Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյան այցելել է համայնքային բուժհաստատություններ

Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն ավագանու անդամների հետ միասին այցելել է համայնքային մի շարք բուժհաստատություններ, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին ու քաղաքացիներին մատուցվող ծառայություններին:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Շտապբուժօգնություն» ընկերությունում հատկապես կարևորվել է քաղաքացիների կանչերին արագ արձագանքելը: Փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը նշել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ այժմ քայլեր են ձեռնարկվում շտապբուժօգնության զանգերի կենտրոնում հատուկ համակարգ ներդնելու ուղղությամբ, որը հետադարձ հեռախոսազանգի հնարավորություն կտա:

Ընդհանուր բուժական համակարգում կարևորելով առաջնային օղակի աշխատանքը՝ Գևորգ Սիմոնյանը նկատել է, որ երևանյան պոլիկլինիկաներն այսօր կարևոր ծառայություններ են մատուցում քաղաքացիներին՝ հնարավորություն տալով ավելի վաղ հայտնաբերել ու կանխարգելել հիվանդությունները:

Հարկ է նշել, որ մայրաքաղաքի բնակիչների համար արդեն հասանելի են նաև դժվարամատչելի հետազոտությունները: Երևանի քաղաքապետարանը 2022թ. համայնքային բյուջեով ձեռք է բերել մի շարք ծառայություններ: