Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։ Պաշտպանների փոխանցմամբ՝ 71-ամյա Խաչատրյանին դատարան են բերել շտապօգնության բժիշկների և Քրեակատարողական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ, քանի որ Խաչատրյանը չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել։
Հրապարակված լուսանկարում Խաչատրյանը դատարանում պատգարակի վրա է:
Հիշեցնենք՝ Գագիկ Խաչատրյանը սեպտեմբերի 2-ից պահվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Պաշտպանների տեղեկություններով՝ այդ ընթացքում նա բժշկի այցելություն չի ունեցել, իսկ փաստաբանները նրան տեսակցել են խցում։ Խաչատրյանի նկատմամբ քննվող քրեական գործը վերաբերում է պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը, առանձնապես խոշոր չափերով հափշտակություններին, կաշառք ստանալուն և փողերի լվացմանը:



















