Մեր կողքին ապրող մարդիկ. Սառան

Սառան Գյումրիում գործող «Էմիլի Արեգակ» կենտրոնում

ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքում մեծացած Սառա Սթայթսը հայի, իռլանդացու, անգլիացու, շոտլանդացու խառնուրդ է, որը վստահաբար կրում է ամերիկյան քաղաքակրթության ազդեցությունը, բայց համարձակ ասում է, որ Հայաստան տեղափոխվելուց, քաղաքացիություն ստանալուց ու Գյումրիում բնակարան գնելուց հետո այս երկրի հանդեպ սիրո ապացույցներ ինքն իր համար էլ չի փնտրում: 

– Չորս ամիս է՝ ինչ Հայաստանում էի, երբ Գորիս գնալու ճանապարհին տաքսու վարորդը հարցրեց, թե քանի տարեկան եմ: Երբ ասացի՝ 23, հետո ավելացրի, որ ամուսնացած չեմ, զարմացավ, գլուխը տարուբերեց ու ասաց՝ ուշ է: Ես չեմ ուզում պարտադիր հայի հետ ամուսնանալ, ես ուզում եմ ամուսնանալ մարդու հետ, որ կսիրի Հայաստանը, կցանկանա մնալ այստեղ՝ ինձ հետ: 

Սառա Սթայթսի մորական պապը հայ է եղել, տատը՝ իռլանդուհի, իսկ հորական կողմը անգլիացու, շոտլանդացու խառնուրդ է: Նա տանել չի կարողանում, երբ հայերեն գրում են լատինատառ, չնայած միայն Հայաստանում է առնչվել մեր մշակույթի հետ, սկսել հայերեն խոսել ու բավական մեծ տարիքում պարզել, որ մայրը մի քանի հայերեն բառեր գիտի, ոչ ավելին: 

– Հայ պապիս երբեք չեմ տեսել, 50 տարի առաջ է մահացել, ու, հավանաբար, դա է նաև պատճառը, որ մայրս ևս հայերեն չէր խոսում: 

Սառայի պապի ծնողները Ցեղասպանությունից փախչելով՝ հասել էին Բոսթոն, որտեղ էլ ծնվել էր նրա պապը: Աղջիկը ամերիկյան մշակույթում էր մեծանում, որում հայկականությունը սահմանափակվում էր առաջին քրիստոնյա ազգ լինելու մասին ինֆորմացիայով և մոր կցկտուր հայերեն բառերով: 

– 19 տարեկանում գնացի Իռլանդիա կրթական փոխանակման ծրագրով և ինը ամիս մնալուց հետո որոշեցի բացահայտել նաև իմ հայկական կողմը: Սա ԱՄՆ-ից դուրս գալու իմ առաջին փորձն էր, դա ձևավորեց ինձ ու պատրաստեց Հայաստան ուղևորությանը: 

2016-ին, երբ Սառան ավարտեց համալսարանի լրագրության բաժինն ու արդեն աշխատում էր տեղական մեդիաներից մեկում, երբեմն գրում էր Ցեղասպանության ճանաչման շարունակական խնդիրների մասին: Հերթական հոդվածը տեսել էին հայ համայնքից ու Սառային հրավիրել Վաշինգտոն հանդիպման: Սառայի ընկերուհին ևս պետք է մեկներ, սակայն վերջին պահին հիվանդացավ: 

– Ես պիտի որոշեի՝ գնո՞ւմ եմ առանց նրա, թե՞ չէ, ու այդ որոշումը ճակատագրական դարձավ: Վաշինգտոնում բոլորն անծանոթ էին, շատ անհարմար էի զգում ինձ, սակայն հենց այդտեղ ապրեցի հայկական ջերմության առաջին փորձը. մի մարդ մոտեցավ, նկատեց, որ նորեկ եմ, լավ շփվեցինք իրար հետ: 

Սառան իմացավ «Դեպի Հայք» ծրագրի մասին, որը հնարավորություն է տալիս արտերկրում ապրող հայերին գալ, կամավորություն անել Հայաստանում և ծանոթանալ երկրին, մշակույթին: 2018 թվականի մայիսին Սառան եկավ Հայաստան: Կեսգիշեր էր, տաքսու վարորդը զարտուղի ճանապարհներով տեղ հասցրեց, ամեն բան նոր էր ու անսովոր: Առաջին մեկ շաբաթը մնաց Երևանում՝ հյուրընկալ ընտանիքի հետ: 

– Մամայիս պատմում էի շուկայի, հրապարակի, տուֆի, պուլպուլակների մասին, նշում էի, թե Արարատը ինչքան սիրուն էր Կասկադից: 

Երբ արդեն պետք էր ընտրել կամավորություն անելու վայրը, «Դեպի Հայք» կազմակերպության նախագահն ասաց. 

