«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը
– Պարո՛ն Պետրոսյան, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները որոշում են կայացրել Հայաստանին զրկել կազմակերպությունում ձայնի իրավունքից: Այս որոշումն ինչպե՞ս կգնահատեք, հնարավոր ի՞նչ ռիսկեր կարող է սա պարունակել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների համար:
– Այն, ինչ տեղի ունեցավ նախօրեին, ամրագրում է այն իրավիճակը, որը կա Հայաստանի ու ՀԱՊԿ-ի միջև առնվազն վերջին երեք տարվա ընթացքում. Հայաստանը չի համագործակցում կազմակերպության հետ, իր պարտավորությունները չի կատարում, կազմակերպությունն էլ, բնականաբար, այս ամենին արձագանքում է քաղաքական հայտարարությունների տեսքով՝ խուսափելով որևէ առարկայական քայլ կատարել Հայաստանի դեմ:
Բնականաբար, կային որոշակի ակնկալիքներ կազմակերպությունում Հայաստանի հետ կապված, ու պետք է ինչ-որ բան անեին, անդամ երկրներն էլ, իհարկե Ռուսաստանի գլխավորությամբ, որոշեցին նման կերպով արձագանքել Հայաստանի վարքագծին: Կարևորն այն է, որ Հայաստանի մասնակցությունը շարունակում է սառեցված մնալ, ու, ըստ էության, կողմերից որևէ մեկը չի գնում կտրուկ քայլերի, այսինքն՝ Հայաստանը չի գնում ՀԱՊԿ-ից դուրս գալու քայլին, անդամ երկրներն էլ չեն գնում Հայաստանին կառույցից հեռացնելու քայլին, այսինքն՝ այդ սառեցված կարգավիճակը մնում է, պարզապես ինչ-որ քայլերով կազմակերպությունն արձանագրում է այն իրավիճակը, որն առկա է:
Ինչ վերաբերում է Հայաստանի համար հնարավոր խնդիրներին, խնդիրներ չեն կարող լինել, որովհետև կազմակերպության ու Հայաստանի միջև հարաբերություններում որևէ նոր զարգացում որպես այդպիսին չկա: Չնայած կայացված այս որոշմանը, Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարեց, որ Հայաստանը շարունակում է պահպանել հավաքական անվտանգության իրավունքը՝ անկախ նրանից, մասնակցո՞ւմ է կառույցի աշխատանքներին, թե՞ ոչ: Ստացվում է, որ եթե Հայաստանի համար անվտանգային սպառնալիք առաջանա, ցանկության դեպքում կարող է դիմել ՀԱՊԿ-ին՝ նրա միջոցով այդ անվտանգությանը սպառնացող մարտահրավերները հոգալու համար:
– Իսկ կողմերն ինչո՞ւ չեն գնում այդ կտրուկ քայլերին:
– Հայաստանի պարագայում, կարծում եմ, որ Հայաստանը խուսափում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կտրուկ սրումից, խուսափում է նոր լարվածություններ առաջացնելու հնարավորությունից, իսկ Ռուսաստանն էլ չի գնում նման քայլի, որովհետև չի ցանկանում, որ Հայաստանն ընդհանրապես դուրս գա իր ուղեծրից, որովհետև հասկանում ենք, որ խնդիրը ոչ միայն ՀԱՊԿ-ն է, ո՛չ միայն ԵԱՏՄ-ն է, այլև ընդհանրապես Հայաստանի կողմնորոշման հարցը:
Իսկ եթե Ռուսաստանը դիմի Հայաստանը մեկուսացնելու կամ Հայաստանին պատժելու գործողություններին, ապա Հայաստանը ստիպված է լինելու փորձել համագործակցել Ռուսաստանի թշնամիների կամ աշխարհաքաղաքական հակառակորդների շրջանում, հատկապես այն դեպքում, երբ այդ մրցակիցներն էլ շահագրգռված են, որ Ռուսաստանի ազդեցության բացն իրենցով լցնեն:
– ԵԱՏՄ-ի մասով ի՞նչ որոշում կկայացնեն, ըստ ձեզ:
– Այդ որոշումն ընդհանուր առմամբ կախված կլինի Հայաստան-Ռուսաստան առաջնորդների մակարդակում նախապատրաստվող բանակցություններից: Չեմ կարծում, որ ԵԱՏՄ-ի պարագայում էլ Ռուսաստանը պատրաստ է կտրուկ գործողությունների, պարզապես փորձ են անում տարբեր գործիքների կիրառմամբ Հայաստանը պահել Ռուսաստանի քաղաքական ուղեգծի շրջանակում:
– Պարո՛ն Պետրոսյան, հաջողվո՞ւմ է:
– Ամեն դեպքում կողմերն այս պահին խուսափում են վճռական ու հանգուցալուծում ենթադրող քայլերից: Քանի որ Ռուսաստանն այսօր այլ առաջնահերթություններ ունի՝ ուկրաինական պատերազմով պայմանավորված, Հայաստանն այլ խնդիրներ ունի, այս համատեքստում կողմերին անհրաժեշտ է ժամանակ, որ այդ շրջափուլն անցնեն, ու այս կիսաքայլերի միջոցով փորձ են անում պահպանել գործընթաց՝ առանց վերջնական լուծումների:
– Կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանը չի գնում կտրուկ քայլերի, որովհետև Եվրամությունից չի տեսնում այդ իրական քայլերը, որոնք կնպաստեին կտրուկ քայլերի գնալուն:
– Հայաստանը ոչ միայն ԵՄ-ից, այլ նաև բոլոր հնարավոր քաղաքական դիվերսիֆիկացման ուղղություններից նախ չի գնում այնպիսի համագործակցության, որը կարող է ամբողջովին կոմպենսացնել Ռուսաստանից կախվածությունները, այսինքն՝ խուսափում է մեկ կենտրոնից կախվածությունը փոխարինել մեկ այլնով, դաշտում էլ չկան այնպիսի խաղացողներ, որոնք կարող են իրենց առաջարկած համագործակցություններով ապահովել այն կարիքները, որոնք այսօր բավարարվում են Ռուսաստանի կողմից:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















