Բյուջեից լրացուցիչ գումար չի հատկացվելու ո՛չ «Զվարթնոց» և ո՛չ «Շիրակ» օդանավակայաններից RyanAir-ի թռիչքների համար. Fip.am

Բյուջեից լրացուցիչ գումար չի հատկացվելու ո՛չ «Զվարթնոց» և ո՛չ «Շիրակ» օդանավակայաններից RyanAir-ի թռիչքների համար. Fip.am
Բյուջեից լրացուցիչ գումար չի հատկացվելու ո՛չ «Զվարթնոց» և ո՛չ «Շիրակ» օդանավակայաններից RyanAir-ի թռիչքների համար. Fip.am

RyanAir իռլանդական բյուջետային ավիաընկերության մուտքը հայկական շուկա և միջինը 35 եվրոյին համարժեք դրամով եվրոպական մի քանի ուղղություններով թռիչքներ իրականացնելու մասին հայտարարությունը հայկական մեդիայում և սոցցանցերում բում առաջացրեց։

Ֆեյսբուքի օգտատերերի՝ #կոֆեՀռոմ ու #կոֆեՄիլան հեշթեգով ֆլեշմոբի վերածված ոգևորությունը շտապեցին հիասթափեցնել մի շարք հրապարակումներ և գրառումներ, ըստ որոնց՝ գների իջեցումը տեղի է ունենալու պետական բյուջեի, այսինքն՝ վճարած հարկերի շնորհիվ։

RyanAir-ը գալիս է բյուջեի հաշվի՞ն

7or.am կայքը «Ինչպես ուրախացնել «Պողոսին»» վերնագրով իր հրապարկման մեջ գրել էր, թե «ՀՀ պետբյուջեն 5 միլիոն դոլարից ավելի գումար է վերցնելու իր վրա, որպեսզի Միլան թռնելը էժանանա, Նիկոլը փիառվի, Տաթևիկ Ռևազյանը աչոնիկից դառնա հարց լուծող լավ աղջիկ, իսկ պողոսներն էլ ֆեյսբուքներում մայեն»։

168.am կայքը «Իրականությո՞ւն, թե՞ խաբկանք. 35 եվրոյով Եվրոպա թռչելու «հմայքը»» նյութում հարց է ուղղում, թե ի՞նչ պայմանների մասին է խոսքը, և եթե թռիչքները չեն սուբսիդավորվելու, ապա ավիաընկերությունն ի՞նչ շահ է ունենալու՝ Հայաստանում կոպեկներով եվրոպական ուղղություններով թռիչքներ իրականացնելուց:

Թեմային անդրադարձել է նաև ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որի գրառումը տարածվեց մի շարք լրատվամիջոցների կողմից։ Բլոգերը նկատում է, որ ողջ հայ համացանցը հիացած է RyanAir-ի մուտքով, բայց ամեն ինչ այդքան պարզ չէ: Նրա պնդմամբ՝ քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը կարողացել է «համոզել» RyanAir-ին Հայաստան գալ, քանի որ օդանավակայանային բոլոր վճարները ավիաընկերությունների համար չեղարկվել են:

«Այսօր այդ վճարները կազմում են յուրաքանչյուր ուղևորի համար 76 դոլար, և դրանք նրա (Նիկոլի) հրամանագրով իր վրա է վերցրել երկրի բյուջեն: Այս ամենն ինձ անձամբ Փաշինյանն է ասել դեռ 2018 թ. գարնանը՝ ավելի քան մեկ տարի առաջ: Բայց քչերը կհիշեն, որ դեռ 2015 թ. Սերժի ժամանակ RyanAir-ը հստակ պայմաններ էր դրել՝ կվերցնեք ձեզ վրա ծախսերը, ու մենք կգանք Հայաստան, չեք վերցնի՝ չենք գա: Հստակ ու պարզ: RyanAir-ի ու «Վիզէյրի» հետ բանակցություններ վարվել են դեռ Սերժի ժամանակ, Տաթևիկ, շա՜տ առաջ: Պարզապես հին իշխանությունը հրաժարվել էր իր բյուջեից յուրաքանչյուր ուղևորի համար 76 դոլար վճարել: Դրա համար էլ RyanAir-ը չէր գալիս: Առանց բյուջետային փողերի, քաղավիացիայի կոմիտեի նախկին նախագահը ոչինչ անել չէր կարող»,- պնդել էր նա:

