Պատանդները. Էրդողանը կրկին սպառնացել է վտարել հայերին Թուրքիայից

Թուրքիայի վարչապետի հերթական հայտարարությունը Թուրքիայում բնակվող հայերի մասին կրկին մեծ աղմուկի առիթ է հանդիսացել:
Մարտի 29-ին գերմանական Der Spiegel թերթին տված հարցազրույցի ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ եթե սփյուռքը շարունակի իր  ճնշումները Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, թուրքական իշխանությունները երկրից կվտարեն ապօրինի բնակվող հայերին: «Թուրքիայում կան հայեր, որոնք Թուրքիայի քաղաքացիներ են, սակայն կան նաև ապօրինի միգրանտներ։
Մինչ այժմ մենք չենք դիտարկել վերջիններիս արտաքսելու հարցը, սակայն եթե սփյուռքը շարունակի ճնշում գործադրել, մենք կարող ենք պատկերացնել, որ ունակ ենք դրան»,- ասել Էրդողանը:
Սա վարչապետի առաջին նման հայտարարությունը չէ: Մարտի 17-ին Էրդողանը բրիտանական BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, թե  կարող է իր երկրից վտարել 100.000 միգրանտ հայերին, ինչն առաջ էր բերել ոչ միայն առաջադեմ թուրքական լրատվամիջոցների, այլև միջազգային հանրության դժգոհությանն ու քննադատությանը:

«Ցավոք, նման հայտարարությունները հանգեցնում են բացասական հետևանքների,- ի պատասխան հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

– Նմանօրինակ հայտարարությունները նախորդել են նաև Հայոց ցեղասպանությանը, վտարման մասին հայտարարություններ արվել են նաև Ադրբեջանում` Սումգայիթում, Բաքվում և այլ բնակավայրերում իրականացված ջարդերից առաջ»:

Հայերին Թուրքիայից վտարելու Էրդողանի երկրորդ հայտարարությունը հայտնի թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը որակում է որպես «խայտառակություն»:

«Պարզվեց, որ Էրդողանն ամոթ չունի»,- ասում է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Սաֆրաստյանը: Սաֆրաստյանի կարծիքով` մի վարչապետի համար, որի երկիրը ցեղասպանություն գործած կայսրության իրավահաջորդն է, նման սպառնալիքով հանդես գալը պարզապես խայտառակություն է:

«Ըստ էության, մեր հայրենակիցներին Թուրքիայում նրանք փորձում են օգտագործել որպես պատանդ: Սա ոչ միայն ամոթալի արարք է, այլև ուղղակի խայտառակություն»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Հայաստանում, սակայն, բոլորը չեն, որ մեղադրում են Թուրքիային և սպառնալիքներով հանդես եկող նրա վարչապետին: Հայաստանաբնակներից շատերն այն կարծիքին են, որ «թշնամական» Թուրքիա արտագնա աշխատանքի մեկնելով` շատ հայեր թուրքական իշխանություններին խաղաքարտերն իրենց ուզածի նման դասավորելու առիթ են տալիս:

«Ինչո՞ւ Թուրքիա: Ես Թուրքիայում աշխատանքին շատ վատ եմ վերաբերվում,-«Մեդիալաբին» ասում է 20-ամյա Նանե Բեգլարյանը:

– Կարելի է ի վերջո գնալ ուրիշ երկիր: Բայց ոչ Թուրքիա: Որ մի հատ էլ հերթական անգամ բերան բացելու առիթ տանք»: Իսկ ահա 22-ամյա ծրագրավորող Արամ Ավետիսյանը հասկանում է Թուրքիայում ապօրինի բնակվող իր հայրենակիցներին:

Նրա համոզմամբ` երբ մարդ իր երկրում չի կարողանում աշխատանք գտնել, «ինչո՞ւ չգնա որ»:

