Կառավարությունը կփոխհատուցի Ջերմուկի տնտեսավարողների սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների էլեկտրաէներգիայի և գազի ծախսերը

Կառավարությունը միանվագ աջակցություն կտրամադրի Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2022 թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ կացության կազմակերպում իրականացնող տնտեսավարողներին՝ 2022 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների էլեկտրաէներգիայի և գազի ծախսի հանրագումարի 100 տոկոսի չափով։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ 2022 թվականի սեպտեմբեր ամսին տեղի ունեցած ռազմական գործողությունները մեծ ազդեցություն են ունեցել Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում հյուրանոցային և հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսավարողների գործունեության վրա։

«Առաջին հերթին, ռազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված, հյուրանոցներն ու հյուրատները մինչև 2 ամսով դադարեցրել էին իրենց գործունեությունը՝ չընդունելով զբոսաշրջիկների։ Այս համատեքստում անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն փաստը, որ չնայած արդեն հոկտեմբերի 2-րդ կեսից և նոյեմբերի սկզբից հյուրատների և հյուրանոցների կողմից գործունեության վերականգնման, զբոսաշրջիկների համար՝ մի շարք հոգեբանական գործոնների ազդեցությամբ, Ջերմուկ համայնքը շարունակում էր մնալ ոչ գրավիչ և վտանգավոր վայր՝ հանգիստը կազմակերպելու տեսանկյունից։Նշված գործոնների ազդեցությամբ, համաձայն Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած տեղեկատվության՝ մոտ 3 անգամ նվազել է Ջերմուկ համայնքում հյուրանոցային, հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսավարողների իրացման շրջանառությունը։

Առկա առաջարկը պահանջարկի հետ հավասարակշռելու նպատակով հյուրանոցների և հյուրատների մեծ մասը ընդհուպ մինչև 2 անգամ նվազեցրել էր նախկինում գործող ծառայությունների արժեքը։ Ծառայությունների գնի նվազեցումը՝ տնտեսավարողների կողմից առավել մեծ շահույթ ստանալու նպատակով կարող է հանգեցնել նաև ծառայությունների ինքնարժեքի նվազեցմանը ուղղված քայլերի, այս համատեքստում, որպես առաջնային ուղղություն դիտարկելով կոմունալ ծախսերի նվազեցումը՝ գազի և լույսի օգտագործման տնտեսմամբ։ Արդյունքում կարող է էապես տուժել տնտեսավարողների կողմից մատուցվող ծառայությունների որակը»,- նշված է նախագծում։

Այս իրավիճակում անհրաժեշտություն է առաջացել որոշակի չափով նվազեցնել նշված կազմակերպությունների ֆինանսական բեռը, ինչպես նաև նպաստել մատուցվող ծառայությունների որակի պահպանմանը։