Համերի հիշողություն. Անահիտը 

«Համերի հիշողություն» շարքը մարդկանց սննդային հիշողությունները վերականգնելու փորձ է: Այս շարքում համը դառնում է մարդու պատումը բացահայտելու և նրա հիշողության շերտերը թարմացնելու միջոց:

Հրապարակախոս Անահիտ Գաբրիելյանը ծնվել է Նախիջևանիկ գյուղում, որի անունը, ըստ վարկածներից մեկի, դրել է Մխիթար Սպարապետը, երբ ասել է՝ «նախ իջևանենք, հետո ճանապարհը շարունակենք»: Գրողն իր կյանքի ընթացքում մի քանի պատերազմ է տեսել, Շուշիում թողել է տունուտեղը, ապրուստը, որ միայնակ՝ երեք երեխաների հետ, դժվարությամբ էր ստեղծել և հիմա ապրում է Երևանում: 

Ինչպես Անահիտն է պատմում, իր ծննդյան ժամանակ գյուղը ենթարկվում էր Բաքվին, և երբ հայրը՝ Անդրանիկը, ցանկացել է մեծ աղջկան կոչել Անահիտ, պարզվել է, որ ցուցակում այդ անունը չկա, և ծննդյան վկայականում գրվել է՝ Անաիդա: Հրապարակախոսն ասում է, որ իր համար անձնագրային անունը խորթ է, քանի որ անգամ դպրոցական մատյանում էր Անահիտ գրվում, և միայն ավարտական վկայական ստանալու պահին են շատերն իմացել իր իսկական անունը: 

«Թուրքերը դեմ էին, որ մարդիկ հայկական անուններ դնեին, դրա համար էլ ըստ ցանկի էին առաջնորդվում, բայց միևնույն է, ինձ Անահիտ են կոչում մինչև հիմա»: 

Արևիկի և Անդրանիկի ընտանիքում, բացի Անահիտից, ևս հինգ երեխաներ էին մեծանում: Պապը կառուցել էր փայտաշեն տունն ու մահացել, և աղջկա ծնողները, թեև չէին կարողանում իրենց ճոխություններ թույլ տալ, բայց կենդանիներ ունեին, բանջարանոց և հոգում էին մեծ ընտանիքի կարիքները: 

Բարիշկա տատը, որ ապրում էր հարևան գյուղում, շատ դժվար կյանք էր տեսել և ստիպված էր վաղ տարիքում իրենից փոքր երեխաների հոգսը հոգալ, որովհետև առանց ծնողների էին մնացել: Երբ արդեն սկսել էր շունչ քաշել, սննդային թունավորումից մահացել էին տղան՝ Անահիտի մորեղբայրը, կինը և աղջիկը: 

«Կարինեն՝ քեռուս աղջիկը, իմ դասընկերուհին էր: Մենք յոթ տարի միասին ենք սովորել, կողք կողքի, ու երբ նա մահացավ, ես մնացած երեք տարին բառիս ուղիղ իմաստով մնացի միայնակության զգացումով ծանրացած: Ոչինչ և ոչ ոք չէր կարողանում լցնել նրա թողած դատարկությունը: Միայն հիմա, երբ արդեն թոռներ ունեմ, հասկանում եմ, որ նրանցով է լցվել այդ տեղը»: 

Ինքն ու Կարինեն մտերիմ էին ոչ դասընկերներ լինելու ու ոչ էլ ազգակցական կապի պարտադրանքով, այլ որովհետև սիրում էին միմյանց ու վստահում: 

Հիշում է, որ գունավոր կարպետը տան երկրորդ հարկից կախում էին ու առատ ձյունը լցվում էր գորգի վրա՝ մաքրելով այն: Երկու աղջիկները կանգնում էին բակում ու նայում կայծկլտացող ձյան պարին: 

Շուտով խորովածի բույրն ընկնում էր ողջ գյուղամեջով մեկ, որտեղ էլ գտնվում էր իրենց տունը: 

