«Եթե Սեյրան Օհանյանի գործի համատեքստում Սերժ Սարգսյանը որևէ կարգավիճակ չի ունենալու, ապա սա հերթական ապագա չունեցող գործն է». Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը

– Պարո՛ն Նորիկյան, խորհրդարանը համաձայնություն տվեց պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությանը: Այս գործընթացը սկսելու մեջ որևէ միտում տեսնո՞ւմ եք։

– Արմեն Չարչյանի գործի մասով ոչինչ չեմ կարող ասել, որովհետև ծանրաբեռնվածությանս պատճառով իսկապես չեմ էլ հետևել գործի քննությանը, իսկ Սեյրան Օհանյանի գործի հրապարակված մասով կարող եմ ասել հետևյալը․ ես ուղղակի բացառում եմ, եթե իհարկե նման գործարք տեղի է ունեցել, որ պաշտպանության նախարարը որևէ զորամաս վաճառեր այդ ժամանակվա ԳՇ պետի որդուն, որն այդ տարիներին հանդիսացել է զորամասի հրամանատար, ու այդ մասին տեղյակ չլիներ կամ իր համաձայնությունը տված չլիներ այդ ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատարը՝ Սերժ Սարգսյանը։

Այլ կերպ ասած՝ ուղղակի բացառում եմ, որ Սեյրան Օհանյանը, առանց Սերժ Սարգսյանի համաձայնության, գիտության այդ զորամասերը վաճառեր, կրկնում եմ՝ եթե այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը։

Եթե այս համատեքստում Սեյրան Օհանյանի, Խաչատուրովի որդու ու այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, իսկ Սերժ Սարգսյանն այդ գործում որևէ կարգավիճակ չի ունենալու, ես համարելու եմ, որ սա հերթական ապագա չունեցող գործն է, որն այս պահին ինչ-որ սենսացիա առաջացնելու նպատակ ուներ։

Շատ այլ կոռուպցիոն հանցագործություններ են տեղի ունեցել նախորդ տարիներին, դրանցից ո՞րն է ենթարկվել պատասխանատվության կամ դրանցից ո՞րն է լիարժեք բացվել։

Կոնկրետ այս գործով ինձ համար լակմուսի թուղթ է հանդիսանալու Սերժ Սարգսյանի վերաբերյալ գործող իրավական համակարգի դրսևորած վարքագիծը. եթե վերջում հանգեցին հետևության, որ Սեյրան Օհանյանն ինքնագլուխ է այդ զորամասերը վաճառել, առանց Սերժ Սարգսյանի իմացության, ես կհամարեմ, որ մենք գործ ունենք հերթական ջուր ծեծոցիի հետ։

– Նրանք, ովքեր սա համարում են «ակնհայտ քաղաքական հետապնդում Սեյրան Օհանյանի նկատմամբ», ասում են, որ իշխանությունը 4,5 տարի ժամանակ ուներ, ու եթե միայն հիմա է այս մասին խոսում, ապա, ըստ իրենց, դա բավարար է հասկանալ, որ այս գործը շինծու է։ Արդյոք սա բավարա՞ր հիմք է նման եզրահանգում անելու համար։

– Այդ քննադատությունն ունի օբյեկտիվ հիմքեր․ այս իշխանությունները քաղաքական նպատակահարմարությունից ելնելով են պայքարում կոռուպցիայի դեմ, բայց կարող է նաև այլ դրսևորում ունենա։ Օրինակ՝ նկատի ունենալով, որ խորհրդարանական ընդդիմությունը ու ընդհանրապես նախկին իշխանությունները՝ որպես քաղաքական գործոն, ամբողջովին ջախջախվեցին, նրանք այլևս չեն դիտարկվում որպես գործիք հանրությանը նրանցով վախեցնելու, այլ կերպ ասած՝ գործող իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, զրկվել է այլևս նախկին իշխանությունների վերադարձով մեր հանրությանը վախեցնելու հնարավորությունից, փորձում է այս գործընթացներով այս ուժերին տեղավորել թվացյալ հալածյալի կերպարի մեջ, որպեսզի այս ուժերի կենսունակությունը ինչ-որ չափով վերականգնվի, որովհետև եթե ասպարեզում նախկին իշխանությունները չլինեն, մարդիկ սկսելու են առերեսվել իրականությանը ու շատ լուրջ հարցադրումներ անել Նիկոլ Փաշինյանին։

Շատ պարզ հարց․ հասկացանք, որ նախկին իշխանությունները կոռումպացված են, թալանչի են և այլն, բայց դուք այս տարիներին ի՞նչ եք արել, ձեր ղեկավարած երկրի արդյունքը ո՞րն է։

Չեմ բացառում, որ այս թվացյալ հետապնդումներով փորձ է արվում այս քաղաքական միավորների կենսունակությունն ապահովել, որպեսզի դրա հաշվին երկարաձգեն իրենց իշխանությունը, որովհետև քանի դեռ այդ ուժերը քաղաքական դաշտում կենսունակ են, իրական այլընտրանք չի կարող ձևավորվել, ու հաջորդ իշխանությունը ձևավորելուն միտված քաղաքական առանցքը ևս չի ուրվագծվում, մեզ նման քաղաքական ուժերն էլ, ըստ էության, կանգնած են գործողների ու նախկինների գզվռտոցին ականատես լինելու իրողության առաջ։

Մեկը մյուսին պաս տալով՝ ապահովում են միմյանց գործունեությունը։ Նո՞ր եք իմացել, որ զորամաս է վաճառվել, ուրեմն ձեր տեղում չեք, պարզեիք, ո՛վ էր բռնել ձեր ձեռքը, հինգ տարի հետո նոր հիշել են, որ ինչ-որ մեկը զորամաս է վաճառել ինչ-որ մեկին։ Կներեք, բայց իրավական համակարգի նկատմամբ արդեն հավատի ճգնաժամ է։

– Այդ պասեր տալու համատեքստո՞ւմ եք դիտարկում այն, որ մինչ օրս որևէ քրեական գործ իր ավարտին չի հասցվել, ու, ըստ էության, պատժվողներ չեն եղել, պարո՛ն Նորիկյան։

– Այո՛, ես արդեն ասացի, որ այս գործընթացները մի կողմից հանրության ուշադրությունն են շեղում, մյուս կողմից՝ այդ ուժերի քաղաքական կենսունակությունն են ապահովում, որ թույլ չտան քաղաքական համակարգի առողջացում, իսկ դա հավասարապես ձեռնտու է երկու կողմին էլ։

– Բուռն քննարկման առիթ է հանդիսացել ոստիկանության բաժանմունքում փաստաբաններին ծեծի ենթարկելու իրողությունը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից։ Նման երևույթն ինչի՞ մասին է խոսում։

– Սա խայտառակություն է։ Մեր իրականությանը խորթ իրավիճակ է ձևավորվել, անբարոյական, լկտի ու սանձարձակ վարքագիծ է դրսևորվել, ու բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Փաստաբանի վրա ձեռք բարձրացնողն ինձ համար պետության ու Սահմանադրության վրա ձեռք բարձրացնող է, որն իրավունք չունի պաշտոնատար անձ լինելու։ Հասարակությունը ևս պետք է անհանդուրժող լինի նման անբարո արարքների նկատմամբ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am