ՀՀ նախագահը ներկա է գտնվել Եղիսաբեթ Երկրորդի հուղարկավորության պետական արարողությանը

Աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հուղարկավորության պետական արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդի հրաժեշտի արարողությանը, գրառում կատարել Լանկաստերի պալատում բացված սգո մատյանում:

Նախագահը մասնակցել է Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդի կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, որը տեղի է ունեցել Բուքինգհեմյան պալատում։

Սեպտեմբերի 19-ի առավոտյան նախագահ Խաչատուրյանը մասնակցել է Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդի հրաժեշտի պատարագին, որը տեղի է ունեցել Ուեստմինստերյան աբբայությունում, որից հետո ներկա է գտնվել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի կողմից կազմակերպված ընդունելությանը:

Ընդունելությունների ժամանակ նախագահ Խաչատուրյանն առանձնազրույցներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների և միջազգային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հանդիպումների ընթացքում նախագահն անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքներին, ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմանն, ինչպես նաև միջազգային և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներին։

Անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, աշխարհաքաղաքական իրադարձություններին։