Հայրը, որ գյուղի էլեկտրիկն էր, սկսում էր անցնող-դարձողներին կանչել՝ եկ: 

Մարդիկ ապրում էին մի ժամանակաշրջանում, որտեղ բոլոր անծանոթները կարող էին համախմբվել ուտելիքի սեղանի շուրջ ու արագ մտերմանալ: 

Ոչ ոք Անդրանիկի հացը չէր մերժում՝ թեկուզ կուշտ կերած լինեին մինչև այդ: Սեղանները չէին հերիքում հյուրերին, ու հաճախ երեխաների համար առանձին սեղան էին գցում, նստում ծաղկաշատ բակում և խոսք ու զրույց անում սննդի շուրջ: 

Անահիտի եղբոր կինը փախլավա ու մեղրով տորթ էր պատրաստում այնքան շատ, որ կարողանար բոլորի համար բաժին հանել: 

«Մորեղբորս երեք զավակները, որոնց հաջողվել էր փրկել թունավորումից, մնացել էին տատիս խնամակալության տակ: Ես հիշում եմ, որ նա հաճախ էր կրկնում՝ այս փոքրին էլ ամուսնացնեմ ու մեռնեմ, որ հանգստանամ: Երբ մի օր մորս տեղեկացրին, որ մի լավ աղջիկ են գտել, ու զարմիկս ամուսնանում է, տատս եկավ մեր տուն, մի քիչ նստեց ու գնաց: Մեկ շաբաթ անց մահացավ»: 

Գյուղի կյանքը հեշտ չէ, և երեխաները, որոնք մեծանում են այնտեղ, չեն կարող անվրդով, հանգիստ նստել. ամեն մեկն իր գործն ունի: Դեռ փոքր էին, բայց գառների հոտը տանում էին արածեցնելու, հետո ծնողները կովեր առան, ու մայրը տասնութ կով էր միանգամից կթում, պանիր սարքում, որ թոնրի մեջ թխվող հացի հետ դառնում էր մի անմահական, չմոռացվող համ: 

Անահիտը հիշում է, որ իրենց տան կողքին ապրում էին երեք ծեր կանայք, որոնց իրենք չարաճճիորեն կոչել էին չվող թռչուններ: Ձմեռները գնում էին քաղաք իրենց երեխաների մոտ, ամառները՝ գալիս: Այդ երեք տատիկները՝ բիբին (մորաքույր) և բաբոները, իրենց տան ամենօրյա հյուրերն էին, որ այնքան էին կռացել ժամանակի թե ժամանակի դաժանության պատճառով, որ աթոռի վրա նստել չէին կարողանում. գետնին էին հարմարվում: 

«Մի օր Աստղիկ բաբոն եկավ, մորս թե՝ առ էս 20 կոպեկը, մի լիտր կաթ տուր: Կաթն ավելին արժեր, բայց մայրս ոչ միայն տարան լցրեց առատ կաթով, այլև տվեց մի քանի կտոր պանիր, երկու կտոր եփած միս, մածուն ու դուրս գնալիս ասաց՝ հանդ եմ գնում, կհանգստանաս, հետո չմոռանաս դրածս հետդ վերցնել»: 

Երբ Անահիտը մորն ակնարկել էր, թե էլ ինչու 20 կոպեկը վերցրեց, մայրն ասել էր՝ կին է, թող մտածի, որ առևտուր է արել ու իրեն լավ զգա: 

Մայրը սիրում էր տալ անմնացորդ ու իր անվան իսկական տերն էր՝ սիրված գյուղացիների կողմից: Նա հոգեպահուստ ունեցող կին էր ու անգամ ամենավատ տարիներին, երբ արդեն երեխաներն ամուսնացած էին ու գնում էին հյուր, գիտեին, որ մոր դարակներում ոչ միայն պահածոների, թթուների տեսականի կա, այլ նաև՝ յուրատեսակ թեյերի ու վաֆլիների, որ, Անահիտի պատմելով՝ այնքան շատ էր, որ կարելի էր մի քառասուն մարդու թեյի հրավիրել: Մայրն արդեն ութսունն անց կին է, բայց ժրաջանությունը միայն տեղահանումից հետո է պակասել: Մինչև այդ հեկտարներով հող էր մշակում ու ա՜խ չէր քաշում: 

