Այս փուլում իրականացվող պատվաստումների նպատակը ծանր դեպքերը նվազեցնելն է, մահերը կանխարգելելը. մասնագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՎԿԱԿ իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը

– Տիկի՛ն Գրիգորյան, արդեն երկրորդ օրն է՝ կառավարությունից ահազանգում են կորոնավիրուսի տարածման տեմպերի աճի մասին: Մինչ այդ մենք շատ հայտարարություններ ենք լսել պատվաստանյութ ունենալու մասին, բայց գործնական ոչինչ չի արվել: Ի վերջո, ի՞նչ է արվում պատվաստանյութի ձեռքբերման ուղղությամբ:

– Դեռ սեպտեմբերին կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետությունը միացել է COVAX Facility նախաձեռնությանը, որի նպատակն է շահագրգիռ երկրներին համահավասար իրավունքներ տալ, որ բոլորն էլ կարողանան հավասար պայմաններում, երաշխավորված գներով պատվաստանյութ ձեռք բերել՝ հաշվի առնելով, որ շուկայում պատվաստանյութի պահանջարկը բարձր է: 

Այդ նպատակով Հայաստանն էլ միացել է այդ նախաձեռնությանը, որպեսզի հնարավորինս լավագույն տարբերակով արդյունավետ ու անվտանգ պատվաստանյութ ունենա: 

Բայց դրա հետ մեկտեղ, Հայաստանը բանակցություններ է վարել այլ միջազգային գործընկերների հետ, որպեսզի երկիրը հնարավորինս շուտ պատվաստանյութ ունենա, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության հետ «Սպուտնիկ V» պատվաստանյութը ձեռք բերելու համար: 

Այս հարցում արդեն իսկ որոշակի ձեռքբերումներ ու պայմանավորվածություններ կան, բայց կոնկրետ ե՛րբ կլինի պատվաստանյութը Հայաստանում՝ կդժվարանամ ասել, որովհետև հիմա ամենօրյա քննարկումների փուլում ենք: 

– Մասնավորապես, ի՞նչ հարցեր են քննարկվում:

– Տեխնիկական հարցեր են քննարկվում, և ամեն պահ իրավիճակը փոխվում է: Բայց շատ մոտ ապագայում պատվաստանյութը կլինի երկրում: 

– Խնդրում եմ ներկայացրեք՝ ինչի՞ց եք սկսելու պատվաստանյութը ձեռք բերելուց հետո:

– Պատվաստումները նախատեսված են լինելու ռիսկի խմբի անձանց համար, որոնք առաջին հերթին բուժաշխատողներն են, տարեցների, խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, այլ սոցիալական պաշտպանության կազմակերպությունների աշխատակիցները, 65 տարեկանից բարձր տարիքի, ինչպես նաև քրոնիկական հիվանդություններ ունեցող անձինք: 

Իմ նշածները բոլոր այն ռիսկի խմբի անձինք են, որոնք առաջնահերթ ենթակա են լինելու պատվաստման: Այսինքն՝ պատվաստանյութի առկայության դեպքում առաջնահերթությունը տրվելու է ռիսկի խմբի մարդկանց:

– Այս պահին կա՞ն պատվաստված մարդիկ ռիսկի խմբից:

– «Սպուտնիկ V» պատվաստանյութի որոշակի քանակություն, այո՛, կա, և դա նախատեսված է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող բուժհաստատությունների բուժաշխատողների համար:

Հիմնական շեշտադրումն այս պահին հենց նրանց վրա է դրված պատվաստումների համար, որովհետև այս պարագայում ամենախոցելի իրենք են, քանի որ ամեն օր շփվում են կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդների հետ:

– Որոշվա՞ծ է, թե այս փուլում որքան ծավալի պատվաստանյութ է բերվելու Հայաստան, և արդյոք դրանք նախատեսվելու են միայն ռիսկի խմբի անձա՞նց, թե՞ նաև վաճառվելու են:

– Պետության կողմից ձեռք բերվող պատվաստանյութերը բնակչությանն առաջարկվելու են անվճար հիմունքներով և առաջնահերթ նախատեսված են լինելու ռիսկի խմբի համար: 

Թե ինչպե՛ս է ապահովվելու այլ խմբերի համար հասանելիությունը, դեռ պարզ չէ, քանի որ կախված է պատվաստանյութի ներմուծման քանակից ու ռիսկի խմբի շրջանում դրա պահանջարկից: 

Այս փուլում միանշանակ է, որ առաջարկվելու է միայն ռիսկի խմբերի մարդկանց: Հետագան, թե ե՛րբ պատվաստանյութը հասանելի կլինի բնակչության այլ խմբերի համար, դեռ պարզ չէ: 

Երբ պատվաստումային գործընթացը սկսվի, կտեսնենք՝ ինչքան է պահանջարկը, ըստ այդմ արդեն որոշում կկայացվի բնակչության այլ խմբերի համար պատվաստանյութի կիրառելիության հետ կապված:

– Տիկի՛ն Գրիգորյան, եթե պատվաստումներն իրականացվեն, ըստ ձեզ, որքանո՞վ կարող է նվազել վարակի տարածման տեմպը, ինչքա՞ն մեծ կարող է լինել պատվաստման ազդեցությունը:

– Ներկա փուլում իրականացվելիք պատվաստումները վարակի տարածման կամ վիրուսի փոխանցման վրա չեն ազդում: Այս փուլում իրականացվող պատվաստումների նպատակն է կանխարգելել ծանր դեպքերի, մահվան դեպքերի առաջացումը, նվազեցնել հոսպիտալացման դեպքերը: 

Այս փուլում վիրուսի փոխանցման վրա պատվաստումները չեն կարող ազդել: Դա համաճարակաբանական օրինաչափություն է, պետք է լայնածավալ պատվաստումներ իրականացվեն, որպեսզի կարողանաս վիրուսի փոխանցման վրա ազդել: 

Ամբողջ աշխարհում է այդպես, երբ պատվաստումներն առաջին հերթին իրականացվում են ռիսկի խմբի անձանց շրջանում: Իսկ այդ պարագայում չենք կարող ունենալ վիրուսի ընդհատում: Ընդամենը կարող ենք կանխարգելել ծանր դեպքերի, մահվան դեպքերի առաջացումը և նվազեցնել հոսպիտալացումը:

– Կորոնավիրուսի պարագայում ևս հակապատվաստումային արշավը նկատելի է: Ըստ ձեզ՝ դրանք խանգարո՞ւմ են առողջապահության կազմակերպիչներին:

– Այո, հակապատվաստումային արշավ կա ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանում: Բայց դրա դեմ միակ պայքարը բնակչությանը մշտապես իրազեկելն ու ճիշտ տեղեկություն ներկայացնելը:

Պատվաստումների անվտանգության, արդյունավետության մասին շատ միֆեր են տարածված, հետևաբար այդ պարագայում շատ կարևոր դեր ունեն բնակչության իրազեկումն ու բուժաշխատողներին կրթելը: 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am