Համայնքային գույքը պետք է խնայողաբար օգտագործվի. քաղաքապետ

Արտաքին գովազդի պաստառները փոխարինելու ընթացքում մայրաքաղաքում առաջացող խցանումները բացառելու համար կգործեն ժամերի սահմանափակումներ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է գովազդի նոր թույլտվությունները տրամադրել ժամային հստակ գրաֆիկի սահմանմամբ:


Քաղաքում բռնկված հրդեհները մարելու ժամանակ գրեթե միշտ հրշեջ մեքենաները ջրով վերալիցքավորելու անհրաժեշտություն է առաջանում։ Առկա խնդիրներին լուծում տալու նպատակով համայնքը նախաձեռնել է նոր հիդրանտների կառուցման և հնի նորոգման աշխատանքներ: Ընթացիկ տարում աշխատանքներ կտարվեն 53-ի ուղղությամբ: Ծրագիրն արդեն մեկնարկել է:


ՀՀ կառավարության որոշմամբ սույն թվականի ապրիլի 1-ից ավտոմեքենայի առուվաճառքի, ինչպես նաև ավտոմեքենայի խոտանման գործընթացում քաղաքացիներից այլևս չի պահանջվի փաստաթուղթ՝ պարտավորությունների վերաբերյալ (0-ական տեղեկանք)։ Տվյալները ՀՀ Ոստիկանությանը կփոխանցվեն փոխադրամիջոցի հարկի միասնական շտեմարանից` էլեկտրոնային եղանակով։ Նախագիծը կյանքի է կոչվել Երևանի քաղաքապետարանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ Ոստիկանության համատեղ աշխատանքի շնորհիվ: Հարկ է նշել, որ միայն 2021թ. ընթացքում Երևանում ավտոմեքենայի առուվաճառքի շուրջ 100 հազար գործարք է իրականացվել, ինչը նշանակում է, որ նույնքան էլ 0-ական տեղեկանք է պահանջվել քաղաքացիներից: Շնորհակալություն հայնելով գործընթացն ավարտին հասցնելու համար՝ քաղաքապետ Սարգսյանը նշել է, որ համայնքը պետք է շարունակի իրավական բոլոր այն բարեփոխումները, որոնք ուղղված են քաղաքացիների կյանքն առավել հարմարավետ դարձնելուն:


«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում իրականացվում են գույքագրման աշխատանքներ: Զեկուցվել է, որ համայնքային կառույցի հաշվեկշռում առկա 121 միավոր տեխնիկայից 21-ն այսօր գտնվում է տեխնիկապես վատ վիճակում և չի շահագործվում: Անթույլատրելի համարելով համայնքային գույքի հանդեպ նման վերաբերմունքը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հորդորել է խիստ հսկողություն իրականացնել վարորդների աշխատանքի նկատմամբ և պատշաճ տեխսպասարկում իրականացնել:
«Խնդիրների մասին պետք է խոսենք և այդ խնդիրները պետք է լուծենք: Ոչինչ էլ իդեալական չէ: Սա, ի դեպ, միայն աղբահանության հիմնարկին չի վերաբերվում: Համայնքային գույքը պետք է խնայողաբար օգտագործվի»,- ընդգծել է քաղաքապետը: