Ֆեյսբուքյան կրքեր. արաբական հեղափոխությունները ոգևորել են հայերին

Ֆեյսբուքյան կրքեր. արաբական հեղափոխությունները ոգևորել են հայերին
Ֆեյսբուքյան կրքեր. արաբական հեղափոխությունները ոգևորել են հայերին
Հեղինակ MediaLab

Ըստ որոշ տեղեկությունների` հենց սոցիալական ցանցերի շնորհիվ արաբական աշխարհում սկսված հեղափոխություններն ու, մասնավորապես, Եգիպտոսի արդեն նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը լայն արձագանք ու ոգևորություն են առաջացրել նաև հայկական սոցիալական ցանցերում:
Եգիպտոսի իրադարձություններին ուղիղ եթերում հետևող բազմաթիվ հայեր Մուբարաքի հրաժարականի լուրը «Ֆեյսբուք» սոցիալական կայքում ընդունել են իրար շնորհավորելով և նաև հավելելով` «Տարոսը մեզ»:
«Տարոսը մեզ» արտահայտությունը այս օրերին «Ֆեյսբուքի» հայ օգտատերերի շրջանում ամենաշատ գրված արտահայտությունն է:
Փորձագետները, սակայն, տարակարծիք են այն հարցում, թե արդյոք հայկական «Ֆեյսբուքում» սկսված ոգևորությունը կարող է դուրս գալ նաև փողոց:

«30 տարուց ավելի ձգվող Եգիպտոսի բռնապետությունը տապալվեց: Impossible is nothing. Հաղթելու ենք»,- իր էջում գրել էր երիտասարդներից մեկը:

«Ֆեյսբուք»-հարցում. Ո՞վ է կողմ Հայաստանում հեղափոխությանը…»,- գրել էր մեկ այլ օգտատեր, որին այսպիսի պատասխան էին գրել. «Հարցումը սխալ ես ձևակերպել: Դու հարցրու` ո՞վ ա դեմ հեղափոխությանը Հայաստանում»:

Մեկ ուրիշը գրել էր. «Արա, հայ ժողովուրդը Քրիստոսի երկրորդ հայտնությանը սենց չի սպասում, ոնց որ Մուբարաքի հրաժարականին…»

Մեկ այլ տեղ կարելի էր կարդալ. «Ժողովուրդ, որ Եգիպտոսի ժողովրդի համար ենք այսքան ուրախանում, բա պատկերացնո՞ւմ եք մեր հաղթանակի ժամանակ ինչե~ր ենք անելու: …Այս տարի հայ ժողովրդի ազատագրման տարին ա լինելու… Կեցցե~ մեր մոտալուտ հաղթանակը…»

«Չգիտեմ` վաղն ինչ կլինի, բայց այսօր ԿԵՑՑԵ´ ԵԳԻՊՏՈՍԻ ԲԱՆԱԿԸ, որ իր ժողովրդի դահիճը չդարձավ»,- գրել էր մեկ ուրիշ օգտատեր:

Մուբարաքի հրաժարականի օրը «Ֆեյսբուքում» նույնիսկ խումբ է բացվել` «Եգիպտանման հեղափոխություն» անվամբ, որին երկու օրվա ընթացքում արդեն անդամագրվել են ավելի քան հարյուր երիտասարդներ, ովքեր առաջարկում են դուրս գալ փողոց և եգիպտանման հեղափոխություն անել:

Փորձագետները, սակայն, տարակարծիք են: Քաղաքագետ Մանվել Սարգսյանը ասում է, թե «Ֆեյսբուքն» ընդամենը միջոց է, և որ իրականում ամեն ինչ կախված է մարդկանցից:

«Առանց «Ֆեյսբուքի» էլ Հայաստանում կարելի է արդյունավետ պայքար մղել ժողովրդավարության համար: Հայաստանը փոքր երկիր է: Իսկ պասիվ ոգևորվածությունը միշտ փոխարինում է ակտիվության գնալու հաստատակամությանը: Այսպիսի խոսք կա` հեղափոխությունը կարող է սկսվել միայն այն ժամանակ, երբ «Ֆեյսբուքը» փակվի: Ինչ-որ մեկը փաստորեն շատ հետաքրքիր միտք է ասել: «Ֆեյսբուքը» Հայաստանում դեռ միայն գոլորշի է թողնում»,- «Մեդիալաբին» ասում է Մանվել Սարգսյանը:

