Բանակը դեկորացիա է սարքել ու բերել քարոզչություն է անում, բայց, հուսով եմ, որ հայ ժողովուրդը չի տրվի այս նախընտրական շոուին. Շարմազանով

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը

– Պարո՛ն Շարմազանով, ինչպե՞ս եք գնահատում Հանրապետության հրապարակում այսօր անցկացված զորահանդեսը՝ հաշվի առնելով երկրի ներկայիս անվտանգային ու քաղաքական իրավիճակը։

– Ես, բնականաբար, շահագրգռված եմ, որ մեր զինված ուժերը լինեն ուժեղ ու մարտունակ, բայց, ինչպես նախագահ Սերժ Սարգսյանն է ասել այսօրվա իր ուղերձում, անթույլատրելի է բանակը որպես դեկորացիա օգտագործելը: 

Երկրորդ՝ ցինիզմ է կամ բարոյականության հետ կապերն իսպառ խզել, կամ ինչպես կուզեք մեկնաբանեք, զորահանդես կազմակերպել, երբ քո պետության 240 քառակուսի կիլոմետրն օկուպացված է, երբ Արցախը հանձնել ես, երբ Արցախը հանձնել ու հայաթափել ես, հայ գերիները գտնվում են Բաքվի բանտերում, երբ արդեն խոսք կա այսպես կոչված անկլավները տալու մասին, երբ դու հնազանդ կատարում ես Ալիևի պահանջները: 

Այս իրավիճակում կազմակերպել զորահանդես, կանգնել ասել՝ փա՛ռք նահատակներին, իսկ այդ նահատակներն ինչի՞ համար են նահատակվել, որ Նիկոլն Արցախից հրաժարվի՞, թե՞ որ Արցախում էթնիկ զտում լինի, Նիկոլն ասի՝ ես չեմ խառնվում: Այդ մարդիկ նահատակվել են, որովհետև հայրենիքը սուրբ են համարել, նահատակվել են, որ Արցախը կանգուն մնար ու չհայաթափվեր: Այսօր Արցախը դարձրել է Ադրբեջան ու անամոթաբար ասում է՝ փա՛ռք նահատակներին, դրանից էլ էն կողմ անարգա՞նք: 

Երրորդ՝ նախընտրական փուլում բանակը օգտագործում է քարոզչության համար, հակառակ դեպքում թող գնա Հայաստանի օկուպացրած տարածքներն ազատագրի ադրբեջանական զորքերից, ո՞ւմ են ապուշի տեղ դրել: Բանակը որպես քարոզչության միջոց, որպես դեկորացիա բերել ցուցադրում էր: 

– Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ այդ զինտեխնիկան Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս չի օգտագործվելու: Այս հայտարարությունն ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Իբր նախկին իշխանավորներն օկուպանտ են եղել, հարձակվել են Ադրբեջանի վրա, իսկ ինքը չի հարձակվի Ադրբեջանի վրա, կրկնում է Ալիևի թեզերը, այստեղ էլ է հանցավոր սխալ կատարում: Այսօր հայտարարում են ու ցուցադրում, թե այն ժամանակ բանակը վատն էր, բայց այդ նույն Նիկոլ Փաշինյանը չէ՞ր, որ 2018-ին ասում էր՝ մեր բանակը տարածաշրջանի ամենահզոր ու մարտունակ բանակն է, բա էդ ո՞նց եղավ, որ այդ մարտունակ բանակը դարձավ նախկինների կողմից թալանված բանակ: 

Սա ուղղակի ցինիզմի գագաթնակետն է, Նիկոլ Փաշինյանն ինքն իր դեմ է կռիվ տալիս: Կամ իր բերած զենքերն է ցուցադրում, ինչքան զենք բերել ես՝ երկու այդքան էլ հանձնել ես Ադրբեջանին, Բաքվի շքերթը հիշում ենք՝ Էրդողանի ու Ալիևի գլխավորությամբ, 40 րոպե մեզնից առգրաված զենքերն էին ցուցադրում: Բա որ բանակը թալանել էինք նախկիններով, Ալիևը ո՞նց էր զարմանում, թե հայերին այդքան զենք որտեղի՛ց: Իր վատաբանած նախկինների ժամանակ մենք ունեցել ենք երկու հայկական պետություն, հայ զինվորն էլ պաշտպանում էր Հայաստանի սահմանները, Արցախն ու յոթ շրջանը՝ Արաքսից մինչև Օմարի լեռնանցք: 

– Պարո՛ն Շարմազանով, Նիկոլ Փաշինյանը այս զորահանդեսի կազմակերպման պատճառ համարում է այն, որ շատ է քննադատվել, թե իրենք բանակը թուլացրել են և այլն, դրա համար որոշեցին ցուցադրել զենքերը: Այս զորահանդեսից հետո էլ չե՞ք քննադատելու իշխանությանն այս հարցում:

– Ի՞նչ է արել բանակի համար, ասեմ՝ հաղթանակած բանակը գլխատել է, հաղթած գեներալներից առնվազն Լևոն Մնացականյանն ու Դավիթ Մանուկյանը գտնվում են Բաքվի բանտում, ինքն էլ ձայն չի հանում: Միլիարդավոր դոլարների զենքը թողել է Ադրբեջանին, բանակի, հայրենիքի իմաստն էլ արժեզրկել է:

Աշխարհում չկա նախադեպ, երբ մի ղեկավար պատերազմ պարտվի, հետո զորահանդես անի, օրինակ՝ Նապոլեոնը Վաթերլոոյի ճակատամարտից հետո գնար Փարիզում զորահանդես աներ: Ո՞վ է տեսել կապիտուլացված, պարտված անձնավորությունը պառադ ընդունի, ցինիզմի գագաթնակետն է, ոնց որ Հաննիբալը հռոմեացիներին պարտվեր ու գնար պառադ անե՞ր: Երեք մեծ ու փոքր պատերազմ ես պարտվել, դու բանակի հետ ի՞նչ կապ ունես: Բանակը դեկորացիա է սարքել ու բերել քարոզչություն է անում, բայց ես հուսով եմ, որ հայ ժողովուրդը չի տրվի այս նախընտրական շոուին: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am