«Մեր միակ ընտրությունը՝ ջարդել թշնամու ատամները և պարտադրել խաղաղություն. միջազգային հանրությունից մեծ սպասելիքներ չկան». Մեհրաբյան

Լոսանկարը՝ Media.am
Հեղինակ MediaLab

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը

– Պարո՛ն Մեհրաբյան, Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը նոր թափ է ստանում, ի՞նչ վիճակում ենք հայտնվել, ի՞նչ անելիքներ կան։

– Հասել ենք այնտեղ, որ տեղի է ունենում լիամասշտաբ պատերազմ Արցախում, կենաց-մահու պատերազմ, հայրենական պատերազմ։ Ինչ պե՞տք է անենք, ընդամենը մի բան՝ ջարդենք հակառակորդի ատամները և հետ շպրտենք և պարտադրենք խաղաղություն այն պատերազմում, որը պարտադրված է մեզ։

– Հակառակորդը գնալով մեծացնում է պատերազմական գործողությունների մասշտաբը, այսինքն՝ ոչինչ չի՞ զսպում նրան։

– Համենայնդեպս, տեղի չի ունենում մի բան, որից մենք պետք է զարմանանք։ Զարմանալի չէ նաև այն, թե ինչպես են իրենց պահում միջազգային հարաբերությունների կարևորագույն սուբյեկտները, զարմանալի չէ, թե ինչ է իրենից ներկայացնում մեր հակառակորդը։

Այնպես որ, այն, ինչ տեղի է ունենում, հաստատապես որևէ մեկին չի զարմացնում։ Եվ հայկական կողմը համարժեք է այդ իրավիճակին և փայլուն կատարում է իր խնդիրները։

– Երկխոսություն վարելու, կարգավորման տարբերակներ կա՞ն այսօր։

– Կարգավորման տարբերակներ միշտ էլ եղել են, միշտ էլ կան, բայց այդ բոլոր տարբերակները հնարավոր է կիրառել կրակի դադարեցումից հետո։ Իսկ այդ հարցով կարգավորողները, միջնորդները, բոլորը կարող են դիմել պարոն Ալիևին։

Հայկական դիվանագիտությունն այս իրավիճակում ճկո՞ւն է գործում։

– Ես կարծում եմ՝ այո՛, դեռ մի բան էլ ավելին են անում։ Այո՛, այս պատերազմի դիվանագիտական ապահովումը կատարվում է և՛ մեր արտգործնախարարության կողմից, և՛ քաղաքացիական հասարակության, և՛ մամուլի, և՛ հասարակության կողմից, նաև սոցցանցերում։ Այո՛, ժամանակակից աշխարհում այնպես է, որ պատերազմում են հասարակությունները։

– Այս հակամարտության՝ խաղաղ ճանապարհով լուծման համար մանդատ ունեցող պետություններն ինչո՞ւ են այսօր չեզոք դիրքորոշում որդեգրել։

– Ես կարծում եմ՝ նրանք բոլորը զարմացած են, ինչ-որ տեղ անսպասելի էր, որ պատերազմն այս ձևով կպայթեր։ Բայց դա նրանց համար էր զարմանալի, մեզ համար զարմանալի չէր։ Միջազգային հանրությունն ի՞նչ է արել նախորդ տարիներին, որ հիմա ինչ անի։ Այնպես որ, մեր անելիքն այս իմաստով պարզ է։ Այնպես չէ, որ մենք մեծ սպասելիքներ ունեինք, և մեզ խաբեցին։

Ադրբեջանը կարող է ևս մի քանի պատերազմում պարտվել, բայց մենք որևէ պատերազմում պարտվելու իրավունք չունենք, մեր անելիքն ուղղակի կանխորոշված է։ Ինչպես արդեն ասացի՝ պետք է ջարդել թշնամու ատամները։

Հայաստանի ու Արցախի քաղաքական ղեկավարության կողմից ճի՞շտ որոշումներ են կայացվում այս իրավիճակում։

– Այո՛, ռազմաքաղաքական ղեկավարությունը ուղղակի բաց տեքստով ասում է, թե ինչ է պետք անել։ Եվ որոշումները կայացվում են այդ տրամաբանության շրջանակներում՝ և՛ Երևանում, և՛ Ստեփանակերտում։ Հաշվի առնելով այն, ինչ մեզ պարտադրված է, ես չեմ կարծում, որ Երևանում կամ Ստեփանակերտում լայն ընտրություն կա, թե ինչ անենք կամ չանենք։

Այս ամենը մեզ պարտադրված է, դա մեր ընտրությունը չի եղել, և այդ ընկալումը կա։ Մեր միակ ընտրությունն այն է, որ պետք է ջարդել թշնամու ատամները, դուրս շպրտել և պարտադրել խաղաղություն՝ ի պատասխան մեզ պարտադրված պատերազմի։

– Թուրքիայի ներգրավվածությունն այս պատերազմում, տարածաշրջանը ապակայունացնելու փորձերը թեև քննադատվում, բայց չեն զսպվում քաղաքակիրթ աշխարհի կողմից, ինչո՞ւ։

– Ես կարծում եմ, որ ամերիկյան ու ՆԱՏՕ-ի խողովակները չեն կարող չազդել Թուրքիայի վրա, այնպես, ինչպես մեկ ամիս էլ չէր անցել, երբ Թուրքիան փորի վրա հետ սողաց Արևելյան միջերկրածովյան շրջանից, երբ ֆրանսիացիները նրանց բացատրեցին, որ շանսատակ կանեն։ Իսկ հույներն էլ բացատրեցին, որ կկանգնեն մինչև վերջին մարդը։

Այո՛, այդ պայմաններում թուրքերը հետ գնացին։ Հիմա բոլորն էլ այդ թուրքական ֆռիկները լավ են հասկանում։ Այնպես որ, ես կարծում եմ՝ այս ամենի հակաքայլերը կան, և հույս ունեմ, որ կարվեն այդ հակաքայլերը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am