Քաղաքագետի խոսքով` հայաստանցիների ծայրահեղ բողոքն առայժմ միայն դրսևորվում է երկիրը լքելով, ուստի և հիմա «Ֆեյսբուքում» կարելի է բարձրացնել խնդիրներ և իրականացնել բացատրական աշխատանքներ, ինչը, ըստ քաղաքագետի, ևս օգտակար է, քանի որ մարդիկ շատ վատ են պատկերացնում իրենց և երկրի խնդիրները:

«Կայքերը չեն կարող կատարել այդ աշխատանքը, այնտեղ անհնար է գտնել հարցերի պատասխանները: Իսկ քննարկումների ժամանակ դա ավելի արդյունավետ է ստացվում»,- ասում է Մանվել Սարգսյանը:

«Ֆեյսբուքում» ստեղծված երեք «Ա»-երի խմբի (ազատականների) նախաձեռող, ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը, սակայն, վստահ է, որ «Ֆեյսբուքում» բարձրացված ոգևորությունը չի կարող մնալ միայն համացանցում:

«Ինչո՞ւ են մարդիկ ոգևորվել: Պարզ մարդկային զգացմունք է: Մանավանդ որ պայքարող մարդկանց հանդեպ ունեցած համակրանքին գումարվում է զուգահեռներ անցկացնելու ցանկությունը: Դա բնական է: Իհարկե, ինչ-որ պահի այդ տրամադրությունները տեղափոխվելու են նաև իրական աշխարհ, որովհետև այդ մարդիկ նաև դուրս են գալիս տնից, և այդ ոգևորությունն է, որ մեծ բարոյական ճնշում է լինելու շարժման ղեկավարության վրա»,- «Մեդիալաբին» ասում է Ռուբինյանը` հավելելով, որ այդ դեպքում ընդդիմության առաջնորդները երկու բան կարող են անել. կա´մ հիասթափեցնել ոգևորված զանգվածներին, կա´մ գնալ նրանց ընդառաջ»:

Կարապետ Ռուբինյանը նկատի ունի ընդդիմադիր ՀԱԿ-ի հանրահավաքը, որը պետք է կայանա փետրվարի 18-ին: Ռուբինյանն ասում է, որ եթե այդ օրը ժողովուրդը զգա, որ ընդդիմության ղեկավարությունը «նվիրված գնում է ռեժիմը կազմաքանդելու», դա ուղղակի կմեծացնի ոգևորությունն ու մարդկանց թիվը, ինչին, ըստ Ռուբինյանի, մենք արդեն ականատես ենք եղել 2008-ին:

Ի դեպ, մի քանի օր առաջ մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ Հայաստանի իշխանությունները, աչքի առաջ ունենալով արաբական աշխարհի զարգացումները, սկսել են վերահսկել «Ֆեյսբուքը» և հատկապես այն բոլոր գրառումները, որտեղ կա «հեղափոխություն» բառը:

Իշխանությունների ներկայացուցիչներից ոչ մեկն այս տեղեկությունը առայսօր չի հերքել, փոխարենը արդեն երկու օր է, ինչ «Ֆեյսբուքում» հայտնվել են ընդդիմության ակտիվիստների անուններով կեղծ օգտատերեր, ովքեր իրական օգտատերերի քաղաքական հայացքներին հակառակ հայտարարություններ և մեկնաբանություններ են գրում: Իրական ակտիվիստները հայտարարել են, որ իրենք այդ պրոֆայլների հետ կապ չունեն և խնդրել են` չխաբվել և չգնալ այդ մարդկանց հետ որևէ կոնտակտի:

Առայժմ որևէ մեկը չի կարողացել պարզել, թե ովքե´ր են այդ կեղծ օգտատերերը:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am