– Ուզո՞ւմ ես իրական Հայաստանը տեսնել, դո՛ւրս արի Երևանից: 

Ու այդպես Սառան հայտնվեց Գյումրիում, որտեղ ժպտացող մարդկանց մի քիչ թարս էին նայում: Սառան սիրում է ժպտալ, բարևել մարդկանց, ինչն ընդունելի է ԱՄՆ-ում, բայց ոչ հասկանալի Գյումրիում: Նա նաև վազորդ է, ու քաղաքը, տարածքը ճանաչելու լավագույն ձևն իր համար վազելն է: 

– Կանայք ինձ թարս էին նայում՝ այս աղջիկն ի՞նչ է ուզում, տղամարդիկ մտածում էին՝ սիրահետում եմ իրենց: Հիմա չեմ ժպտում, ու դա ցավալի է, որովհետև դա իմ ոճը չէ, իմ բնական վիճակը չէ: Մարդկանց համար նաև տարօրինակ էր իմ վազելը, հետևում էին մեքենայով, գոռում էին, բայց դա զուտ մշակութային տարբերությունների հարց է, մի նոր բան, որին պիտի հարմարվես: 

Սառան ասում է, որ դուրս եկավ ԱՄՆ-ից, որովհետև անհարմար վիճակ էր փնտրում, չէր ուզում հարմար տեղում ապրել, որտեղ ամեն ինչ կար: Բարդ էր, ինչ խոսք, հիմա ևս հեշտ չէ, բայց երբ զայրույթի պահ է լինում, խոր շնչում է ու արտահայտվում, չի թաքցնում: Վերջերս, օրինակ՝ Սևանում աֆրիկացի սևամորթ ընկերուհու հետ ուզում էին նկարվել միայն մաշկի գույնի համար: Չի լռել, սաստել է, բացատրել, որ կոպիտ հարց է, չի կարելի նման բան անել: 

«Էմիլի Արեգակ» կենտրոնում, որտեղ կամավորում էր Սառան, իսկ հիմա արդեն հաղորդակցության մասնագետն է, ստեղծում էր անգլերեն բովանդակություն: Յուրատեսակ փորձառություն էր նրա համար, բայց պարզվեց, որ սա ևս պատահական չէր: Սառան այս պատմությունը պատմելիս ասաց. 

– Ճակատագրից չես փախչի: 

Նրա հոդվածը, որ պատմում է իր երբևէ չտեսած, չհանդիպած պապի մասին, կհուշի, թե ինչ ի նկատի ունի: 

Մեկ տարի Հայաստանում մնալուց հետո Սառան գնաց ԱՄՆ՝ մասնակցելու ընկերուհու հարսանիքին ու կողմնորոշվելու՝ ուզո՞ւմ է մնալ Հայաստանում, թե՞ ոչ: Չնայած բոլոր իրերը թողել ու համոզված էր, որ հետ է գալու: 

– Մտածեցի՝ ես ավելի շատ կփոշմանեմ, եթե Հայաստան չվերադառնամ, քան եթե մնամ ԱՄՆ-ում: Երբ հետ եկա, մի օր մամայիս հետ էի խոսում, երբ ասաց, որ Կարապետ Մուշոյանը՝ իմ հայ պապիկը, նախագահ Էյզենհաուերի ղեկավարման տարիներին աշխատել է մի ծրագրում, որի ընթացքում համագործակցել է հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ, օգնել իրազեկել հասարակությանը: Նա իր կատարած աշխատանքի ու նվիրման համար մրցանակների է արժանացել: Հիմա, երբ ինքն է աշխատում հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ, հասկանում է, որ պապիկը մի տեսակ կանխորոշել էր ամեն ինչ, ու «ճակատագրից չես փախչի»: 

Երբ կամավորության մեկ տարին մոտենում էր ավարտին, Սառային առաջարկեցին մնալ ու հաստատվել հայրաքաղաքում, որտեղ արդեն բնակարան է գնել:

– 2022 թվականի մի առավոտ ես արթանացա ու վճռական մի որոշում կայացրի՝ բնակարան գնել Գյումրիում: Ինչո՞ւ, որովհետև ես սիրում եմ այս երկիրը: Ես չգիտեմ՝ ի՛նչ է սպասվում ապագայում, բայց գիտեմ, թե ո՛ւմ ձեռքում է այդ ապագան: Ու ես ուզում եմ լինել այս հողում, այս մարդկանց հետ: 

Ի դեպ, Գյումրիում նա երբեմն բարբառով է խոսում.

