«Հայաստանը ինչ-որ երկրներից երաշխիքներ է ուզում, որ նրանք սանձեն Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը». Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

Պարո՛ն Սուրենյանց, Նիկոլ Փաշինյանը իր վերջին հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, խոսեց նաև խաղաղության պայմանագրի համար անհրաժեշտ երաշխավորների մասին, վերահաստատեց այն, որ հայկական կողմի համար ընդունելի են ռուսական կողմի առաջարկները։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն էլ իր հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարեց, որ խաղաղության պայմանագիր չի կարող կնքվել՝ առանց Արցախի մասին որևէ հիշատակման։ Բարձրաստիճան պաշտոնյաների խոսքում հակասություն կա, ես ճի՞շտ եմ նկատում։

– Ակնհայտ հակադրություն կա վարչապետի ու Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունների միջև։ Նիկոլ Փաշինյանը Խովաևի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանի համար ընդունելի է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այսպես կոչված ռուսական առաջարկությունները, որը նույնն է, ինչ փուլային տարբերակը: Սրան զուգահեռ Արմեն Գրիգորյանը հայտարարում է, որ Հայաստանը հակված է համապարփակ կարգավորման, որն էլ, կամ շրջանակային համաձայնագիրը, ինչպես նշել էր Արմեն Գրիգորյանը, խնդրի լուծման փաթեթային տարբերակն է, որին ավելի շատ կողմ է Արևմուտքը։

Այս հակասությունը հետևանք է այն բանի, որ Հայաստանի իշխանությունը չունի օրակարգ, ու տարբեր առիթներով հնչեցնում են մտքեր, որոնք բխում են ոչ այնքան Երևանի օրակարգից, որքան դիմացինների, հետո առաջանում է ակնհայտ կոնտրաստը, ինչի հետևանքով էլ Հայաստանի գործող իշխանությունը տարբեր կենտրոններում ունի անվստահելի գործընկերոջ համարում։

Այս հակասություններն ինձ արդեն չեն էլ զարմացնում, որովհետև ոչ միայն տարբեր պաշտոնյաներ են միմյանց հակասում, այլ նաև միևնույն պաշտոնյան՝ ինքն իրեն։ Նույն Արմեն Գրիգորյանը շաբաթներ առաջ Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին ընդհանրապես չէր հիշում, հիմա սկսել է հիշել, ճիշտ ու սխալ չեմ անում, ուղղակի արձանագրում եմ հակասությունների պահը։

– Երաշխավորի կամ երաշխավորների միջոցով կնքվելիք խաղաղության պայմանագրի մասին արված հայտարարություններն ինչպե՞ս կմեկնաբանեք։

– Բնականաբար, նման բարդ հարաբերությունները, ինչպիսիք են հայ-ադրբեջանական հարաբերությունները, չեն կարող կարգավորվել միայն ուղղակի երկխոսության ճանապարհով, դա գրեթե անհնար է: Կողմերն այնպիսի անտագոնիզմ ունեն, որ անպայման երաշխավոր է պետք, իսկ դա, բնականաբար, կարող է լինել գերտերություններից մեկը կամ մի քանիսը, որոնք կերաշխավորեն խաղաղության պայմանագիրը։

Վերջին օրերին պաշտոնական Երևանի մեսիջները դրան են հասցեագրված, որ կոնկրետ միջնորդների մոտ իրենք փորձում են ձևավորել պատասխանատվության ինստիտուտ։ Կհաջողվի՞ դա, թե՞ չէ՝ չեմ կարող ասել, առայժմ կոնկրետ մեսիջներ չեմ տեսնում, որ որևէ կենտրոն պատրաստ է պատասխանատվություն ստանձնելու։ Հայաստանի համար իդեալական կլիներ, եթե Ուկրաինայում բանակցային լուծում գտնվեր, գլոբալ հակադրությունը վերանա, ու, ասենք, Մինսկի խմբի ձևաչափը կամ դրան մաս կազմող երկրները դառնային հարաբերությունների կարգավորման երաշխավորներ։