Իրենք` Թուրքիայում աշխատող հայերը, այս ամբողջ աղմուկի մեջ քաղաքական երանգ են տեսնում և չեն ցանկանում, որ իրավիճակը սրվի: Արդեն ավելի քան 9 տարի Թուրքիայի նկարչական ստուդիաներից մեկում արհեստավոր աշխատող Հարութ Միրզախանյանը «Մեդիալաբին» ասում է, որ «ոչ մի նեղություն չի քաշում»:

«Էրդողանը շատ լավ է տրամադրված հայերի հանդեպ: Նա մտածում է իր հետագայի մասին, որ մյուս կուսակցություններն իր անունից հայերին օգտագործելով ընտրություններում ձայներ չհավաքեն:

Ով լինի Էրդողանի տեղը, Թուրքիայում հայերի վիճակն ավելի վատ կլինի»,- «Մեդիալաբին» ասում է Հարութ Միրզախանյանը: Թուրքիայի հայության իրավունքները բարձրաձայնող հայտնի «Ակոս» շաբաթաթերթն իր էջերում վարչապետի սպառնալիքները դիտարկում  է Թուրքիայի Հանրապետության ստեղծման առաջին իսկ օրվանից` տարբեր քաղաքական գործիչների հնչեցրած խտրական խոսքերի համատեքստում: «Էրդողանն այսպես ամեն տարի ասում էր: Ինչո՞ւ հիմա այսքան մեծ աղմուկ բարձրացավ:

Որովհետև թուրք-հայկական հարաբերություններ կան: Երբ ժամանակին մեզ ճնշում էին, ո՞ւր էր մեր մայր պետությունը, ո՞ւր էին սփյուռքահայերը»,- հարցնում է «Ակոսի» պատասխանատու խմբագիր Արիս Նալջին:

Արիս Նալջին «Մեդիալաբին» ասաց, որ հնչեցրած հայտարարությունները ընդամենը «քաղաքականություն են»: Ըստ նրա` կարևորն այն է, որ այսօր Թուրքիայում հանրությունը փոխվում է:

Սակայն հայերի հանդեպ Թուրքիայի Հանրության փոփոխության վերաբերյալ այնքան էլ հուսադրող արդյունքներ չեն ստացել Անկարայում գործող «MetroPoll»  հետազոտական կենտրոնում:

Վերջին հարցման արդյունքները Թուրքիայում բնակվող հայերի վերաբերյալ  վկայում են, որ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ կողմ են վարչապետ Էրդողանի մոտեցումներին: Ըստ հետազոտության`  թուրքերի 48,8 տոկոսը կողմ է հայաստանցի անօրինական ներգաղթյալների արտաքսման գաղափարին: Կտրականապես դեմ արտահայտվել է հարցվածների 33,9 տոկոսը:

Պարզվել է, որ հայերի արտաքսման ամենաջերմ կողմակիցները 18-24 տարեկան երիտասարդներն են: Նրանց 55 տոկոսն ասել է, որ հայաստանցիներին հարկավոր է վտարել երկրից: Առավել հանդուրժող են գտնվել 55-ից բարձր տարիքի մարդիկ: Նրանց 42 տոկոսը համաձայն է Էրդողանի հետ, 36 տոկոսը` ոչ:

Քաղաքագետ, «Միտք» վերլուծական կենտրոնի տնօրեն Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով` հայ-թուրքական վերջին զարգացումները ցույց են տալիս, որ այսպես կոչված «հարաբերությունների կարգավորումը ընդամենը իմիտացիա է»:

Քաղաքագետի կարծիքով` Էրդողանի հայտարարությունը վկայում է այն մասին, որ հայ-թուրքական պայքարը շարունակվում է:

«Պարզապես արդի աշխարհն այլ կերպարանք է ստացել, և հակամարտությունն այսօր անցել է տեղեկատվական դաշտ,- «Մեդիալաբին» ասում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

– Ըստ էության` Էրդողանի այս հայտարարությունը ոչ այլ ինչ էր, քան հայ հասարակությանը ահաբեկելու փորձ»:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am