– Ի՞նչըխ ես, կռնամ՝ նման կարճ բառակապակցություններ: 

Սառան տանը չի մնում, անդադար շարժման մեջ է՝ արշավների է գնում, սիրում է պարապլանով թռչել, հիմնել է իր բարեգործական կազմակերպությունը, Երևան է գալիս մեկ այլ աշխատանքի համար ու այսպես շարունակ: Նա ժամանակ չունի պատրաստելու, ու այդ հարցում օգնության է հասնում երթուղայինում՝ մարշրուտկայում պատահաբար հանդիպած իր գյումրեցի մայրիկը՝ տիկին Ռայան: 

– Երբ նոր էի եկել Գյումրի, մի օր մարշրուտկա նստեցի: Զանգ եկավ, ու սկսեցի անգլերեն խոսել: Երբ վերջացրի, մի կին սկսեց թեև դժվարությամբ, բայց անգլերեն հաղորդակցվել հետս: Միայն Հայաստանում կարող է պատահել, որ երթուղայինում նստած մարդը հարազատ դառնա: Նա ինձ իր աղջկան էր նմանեցրել, որը մահացել էր երկրաշարժի ժամանակ: 

Ծանոթացան, սկսեցին շփվել, Սառան գնաց նրա տուն, հանդիպեց ընտանիքի մյուս անդամներին: Տիկին Ռայան բարեկեցիկ պայմաններում չի ապրում, բայց դա չի խանգարում սրտացավ լինել ու Սառայի համար կերակուր պատրաստել, Սառան էլ իր հերթին օգնում է ինչով կարողանում է: 

Կան ուտելիքներ, որ շատ է սիրում, բայց չգիտի անգամ, թե ինչպես են պատրաստում: Ընկույզի մուրաբան, որ պատրաստում է տիկին Ռայան, Սառայի ձմեռային տաք երեկոների անբաժան մասն են, իսկ նրա պատրաստած կերակուրները՝ իսկական փրկություն ժամանակ չունեցող մարդու համար: Ինքն էլ փորձում է Ռայային օգնել, ու վերջերս ընկերուհու հետ վճարել են թոռնիկի ուսման վարձը: 

Գյումրին քաղաք է, որտեղ քեզ մենակ չեն թողնի՝ Սառան իր փորձից գիտի, չնայած ասում է, որ վաստակել է այդ ամենը: Վաշինգտոնում շատ էր կենտրոնացած աշխատանքի վրա, իսկ Գյումրին իրեն սովորեցրել է կենտրոնանալ մարդկանց վրա, գնահատել ամեն ինչ: Մարդիկ չգիտեն՝ ինչ կլինի, ներկան փխրուն է Հայաստանում: 

– ԱՄՆ-ում երբեք չեմ մտածել, որ երբ զավակ ես ունենում, առաջին հերթին գիտակցում ես, որ 18 տարի անց բանակ է գնալու: Դա շատ նոր էր ինձ համար: Ես շատ եմ հարգում հայերին, լիքը բան եմ իրենցից սովորել: Իմ կողմից էլ փորձել եմ ցույց տալ, թե ինչպես կարելի է սիրահարվել Հայաստանին: 

Երբ ավարտում էինք զրույցը, Սառան ասաց, որ 2019 թվականին ծնողները Հայաստան են եկել առաջին անգամ քրոջ հետ, վերջերս էլ եկել են և գրեթե երեք ամիս կամավորություն արել Հայաստանում: Մայրը անգլերեն էր սովորեցնում, հայրը խորհրդատվություններով էր զբաղվում: Հայրը 68 տարեկան է ու շարունակում է հավատալ, որ առանց գումարի, անշահախնդիր նվիրումը մեզ ավելի լավն է դարձնում: 

Հայաստանի ամեն անկյուն ջերմեռանդորեն բացահայտելով՝ նա բոլորին ցույց է տալիս, թե ինչքան սիրուն է Հայաստանը, ու ինչքան սիրուն կարելի է սիրել Հայաստանը: Իսկ երբ սիրում ես երկիրդ, ամեն գնով ուզում ես պաշտպանել այն: 

Կուշանե Չոբանյան

MediaLab.am