– Այսինքն՝ հիմա Հայաստանը, կոպիտ ասած, երաշխավո՞ր է փնտրում։

– Նման ձևակերպում էլ կարող ենք տալ, համենայնդեպս, ինչ-որ երկրներից երաշխիքներ է ուզում, որ նրանք սանձեն Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը։

– Աշխարհաքաղաքական այս իրավիճակում ինչ-որ պետություն կհամաձայնի՞ դառնալ այդ երաշխավորը, պարո՛ն Սուրենյանց։

– Այսօր շատ մշուշոտ է այդ պայմանագրի կնքման հեռանկարը, ավելի մշուշոտ է, քան մեկ ամիս առաջ, որովհետև մեր տարածաշրջանում հակամարտությունը բազմաշերտ է դարձել, դրանում ոչ միայն հայ-ադրբեջանական բաղադրիչն է, այլև՝ տարբեր միջնորդական հարթակների։ Ակնհայտ է, որ միջնորդներից որևէ մեկը չի կարող այս պահին իր տարբերակն առաջ մղել, բայց կարող է դիմացինին խանգարել, դրա ներուժն ունեն։

Գիտեք, միջնորդ չեն փնտրում․ դու ունենում ես հակամարտության լուծման օրակարգ ու ըստ դրա փորձում ես շահագրգիռ կողմերից մեկի առաջարկն ամբողջովին ընդունել: Ով եղավ այդ միջնորդը, նա էլ կլինի երաշխավորը, ինչպես նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի պարագայում էր։

– Հայաստանյան կողմում առկա այդ հակասությունները, որոնց մասին վերևում խոսեցինք, ինչպե՞ս են ազդում բանակցությունների վրա, եթե դրանք չլինեին, հնարավո՞ր է, որ ավելի առարկայական արդյունքներ արձանագրվեին։

– Բնականաբար, արդյունավետ դիվանագիտությունը միշտ ավելի լավ արդյունք է ապահովում, քան փնթի քաղաքականությունը։ Ռիսկերը նվազեցնելու առումով, այո՛, արդյունավետ քաղաքականությունը դեր ունի, բայց ստատուս քվո փոխելու առումով, ով էլ լինի իշխանության, չի կարող ստատուս քվո փոխել։ Եթե լավ դիվանագիտություն բանեցվի, այո՛, հնարավոր փաստաթուղթը Հայաստանի համար նվազ ռիսկային կլինի, բայց որ փայլուն դիվանագիտությամբ հնարավոր լինի վերացնել պատերազմի հետևանքները, այսօր իրատեսական չէ։

Եթե դու չունես քաղաքականություն ու օրակարգ, աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները իրենց գլոբալ հակառակորդների դեմ քեզ փորձում են օգտագործել։ Օրինակ՝ ԱՄՆ-ն քեզ կփորձի օգտագործել Ռուսաստանի դեմ, Ռուսաստանը՝ ԱՄՆ-ի։

– Հիմա Հայաստանին օգտագործո՞ւմ են։

– Տեսանելի ինչ-որ բան չկա այս պահին, որ նման պնդում անենք, բայց երբ իրենց շահերից բխի, ու դու չունենաս սեփական օրակարգ, անխուսափելիորեն օգտագործվելու ես։ Այդպես է՝ կա՛մ դու սուբյեկտ ես, կա՛մ օբյեկտ ես։

– Պարո՛ն Սուրենյանց, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խաղաղության պայմանագիրը կկնքվի այն ժամանակ, երբ կավարտվեն սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները, Արմեն Գրիգորյանն էլ նշեց, որ իրենք պատրաստակամ են մինչև տարեվերջ կնքել այդ պայմանագիրը։ Ենթադրենք՝ ինչ-որ բովանդակության շուրջ կողմերը համաձայնում են ու պատրաստվում են մինչև տարեվերջ կնքել այդ պայմանագիրը, որին մնացել է մեկուկես ամիս, սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները կավարտվե՞ն, դա հնարավո՞ր է։

