ՊՆ փոխնախարարն անցնում է ORSIS-ի գործով. ՀՔԾ-ում նոր քրգործ է հարուցվել. Factor.am

Ռուսական ORSIS ընկերության հետ կապված Հայաստանում նոր քրեական գործ է հարուցվել: Տեղեկությունը factor.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Factor.am-ի տեղեկություններով՝ գործով անցնում է ՊՆ բարձրաստիճան պաշտոնյա՝ փոխնախարարներից մեկը: Մեր այս տեղեկությունը ՀՔԾ-ից չմեկնաբանեցին:

Մեր տեղեկությունների համաձայն՝ ՀՔԾ-ն նոր քրեական գործը հարուցել է ՀՀ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի կողմից արժեքավոր նվեր յուրացնելու և երկրում ORSIS-ի շահերը ներկայացնող փաստաբանի աշխատանքը խոչընդոտելու փաստերով: РИА Новости-ն էլ գրել է, որ 2019 թվականի սկզբին, ի նշան համագործակցության ամրապնդման, ռուսական ընկերության դուստր ձեռնարկություն ORSIS Arms-ը հայկական ՊՆ-ին զենք է նվիրել, որը, սակայն, չի փոխանցվել ռազմական գերատեսչության հաշվեկշիռ, այլ յուրացվել և գրանցվել է պաշտպանության փոխնախարարի անունով:

ՊՆ-ից փոխանցեցին, որ ընթանում են քննչական գործողություններ և առաջարկեցին սպասել ավարտին: Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն այս տարվա մայիսին չեղարկել է ռուսաստանյան ORSIS ընկերության կողմից 1,9 միլիոն դոլարի Dedal-T2.380 Hunter LRF ֆիրմայի գիշերային տեսադիտման հատուկ սարքերի մատակարարման գործընթացը:

Ինչպես պաշտպանության նախարարության մեր աղբյուրն էր փոխանցել և հետագայում էլ հաստատել էր անձամբ նախարար Դավիթ Տոնոյանը, գործարքի չեղարկման պատճառը եղել է ռազմականի փոխարեն որսորդական տեսադիտման հատուկ սարքերի մատակարարման փորձը: ORSIS ընկերության երևանյան «Օրսիս Արմս» ՍՊԸ-ն այս տեղեկությունները հերքում է: