ավելի ժողովրդական է, ժողովրդին ավելի մոտ է գտնվում, տնտեսությունից ավելի լավ է հասկանում: Դա է ընկած PR-ի հիմքում»,- ընդգծում է Արմեն Բադալյանը:

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը նույնպես կարծում է, որ Հովիկ Աբրահամյանը տարբերվելու նպատակ ունի:

«Մեզ մոտ այնքան էլ ընդունված չէ ժողովրդի հետ ուղղակի շփումը, իսկ ցանկացած տարբերություն, այն էլ այս ոճի՝ ժողովրդի հետ շփման, ընդհանուր առմամբ դրական է ընկալվելու, և Հովիկ Աբրահամյանը դա գիտի»,- «Մեդիալաբին» ասում է Հարություն Մեսրոբյանը: Նա նշում է, սակայն, որ դա ոչ մի շոշափելի արդյունք չի տա:

Ըստ կառավարման փորձագետի՝ եթե Հայաստան գա անգամ աշխարհի ամենալավ կառավարությունը, ոչ մի շոշափելի արդյունք չի կարող տալ, որովհետև ցանկացած բարեփոխում հարվածելու է օլիգարխիկ համակարգին:

«Օլիգարխիկ պետական կառավարման համակարգում որակական փոփոխություններ չպետք է սպասել, անգամ երազում»,- ասում է նա: Հարություն Մեսրոբյանը նշում է, որ անկախ նրանից, թե ով է վարչապետը, ովքեր են նախարարները, անհնար է Հայաստանում փոփոխություն անել, համակարգը միտված չէ զարգացման:

«Փչացած շարժիչով ավտոմեքենա, հիմա ի՞նչ տարբերություն, թե ինչ գույն եք ներկելու այդ ավտոմեքենան, ինքը չի շարժվի»,- ասում է նա:

PR-ի զարգացման հայկական կենտրոնի նախագահ Հայկ Կիրակոսյանը հիշեցնում է, որ 2018 թվականին  նախագահական ընտրություններ են սպասվում, և Հովիկ Աբահամյանի այսօրվա աշխատաոճը միգուցե հեռահար նպատակներ ունի:

«Հայաստանում նման կտուկ փոփոխությունները, լինում է, որ նախորդում են պաշտոնի մեկ այլ սպասվող բարձարցման կամ փոփոխության: Չշտապեմ քաղաքական կանխատեսումներ անել, բայց քանի որ նախագահական ընտրություններն ամենևին սարի հետևում չեն, հնարավոր է, որ պետք է ինչ-որ ուժեր ներկայացնել հանրությանը, որոնք որոշակի քաղաքական թարմություն կունենան, որոշակի դիվիդենտներ կկարողանան հավաքել»,- «Մեդիալաբին» ասում է Հայկ Կիրակոսյանը:

Միաժամանակ նա նկատում է, որ ԱԺ նախագահ աշխատած տարիներին էլ Հովիկ Աբրահամյանը որոշ քայլեր էր անում, որոնք արդարացիորեն կարելի է PR ակցիաներ որակել: Որպես օրինակ հիշեցնում է դպրոցականներին պարբերաբար խոհրդարանում ընդունելը:

Միաժամանակ նա չի կարծում, թե դա ուղղված է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ:

«Այն կաթսայից, որից օգտվում են տարբեր ուժեր, իսկ դա ժողովրդի կաթսան է, դեռ  խնդիր չկա, որ մեկը մյուսի բաժինը տանի: Հլա որ աջ ձեռքը ձախից չի գողանում: Ես այդ հարցում որևէ դեմ քայլ չեմ տեսնում»,- ասում է Հայկ Կիրակոսյանը:

PR մասնագետի խոսքով` PR-ով զբաղվում են նրանք, որոնց համար հանրային կարծիքը որոշակի նշանակություն ունի:

«Եթե հանրային կարծիքը քեզ համար նշանակություն չունի, դու PR-ով զբաղվելու կարիք չունես: Դրա համար նախ գումար են ծախսում, բացի այդ, եթե, օրինակ, մասնագիտական խումբն ասում է՝ պիտի գնաս գյուղ ու պապիկին համբուրես, որ դա ռեպորտաժով հեռարձակվի, ապա դու պիտի քեզ այդ դժվարությունը պատճառես ու պապիկին համբուրես: Հետևաբար, այստեղ լավ երևույթ պետք է նկատել՝ մարդիկ զբաղվում են իրենց իմիջով, PR-ով»,- ասում է նա: Հայկ Կիրակոսյանի խոսքով՝ հանրային կարծիքով կարելի է և պետք է մեր պաշտոնյաներին որոշակի դրական փոփոխությունների դրդել:

Հայկ Կիրակոսյանը Հովիկ Աբրահամյանի ակտիվությունը կապում է նաև պաշտոնի հետ՝ նշելով, որ վարչապետը ժողովրդի հետ ի պաշտոնե ավելի շատ է շփվում:

Նա նաև չի բացառում, որ Հովիկ Աբրահամյանի նման քայլերը նաև բացասականը չեզոքացնելու միտում ունեն:

«PR-ում այդպիսի օրենք կա, եթե դու գիտես, որ բացասական ինֆորմացիոն ալիք է սպասվում, դու պարտավոր ես այդ ալիքին դիմակայելու համար դրական ինֆորմացիա ստեղծել, որպեսզի գոնե դա չեզոքացնի, թե չէ այդ հեղեղը կգա ու կտանի ամեն ինչ, մարդու անունն էլ, մականունն  էլ»,- ասում է PR մասնագետը:

Մարի Ներսեսյան

© Medialab.am