Նախորդ տարվա ընթացքում ամբողջ աշխարհում զոհվել է 129 լրագրող։ Այս մասին հայտնել է Լրագրողների պաշտպանության կոմիտեն (ԼՊԿ)՝ արձանագրելով, որ սա ամենաբարձր ցուցանիշն է 1992 թվականից ի վեր, երբ կազմակերպությունը սկսել է վարել նման վիճակագրություն։
Մասնավորապես, 2025 թվականին զոհված 129 մեդիաաշխատակիցներից 104-ը մահացել է ռազմական հակամարտությունների ընթացքում։ Նշվում է, որ նրանցից 86-ի մահվան համար պատասխանատու է Իսրայելի պաշտպանության բանակը։
Լրագրողների պաշտպանության կոմիտեն նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ լրագրողները ավելի հաճախ են զոհվում անօդաչու թռչող սարքերի հարվածներից․ միայն 2025 թվականին նման հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 39 մարդ։
ԼՊԿ-ի տվյալներով՝ 2024 թվականին աշխարհում զոհվել էր 124 լրագրող։



