Հիշում է, որ քաղաքից հյուր էին գնում ու տեսնում, որ մայրը մեծ կաթսայով տոլմա է պատրաստում, մեկ այլ կաթսայի մեջ միս է եփում, որովհետև գիտեր, որ երեխաները թոռների հետ էին գնալու, պիտի բոլորին բավականացներ: 

«Երբ արդեն ամուսնացանք, երեխաներ ունեցանք, մորս հյուր գնալուց հետո աղջիկներով-հարսներով սպասքը լվանում էինք, տունը մաքրում, ասել-խոսելով, առանց մի թթու խոսքի ամեն բան անում: Մեր տնից բարձր, զրնգուն երգերի ձայներ էին լսվում, որ կխլացնեին ամեն կրակոցի ձայն»:

 Նրանց տունը սիրով էր առատ, ու այդ սերը կենցաղի մեջ չէր սպանվում: 

Մայրը ժենգյալով հացի վարպետ էր ու թխում էր հնարավորինս մեծ՝ այնքան, ասես լավաշ լիներ: Մի տարի գյուղում նույնիսկ ժենգյալով հացի մրցույթ էին կազմակերպել, մայրը հաղթող էր ճանաչվել ոչ միայն անկրկնելի համի շնորհիվ, այլև՝ մեծության: Նրա պատրաստած ժենգյալով հացը 1 մետր 9 սանտիմետր երկարություն ուներ: 

«Բաքվում բարեկամի տանն էի մնում, ու երբ մայրս եկողի հետ գյուղի բարիքներ էր ուղարկում, ժենգյալով հացը փաթաթած էր «Խորհրդային Ղարաբաղ» թերթի մեջ: Ձեթոտ թերթը ափով հարթեցնում ու մինչև ծայրից ծայր չէի ընթերցում՝ ներառյալ ցավակցության հայտարարությունները, չէի հանգստանում։ Այդ ձեթոտ թերթերի բույրը մինչև հիմա իմ ուսանողական տարիների կարոտն է հետ բերում որպես երջանիկ հիշողություն»։

Երբ 1992 թվականի ամռանը ադրբեջանցիները թիրախավորել էին Նախիջևանիկը (գյուղը շատ մոտ է Աղդամին), Անահիտն ու քույրը տան շուշաբանդն էին մաքրում: Ապակիները լվանալու պահին էր, որ մայրն ասաց, թե կրակում են, իզուր են չարչարվում, որովհետև կարող է տուն էլ չթողնեն: 

Քույրերը, սակայն, համառորեն մաքրեցին ապակեպատ պատշգամբը: Իսկ թուրքերը չխնայեցին այն, ու երբ կրակոցներից հետո հորեղբոր տան նկուղից դուրս եկան, մայրը նստեց, ապակու կտորները հավաքեց ու սկսեց լաց լինել՝ քոռանամ ես, ասում էի, որ իզուր եք մաքրում: 1992 թվականին ադրբեջանցիները վերցրին գյուղը, սակայն ամիսներ անց՝ սեպտեմբերին, այն ազատագրվեց հայկական ուժերի կողմից:

Անահիտը, որ սովորել է Բաքվում, քսանութ տարի աշխատել է Շուշիի քաղաքապետարանում, գրել է չորս գիրք, իր կյանքի ընթացքում կորցրել է տուն-տեղ, կորցրել է նաև լիքը հույզեր, որոնք այդպես էլ չապրված են մնացել: Հիմա էլ խնդիրները քիչ չեն, բայց ինչպես ինքն է ասում՝ նպատակը մարդուն օգնում է ապրել, իսկ ինքն ունի ապրելու ցանկություն, ուրեմն պետք է նպատակ սահմանել: 

Կուշանե Չոբանյան

MediaLab.am