– Խոսենք միայն սահմանազատման մասին, սահմանագծում հետո էլ կարող են անել, բայց անգամ սահմանազատումն այլևս հնարավոր չէ իրականացնել այդքան կարճ ժամանակահատվածում, անգամ տեխնիկապես։

– Այդ դեպքում նման հայտարարություն անելու նպատա՞կը։

– Ինձ թվում է՝ դերաբաշխում կա․ Նիկոլ Փաշինյանն ամեն օր հասարակությանը նախապատրաստում է նոր պատերազմի, համենայնդեպս՝ նրա գրառումներից այլ տպավորություն հնարավոր չէ ստանալ։ Արմեն Գրիգորյանն էլ ինձ հիշեցնում է մի ծրագրով աշխատող համակարգիչ, որ մինչև ծրագիրը չեն փոխում, շարունակում է նույն բանն ասել։

– Իսկ այդ երկուսի արանքում իրականությունը ո՞րն է ու որտե՞ղ է մնում։

– Իրականությունը, ասացի՝ շատ բարդ է։ Եթե մինչև տարեվերջ ինչ-որ պայմանագիր կնքվի, դա կլինի պարտադրված, այլ ոչ թե ինքնակամ։ Որովհետև տրամագծորեն այսքան բևեռացված տեսակետների պայմաններում, չհաշված այն հանգամանքը, որ երաշխավորն էլ դեռ չկա, սահմանազատում էլ չի արվել, դա ուղղակի հնարավոր չէ։ Տեսականորեն չբացառենք դա, բայց դա լինելու է կողմերին պարտադրելու միջոցով։

– Մի քանի օրից Հայաստանում ՀԱՊԿ գագաթնաժողովն է անցկացվելու, ու ՀԱՊԿ-ից դուրս գալ-չգալու թեմային անդրադառնալիս նույն Արմեն Գրիգորյանն ասաց, որ դա կախված է լինելու ՀԱՊԿ-ից։

– Տխմար հայտարարություն է, ի՞նչ է նշանակում՝ ՀԱՊԿ-ից մեր դուրս գալը կախված է ՀԱՊԿ-ից։ Պարզ է, թե ՀԱՊԿ-ն իրեն ինչպես է դրսևորելու, ոչ մի հրաշք Երևանում տեղի չի ունենալու, որ Երևանում են հավաքվելու, չի նշանակում, որ Ղազախստանի ու Բելառուսի դիրքորոշումները փոխվելու են, ու Ռուսաստանն էլ պրոհայկական կամ պրոադրբեջանական դիրքորոշում որդեգրի։

– Իսկ նորմա՞լ է մի կառույցի վերաբերյալ նման կամ ավելի կոպիտ հայտարարություններ անել ու շարունակել համագործակցել նույն այդ կառույցի հետ։

– Ո՛չ, նման որոշումներ կայացնելիս, մինչև անգամ կառույցը լքելու պահին այդ մասին չեն հայտարարում, իսկ մեզ մոտ անհասցե հայտարարություններ են հնչում, մուննաթ են գալիս, որին որևէ քայլ չի հետևում։ ՀԱՊԿ-ին հակադրվելու խնդիր չկա, մենք հակադրվելու ենք Ռուսաստանին, հետևաբար պետք է հաշվարկել՝ կարողանո՞ւմ ենք այդ հակադրության ռեժիմը սպասարկել, ունե՞նք այդքան ուժ, եթե չունենք այդ ուժը՝ պետք է խուսափել նման հակադրությունից։ Ռուսաստանի հետ գոյություն ունեցող կնճռոտ խնդիրները պետք է քննարկվեն փակ դռների հետևում՝ դիվանագիտական խողովակներով։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am