«Մենք աշխարհին պետք է միջազգային իրավական փաստաթղթերով ցույց տանք, որ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան հանդիսանում են օկուպանտներ ՀՀ-ի նկատմամբ». Արա Պապյան

Արա Պապյան/Ara Papyan

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը

– Պարո՛ն Պապյան, Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ Ալիևը դարձյալ խոսեց Հայաստանի տարածքների նկատմամբ իրենց նկրտումների մասին։ Հայկական կողմից այդ հայտարարություններին կարծես համարժեք արձագանք չկա, ինչո՞ւ։

– Նախ ուզում եմ ասել, որ սա ոչ առաջին, ոչ էլ վերջին նմանատիպ հայտարարությունն է։ Բազմաթիվ անգամներ հատկապես Ալիևը խոսել է իր նկրտումների մասին՝ ասելով, թե իբր Երևանը, Զանգեզուրը, Սևանը «ադրբեջանական պատմական տարածքներ են»։ Տարօրինակ է, թե ինչ պատմական տարածքների մասին կարող է խոսք լինել, երբ ինքնին Ադրբեջան հասկացությունը միայն 100 տարի առաջ է առաջացել։

Ես բավարար չեմ համարում Հայաստանի արտաքին գործերի նախարարության արձագանքը, որովհետև այն շատ մեղմ էր։ Այդ արձագանքը կարելի էր տալ այն դեպքում, երբ ինչ-որ հասարակական գործիչ նման հայտարարություն աներ։ Բայց երբ պետական բարձրագույն պաշտոնյան, այն էլ՝ ռազմական շքերթի ժամանակ, այն էլ՝ ռազմավարական դաշնակցի ներկայությամբ նման հայտարարություն է անում, սա առնվազն պետք է ընկալել որպես պետական սպառնալիք ՀՀ տարածքային ամբողջականության և պետական ինքնիշխանության դեմ։

Եվ ես կարծում եմ, որ սա ոչ միայն պետք է պետական կոշտ արձագանք ստանա, այլ նաև Հայաստանը պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: ՄԱԿ-ի կանոնադրության համապատասխան հոդվածներ կան այնտեղ, որոնք վերաբերում են վիճակի ապակայունացմանը, որը կարող է խաղաղությանը վտանգ սպառնալ։ Սա ուղղակի սպառնալիք է։

Ցավոք սրտի, ինչպես նախկինում էին անտեսվում նման սպառնալիքները, հիմա նույնը շարունակվում է։ Բայց մենք հիմա հասկանում ենք, որ ադրբեջանական բանակն այս ոգևորությունից հետո արդեն կատակ չի անում և նման մտադրություններ իսկապես ունի։

– Ռուսաստանի կողմից եղավ արձագանք, սա ինչ-որ բան նշանակո՞ւմ է։

– Այո՛, Ռուսաստանի կողմից կար երկու արձագանք՝ մեկը Զախարովայի, մյուսը՝ Զատուլինի կողմից։ Նախ ասեմ, որ Ռուսաստանը պետք է արձագանքեր, որովհետև այդ հրադադարի երաշխավորը Ռուսաստանն է։ Այսինքն՝ այդ սպառնալիքը նշանակում է ոտնահարել հրադադարը, Ռուսաստանի խոսքը և վարկը։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանը ոչ միայն պետք է արձագանքով սահմանափակվի, այլև հստակ պետք է նշվի, որ ցանկացած նման ոտնձգություն ռազմավարական դաշնակցի նկատմամբ համարժեք պատասխան կստանա։ Սա շատ կարևոր է։

Չպետք է մոռանանք, որ Ռուսաստանը պատահական երկիր չէ, բացի նշածս երաշխավոր լինելուց, նա մեր ռազմավարական դաշնակիցն է։ Ինչպես Թուրքիան էր նշում, որ Ադրբեջանի կողքին կլինի ու կկռվի, նույնը պիտի ասի Ռուսաստանը։ Դա է ռազմավարական դաշնակցին հարիր դիրքորոշումը։

– Թուրքիայի արտաքին գործերի նախարարն օրերս ասաց, որ իրենք աչք չունեն Հայաստանի տարածքների վրա։ Ի՞նչ համատեքստում պետք է դիտարկել նրա այս հայտարարությունը։

– Այստեղ շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է նշանակում Հայաստանի տարածքներ։ Ըստ թուրքական կողմի՝ Հայաստանի տարածքները կարող է Երևանն է շրջակայքով։ Ինքը չի ասում՝ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ, ասում է՝ Հայաստանի։ Այսինքն՝ վերացական աշխարհագրական տերմին է օգտագործում։ «Աչք չունենք»-ը ևս հասկանալի չէ, իսկ ինչո՞ւ պետք է ունենայիք։

Նման հայտարարությունը չպետք է մեկուսի դիտարկենք։ Սա պետք է դիտարկենք նախորդ մի շարք հայտարարությունների հետ, որոնք սպառնալիքներ են եղել։ Ընդհանրապես Թուրքիայի դիրքը և ներգրավվածությունը Ադրբեջանի այս պատերազմի մեջ անընդունելի են, որովհետև, ըստ էության, մենք կարող ենք առանց վարանելու ասել, որ սա ոչ թե հայ-ադրբեջանական, այլ հայ-ադրբեջանա-թուրքական պատերազմ էր։ Եվ պատահական չէ, որ ռազմական շքերթը տեղի էր ունենում երկու նախագահների ներկայությամբ և երկու պետությունների դրոշների ներկայությամբ։

Այսինքն՝ Թուրքիան այստեղ ոչ թե պարզապես հյուր էր, այլ հավասարարժեք ներկայություն ուներ։ Մենք դա տեսանք անգամ արարողակարգից։

– Ի՞նչ պետք է անի մեր դիվանագիտությունը։

– Ես տարիներ շարունակ ասել եմ, որ մենք աշխարհին պետք է միջազգային իրավական փաստաթղթերով ցույց տանք, որ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան հանդիսանում են օկուպանտներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Նրանք օկուպացրել են Հայաստանի Հանրապետության տարածքը՝ Թուրքիան առաջ գալով և զավթելով Վիլսոնյան Հայաստանը և Կարսը, Ադրբեջանը՝ Նախիջևանի և Արցախի պարագայում։ Մշտապես ասում էին՝ դրա մասին մի՛ խոսեք, պատերազմ կլինի։ Մենք տեսանք, որ պատերազմ եղավ։

Ընդհակառակը, եթե մենք աշխարհին և՛ ինֆորմացիոն, և՛ իրավական դաշտում ապացուցած լինեինք, որ Արցախը դե յուրե ՀՀ մաս է, և ստալինյան սահմանները չեն կարող միջազգային իրավական սահմանի հիմք հանդիսանալ, մենք այս պատերազմի ժամանակ չէինք հայտնվի այն վիճակում, երբ բոլոր երկրներն ասում էին՝ «Ադրբեջանն ազատագրում է միջազգայնորեն իրեն պատկանող տարածքները»։

Այնինչ այդ տարածքները միջազգայնորեն, եթե դրա տակ հասկանում ենք միջազգային իրավական փաստաթուղթը, պատկանում են Հայաստանի Հանրապետությանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am