Հոկտեմբերի 18-ին մի շարք թերթեր՝ «Ժողովուրդ»«Փաստ» և այլն, լույս են տեսել RyanAir-ի մուտքը բյուջեից փոխհատուցման խոստումների հետ կապող հրապարակումներով։

Բյուջեից ֆինանսավորում չի լինելու

Ի՞նչ պայմաններով է RyanAir-ը մտնում հայաստանյան շուկա, և ի վերջո՝ պետության կողմից սուբսիդավորում լինելո՞ւ է ուղևորի համար, թե՞ ոչ՝ հարցին Քաղավիացիայի կոմիտեի պարզաբանության փոխարեն վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն է պարզաբանում ներկայացրել: Ըստ նրա` RyanAir ավիաընկերության համար Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից չվերթեր կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարությունը, բացի վարչապետի նշած արտոնությունից, որևէ այլ ֆինանսական օժանդակություն ավիաընկերությանը չի ցուցաբերել:

Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով այս թեմային, նշել է. «Հիշեցնեմ, որ բոլոր այն ուղղությունների համար, որոնցով վերջին մեկ տարվա ընթացքում Երևանից կամ Գյումրիից թռիչքներ չեն իրականացվել, կառավարությունը պարտավորվել է վերացնել «օդի տուրքը», իսկ Գյումրիի պարագայում գործելու են նաև լրացուցիչ ֆինանսական խթաններ»:

Թե որո՞նք են այդ լրացուցիչ խթանները, «Փաստերի ստուգման հարթակի» հետ զրույցում Կարապետյանը հստակեցրեց, որ բացի նշված արտոնություններից, ՀՀ հարկատուների հաշվին որևէ լրացուցիչ գումար չի հատկացվի ո՛չ «Զվարթնոց» օդանավակայանից, և ո՛չ էլ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից թռիչքներ իրականացնելու համար: «Ինչպես նշել ենք, կառավարությունը եվրոպական մեր գործընկերների հետ համատեղ մշակել է թռիչքներ իրականացնելու ֆորմուլա, որը կնպաստի տուրիզմի զարգացմանը, և լոուքոսթերի  ներկայությունը կապահովվի նաև մեր երկրորդ օդանավակայանում: Բյուջեից որևէ լրացուցիչ գումար չի հատկացվի»,-ասաց նա:

Նշենք, որ «օդի տուրքի» վերացումը ենթադրում է, որ պետությունը կկորցնի այստեղ իր եկամուտը, այսինքն՝ յուրաքանչյուր տոմսի համար 10,000 դրամը, այլ կերպ՝ շուրջ 20 դոլար պետբյուջե չի գնա:

Կառավարության հոկտեմբերի 17-ի նիստի ժամանակ հայտարարվեց նաև, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը գործընկերային դիրքորոշում է ցուցաբերել այս հարցում, ինչը նշանակում է, որ իջեցրել է սպասարկման ծախսն այս ավիաընկերության համար:

Թե ինչպե՞ս է ստացվել, որ RyanAir-ի համար հնարավոր է եղել սպասարկման գների կտրուկ զեղչեր սահմանել, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը Fip.am-ի հետ զրույցում, առանց մանրամասնելու, հայտնեց, որ օդանավակայանում գործում է հատուկ սակագնային զեղչ բոլոր այն ավիաընկերությունների համար, որոնք չվերթեր կիրականացնեն միանգամից տարբեր ուղղություններով և հետագայում կավելացնեն չվերթերի ուղղությունները և հաճախականությունը: «Տվյալ դեպքում RyanAir ավիաընկերությունը հայկական ավիացիոն շուկա մուտք է գործում միանգամից 4 ուղղություններով»,- նշեց նա:

Այսպիսով, հայտարարությունները, որ RyanAir ավիաընկերությունը պետական բյուջեից գումար է ստանալու Հայաստանից թռիչքներ իրականացնելու համար, չեն համապատասխանում իրականությանը։ 

www.Fip.am